
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հավանություն է տվել Եգիպտոսին 2,5 միլիարդ դոլարի զենքի վաճառքին

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հունվարի 25-ին հայտարարել է, որ հավանություն է տվել Եգիպտոսին 2,5 միլիարդ դոլար գումարի զենք վաճառելուն: Այդ մասին հաղորդում է ԱՄՆ-ի պաշտպանական համագործակցության գործակալությունը:
Պետական դեպարտամենտը հավանություն է տվել Եգիպտոսի կառավարությանը 2,2 միլիարդ դոլարի C-130J-30 Super Hercules 12 ինքնաթիռներ եւ դրանց օժանդակ սարքավորումների վաճառքին, ինչպես նաեւ 355 միլիոն դոլարով վերգետնյա բազավորման SPS-48 հակաօդային պաշտպանության երեք ռադարների վաճառքին:
«Առաջարկվող վաճառքը կաջակցի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը եւ ազգային անվտանգությանը՝ օգնելով բարձրացնել ՆԱՏՕ-ի մեջ չմտնող խոշոր դաշնակցի անվտանգությունը, որը շարունակում է կարեւոր ռազմավարական գործընկեր մնալ Մերձավոր Արեւելքում»,-ասվում է գործակալության մամուլի տեղեկագրում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: