Ինչո՞ւ Արմեն Սարգսյանը որոշեց «դուռը շրխկացնելով» հեռանալ

Երեկ՝ հունվարի 23-ին, ՀՀ նախագահ Արմեն  Սարգսյանը, ըստ էության, կրկնեց 1997թ. սցենարը՝ Լոնդոնից հրաժարական ներկայացնելով, այս անգամ, արդեն, ՀՀ նախագահի պաշտոնից: Արմեն Սարգսյանն ունի 1 շաբաթ՝ հրաժարականի դիմումը հետ վերցնելու համար: Տարբեր վարկածներ են շրջանառվում, թե ինչու հենց այս փուլում Արմեն Սարգսյանը որոշեց հրաժարական տալ:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ կարող են մի շարք պատճառներ լինել՝ ինչպես ներքին քաղաքական, այնպես էլ՝ արտաքին քաղաքական, դրան գումարած՝ որոշակի բիզնես բաղադրիչ կարող է գոյություն ունենալ:

«Բայց հիմնականում դա պայմանավորված է պարզ պատճառաբանությամբ. Արմեն Սարգսյանը հստակ հասկանում է, որ այս տարի Նիկոլ Փաշինյանը փորձելու է սահմանադրական փոփոխությունների փաթեթը պատրաստել և հանրաքվե անցկացնել: Գաղտնիք չէ, որ նախատեսվում է պառլամենտական կառավարման համակարգից անցում կատարել կիսանախագահական կամ նախագահական համակարգի: Արմեն Սարգսյանի համար պարզ էր, որ ինքն իր կարգավիճակով շատ ժամանակավոր էր՝ մի քանի ամիս հետո այդ կարգավիճակն ամենայն հավանականությամբ չէր ունենալու: Նա որոշեց չսպասել, որ իրեն կարգադրեն կամ խնդրեն, որպեսզի դուրս գա իր պաշտոնից: Նաև որոշեց քաղաքական հայտարարությամբ դուրս գալ, այսինքն՝ այլ կերպ ասած՝ դուռը շրխկացնել, ինչքան հնարավոր է աղմկահարույց հեռանալ: Կարծում եմ, որ հենց դրանով էր պայմանավորված, որ հենց հիմա որոշեց հրաժարական տալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:

Վիգեն Հակոբյանի խոսքով՝ մյուս խնդիրն այն է, որ ոչ պոպուլյար փաստաթղթեր կարող էին վավերացման գնալ, իսկ ժամանակավոր լինելու պարագայում անիմաստ էր այդ պատասխանատվությունը կիսել. «Այլ բան է, երբ դու համակարգում մշտական գործոն ես և դեռ այդ համակարգում աշխատելու ես, այդ համակարգի կարևոր մեխանիզմներից մեկն ես, այլ բան է, երբ դու հստակ գիտես, որ, ինչպես ռուսներն են ասում, «сбитый летчик» ես: Առնվազն այդ երկու գործոնով էր պայմանավորված: Երբ ասում եմ՝ բիզնես շահեր կարող են լինել, ապա ամենայն հավանականությամբ դրանք էլ ժամկետանց են, որովհետև գիտեք, որ Արմեն Սարգսյանը համարվում էր Ամուլսարի պրոյեկտը, այսինքն՝ այդ ամենն իր կուրացիայի տակ էր, բայց այն բանից հետո, երբ Ամուլսարի հանքը տրվեց ռուսներին, դա էլ արդեն ակտուալ չէ: Կամ հետաքրքրություններն են չեզոքացել, կամ էլ իրավիճակն է այնպիսին, որ անիմաստ է ժամանակ ձգել և էլ ավելի պրոբլեմատիկ որոշումներ, վավերացումներ շալակել»:

Ըստ նրա՝ մեծ հաշվով տարբերություն չկա, թե գործող իշխանություններից ով կդառնա հանրապետության նախագահ. «Առավել ևս, հասկանալի է, որ գոնե մինչև սահմանադրական փոփոխությունները և հնարավոր ռեֆերենդումը, որի արդյունքում գուցե կառավարման համակարգ կփոխվի, պարզ է, որ ընտրվելու է մի մարդ, որը քաղաքական մեծամասնությանը հաճո գործիչ է և ամեն ինչ անելու է ավելի հաճույքով և էնտուզիազմով, քան նույն Արմեն Սարգսյանը, որը գոնե փորձում էր արտաքին աշխարհի և ներքին լսարանի համար որոշակի քաղաքական դիմադրություն ցույց տալ»:

Տեսանյութեր

Լրահոս