Ի՞նչ դիտել հանգստյան օրերին. ուղևորություն դեպի «Էնկանտոյի» մոգական աշխարհ
Հրաշագործ Ուոլթ Դիսնեյին թերթի խմբագրությունը հեռացրել է աշխատանքից, պատճառաբանելով, որ նա «չունի երևակայություն և լավ մտքեր»: Դիսնեյի սիրահարներին, վստահաբար, Ուոլթի՝ երևակայության վերաբերյալ կասկածը զայրույթ կառաջացնի, բայց գուցե պետք է շնորհակալություն հայտնել չոր ու ցամաք լրատվության սիրահար խմբագրությանը՝ Միքի Մաուսի հորն աշխատանքից հեռացնելու և մեզ՝ երկրպագուներիս, մի ամբողջ մոգական աշխարհ նվիրելու համար:
Ուոլթ Դինսեյի ստուդիան երկրպագուներին մեծ ժառանգություն է թողելել: Երեխաները, որոնք մեծացել են դիտելով Սպիտակաձյունիկի, Մուլանի և Ռապունցելի մասին պատմող մուլտֆիլմերը, չեն դադարում զարմանալ մուլտարտադրության հսկայի ստեղծագործություններով: «Walt Disney Animation Studios» և «Walt Disney Pictures» ստուդիաները 2021 թվականին հանդիսատեսին ներկայացրեց նոր՝ երաժշտական «Էնկանտո» մուլտֆիլմը, որն անմիջապես դարձավ մուլտերի սիրահար փոքրերի և մեծահասակների ամենասիրելի աշխատանքներից մեկը:
Դիսնեյի 60-րդ ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Կոլումբիայում: Մուլտֆիլմի գլխավոր հերոսուհին Միրաբելն է, ով Մադրիգալների ընտանիքի միակ անդամն է՝ առանց կախադրական զորության: Վերջինս պետք է գտնի իր պարգևը և փրկի ընտանիքն ու տունը, որը կախարդանքի թուլացման պատճառով կանգնած է ոչնչացման եզրին:
Մուլտֆիլմի գլխավոր արժեքը ընտանիքն է: Բոլոր հերոսները անում են իրենցից կախվածը, երբեմն անգամ անձնազոհության գնով, պահպանելու ընտանիքի անդորրը: Շեշտադրվում է նաև յուրաքանչյուրի օժտվածությունը: Մեկը կարողանում է բուժել, մյուսը շատ ուժեղ է: Երրորդը տեսնում է ապագան, իսկ ընտանիքի մեկ այլ անդամ իր բացառիկ լսողության շնորհիվ կարողանում է ճիշտ պահին ճիշտ տեղեկատվություն տալ:
Ավելորդ չէ հիշատաել Կասիտայի մասին: Տուն, որը ստեղծվել է կախարդանքով և որի կենդանի էակ է՝ բաբախող սրտով: Իսկ բաբախող սիրտն այդ չմարվող մոմ է, որի հանգչելուն պես Կասիտան, տունը, որը ընտանիքի անդամ է, ամբողջովին կփլուզվի:
Վառ դիզայնով, տունը, այնուամենայնիվ, ունի իր գաղտնիքները և մութ կողմերը: Կա հավանականություն, որ դա կապված է Ուոլթ Դիսյնեի ընտանիքում տեղի ունեցած ողբերգական պատմության հետ: «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմի հաջողությունից հետո Ուոլթը ծնողների համար տուն է գնում:
Այնտեղ ապրելուց շատ չանցած, սակայն, նրա ծնողները դժգոհեցին, որ վառարանը արտահոսում է։ Ուոլթը վստահեցրեց ծնողներին, որ կսարքի վառարանը, բայց նրա ջանքերը, ցավոք, անհաջող էին: Վառարանը շարունակում էր արտահոսել, և մի քանի օր անց տնային տնտեսուհին գտնում է Դիսնեյի ծնողներին: Հայրն անգիտակից էր, իսկ մայրը մահացել էր։
Այս կոնտեքստում Կասիտայի կարևորությունը մեծանում է: Եվ ավելի հետաքրքիր է դառնում Բրունոյի կերպարը: Ուոլթ Դիսնեյն իրեն մեղավոր է զգում մոր մահվան համար և լուռ կրում է ցավն իր մեջ, ինչպես Բրունոն է իրեն մեղավոր զգում տան կայունության խարխլման համար և հանուն ընտանիքի ապահովության՝ ինքն իրեն հեռացնում է նրանցից:
Միրաբելի արկածները զարմանահրաշ են: Նա անցնում է բազմաթիվ փորձությունների միջով և վերջում դիսնեյան ոճով՝ պատվով և հաղթանակած դուրս է գալիս իր առջև դրված առաքելությունից:
«Էնկանտոյի» պրեմիերան տեղի է ունեցել Լոս Անջելեսի Էլ Կապիտան կինոթատրոնում 2021 թվականի նոյեմբերի 3-ին և ԱՄՆ-ի կինոթատրոններում ցուցադրվել է 2021 թվականի նոյեմբերի 24-ին՝ RealD 3D և Dolby 3D ձևաչափերով:
Rotten Tomatoes-ի ագրեգատոր կայքում ֆիլմն ունի 91% հավանության վարկանիշ՝ 7,60/10 միջին գնահատականով՝ հիմնված 93 ակնարկների վրա։ Կայքի քննադատական կոնսենսուսում ասվում է. «Էնկանտո-ի միջավայրը և մշակութային հեռանկարը նորություն են Դիսնեյի համար, բայց վերջնական արդյունքը նույնն է՝ կախարդիչ, գեղեցիկ անիմացիոն ժամանց ամբողջ ընտանիքի համար»։ Metacritic-ում ֆիլմը 30 քննադատական ակնարկների հիման վրա հավաքել է 76 միավոր 100-ից, ինչը ցույց է տալիս ընդհանուր դրական արձագանքը։
Վերջերս տեղի ունեցած «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունում «Էնկանտով» հաղթեց «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում: Կան «Օսկար» մրցանակաբաշխությունում նույն հաջողությունը գրանցելու բոլոր շանսերը:
Հեղինակ՝ Անի Գաբուզյան