Չեմ կարծում, որ այս փուլում կարելի է խոսել զորքեր մտցնելու և Հայաստանին աջակցության մասին. Բորդյուժա

«Սահմանի դելիմիտացիայի-դեմարկացիայի հարցով պետք է շատ լուրջ զբաղվել»,- այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջի ընթացքում ասաց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Եվրասիական տեղեկատվական-վերլուծական կոնսորցիումի համակարգող խորհրդի նախագահ Նիկոլայ Բորդյուժան:

Պատասխանելով Երևանից բարձրացված հարցին, թե հայ-ադրբեջանական սահմանին ժամանակ առ ժամանակ գրանցվում են ռազմական բախումներ, մարդիկ են մահանում, Հայաստանը կարո՞ղ է հույսեր կապել, որ ՀԱՊԿ-ն օպերատիվ կերպով կմիջամտի, ինչպիսին տեսանք ղազախստանյան դեպքերի ժամանակ, Բորդյուժան ասաց, որ խորապես գիտի այդ խնդիրը, ժամանակին շատ է զբաղվել Ղարաբաղի և դրա հետ կապված հարցերով:

Նա հստակեցրեց, որ այսօր չէր խոսի այնպիսի արձագանքի մասին, ինչպիսին, օրինակ, Ղազախստանի դեպքում ՀԱՊԿ արձագանքն էր:

«Ես այսօր կխոսեի Հայաստանին և Ադրբեջանին ճանաչված սահմանների հաստատման գործընթացին աջակցություն ցուցաբերելու մասին, իսկ դա նշանակում է համատեղ խմբերի ձևավորում, արխիվներից նյութերի ձեռքբերում, այդ թվում՝ ՌԴ-ի արխիվներից, տարբեր թվականների քարտեզներ, և դուրս գալ փոխընդունելի լուծման սահմանի հարցով: Այստեղ խոսքն առաջին հերթին սահմանի դելիմիտացիայի մասին է, որը միանգամից կբացառեր ռազմական կոնֆլիկտները, փոխհրաձգությունները և այլն, ու դրան հետևող սահմանի դեմարկացիան: Այս ամենը մենք անցել ենք, և ամեն անգամ Դուք հիշում եք, որ այդ խմբերը սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցով ՌԴ սահմանապահ ծառայություններին կից ստեղծվել են Չինաստանի, Ղազախստանի, այլ երկրների հետ, որտեղ ևս եղել են վիճահարույց տարածքներ, որտեղ ևս կար որոշակի կրքերի լարում, և ամեն դեպքում դիվանագիտական ռեժիմում գտնվել են փոխընդունելի լուծումներ:

Եթե հիշում եք, ապա Չինաստանը հետ գնաց Դամանսկի կղզուց, մենք գտանք փոխընդունելի լուծումներ և լուծեցինք խնդիրների այդ հանգույցը, դրանով իսկ բացառեցինք ռազմական էքսցեսների հնարավորությունը: Սրանով էլ պետք է զբաղվել: Զբաղվել շատ լուրջ»,- նման կարծիք հայտնեց Բորդյուժան:

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՌԴ-ն առաջարկել է իր միջնորդական և ոչ միայն միջնորդական ծառայությունները, այդ թվում` պատմական նյութերի, ՌԴ ՊՆ արխիվից քարտեզների տրամադրում, որը կարող է դառնալ սահմանազատման հայ-ադրբեջանական համատեղ խմբի աշխատանքի հիմքը:

«Ես չեմ կարծում, որ այս փուլում կարելի է խոսել կամ մշակել հարցեր` կապված զորքեր մտցնելու և Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին: Կարծում եմ, որ այն, ինչ այսօր արվել է, այդ թվում` ռուս խաղաղապահ օպերացիայի օգտագործումը Ղարաբաղում, դա կայունության երաշխիք է, թեև ոչ առանց էքսցեսների»,- ասաց Բորդյուժան:

Տեսանյութեր

Լրահոս