Կառավարությունը չի հաստատում մեր հաստիքացուցակները, պաշտոնների անվանացանկերը, և մեկ տարուց ավելի մենք աշխատակազմում լուրջ ճգնաժամի մեջ ենք․ Արման Թաթոյան

Լրագրողները ՄԻՊ–ի ռազմավարական գործընկերներ են, առաջիկայում արտահերթ զեկույց կհրապարակենք՝ կապված լրագրողների աշխատանքի հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով իշխանության կողմից լրագրողների նկատմամբ վերաբերմունքին, որակումներին։

Նա նշեց, որ լրագրողական հասարակական կազմակերպությունների տարածած հայտարարության հետ համակարծիք են։ «Ես ուզում եմ բոլոր պաշտոնատար անձանց զգուշացնել, որ լրագրողների աշխատանքի հետ կապված ընդհանրական որակումները ոչ միայն լրագրողի աշխատանքի նկատմամբ մեծացնում են կարծրատիպերը, այլ նաև ժողովրդագրական, մարդու իրավունքների համակարգի համար են վնասակար։ Սա պետք է բոլորը նկատի ունենան»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է իր՝ Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ ժողովրդավարության և մարդու իրավունքների գրասենյակ դիմելուն, նա ասաց, որ դիմել է, քանի որ ներպետական միջոցները սպառվել էին։

«Կառավարությունը չի հաստատում մեր հաստիքացուցակները, պաշտոնների անվանացանկերը, որը մեզ հնարավորություն կտար աշխատակազմում փոփոխություններ կատարել։ Այս պատճառով մեկ տարուց ավելի մենք աշխատակազմում լուրջ ճգնաժամի մեջ ենք»,–ասաց նա և նշեց, որ գործ ունեին բյուրոկրատական քաշքշուկների հետ։

Արման Թաթոյանը հայտնեց, որ Վենետիկի հանձնաժողովն արձանագրեց, որ սա անթույլատրելի վիճակ է, որ կան հակասահմանադրական ակտեր, և Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող կախվածության մեջ ընկնել գործադիր իշխանությունից։

Նա նշեց, որ թեև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հետ քննարկել են հարցը, բայց գլոբալ ոչինչ չի փոխվել, մինչ հիմա շարունակվում է անորոշ վիճակը, և մեկ տարուց ավելի ինքը չի կարողանում նույնիսկ կառուցվածքային փոփոխություններ անել։

Տեսանյութեր

Լրահոս