Ինչ-որ պահի նաև չզարմանաք, որ կարող է հենց այս ամբիոնից հայտարարվել՝ ես չեմ լիազորել Ռուբեն Ռուբինյանին․ Արթուր Ղազինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն այսօր ԱԺ նիստում փորձեց  ելույթով պատասխանել հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ ընդդիմության բարձրաձայնած հարցերին ու մտահոգություններին։ Ի դեպ, պատգամավորը այդ մտահոգությունները դիտարկեց՝ որպես արշավ Թուրքիայի հետ երկխոսության գործընթացում Հայաստանի ներկայացուցչի դեմ, ասել է թե՝ արշավ ՀՀ դեմ, ապա այս առնչությամբ հարցադրումներ հնչեցրեց ու հենց ինքն էլ պատասխանեց․ «Ո՞ւմ է ձեռք տալիս արշավ սկսել ՀՀ-ի դեմ․ Էլ ո՞ւմ՝ բացի թուրքական ազդեցության գործակալներից, կամ այլ օտարերկրյա ազդեցությունների  գործակալներից։ Ո՞ւմ էր ձեռք տալիս, օրինակ,  ամեն ինչ անել, որ պատերազմի օրերին տանկերը շրջվեն դեպի Երևան․  էլ ո՞ւմ՝ բացի ադրբեջանական կամ թուրքական ազդեցության գործակալներից։ Ո՞ւմ էր ձեռք տալիս պատերազմից հետո ավերել պետական կառույցները, շենքերը․ էլ ո՞ւմ՝ բացի թուրք-ադրբեջանական գործակալներից։ Ո՞ւմ էր ձեռք տալիս ԳՇ զինվորականներին հանել պետության դեմ․ էլ ո՞ւմ՝ բացի թուրքական ազդեցության գործակալներից»։

Հարցուպատասխան մոնոլոգից հետո Արթուր Հովհաննիսյանը նայեց ընդդիմության շարքերի ուղղությամբ՝ հարցով․ «Կարո՞ղ է՝ դուք օտարերկրյա ազդեցության գործակալներ եք»։ Իշխանական պատգամավորը հորդորեց հիմնավորապես պատասխանել այդ հարցին՝ նկատելով, որ բնակչության մեծամասնության մոտ հիմնավոր կասկած կա։ Հավելենք, Արթուր Հովհաննիսյանը չներկայացրեց սոցիոլոգիական այն հարցումը, որը կհավաստեր պնդումը, թե բնակչության մեծամասնության մոտ է եղել այդ կասկածը։

Հաջորդիվ, «ազդեցության» գործակալների թեմային անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ հույս ունենալով, որ վերջնականապես կպարզաբանվի, թե ովքեր են այդ գործակալները։ Այս համատեքստում պատգամավորն իր ելույթի նախաբանում նախ ներկայացրեց, թե որն է «ազդեցության գործակալների» բնորոշումը։

«Դրանք կոնկրետ շահին ծառայող հանրային գործիչներն են, որոնք ունեն ճանաչելիություն, որոնց լսում են, որոնց ընթերցում են, նրանց վարքաբանությունը, տարածած նարատիվները, ընտրված թիրախները, օգտագործած բառամթերքը ծառայո՞ւմ է արդյոք տվյալ պետության ազգային պետական շահին, թե՞ ծառայում է օտար պետության շահին։

Ինչպես էլ որ պտտեցնենք, ի վերջո, առանցքը մնում է հայկական շահը․ արդյո՞ք հայկական շահին են ծառայում հանրային գործիչները, թե՞ ոչ։ Օրինակ, եթե ընդդիմության համար Արցախը, Ցեղասպանության միջազգային ճանաչումը հայկական շահի ամենակարևոր հենասյուներից են, Թուրքիայի հետ զգուշավոր, զուսպ  հարաբերությունները և Թուրքիան որպես բարեկամ չընկալելու կոնտեքստը ևս հանդիսանում է հայկական շահի հիմնարար սկզբունքներից մեկը, ապա իշխանության համար՝ Արցախը, մեծ հաշվով, տեղավորվում է՝ Արցախը խնդիր է եղել, որպեսզի կարողանանք զարգացնել հարաբերությունները, բացենք կոմունիկացիաները համատեքստում,  կամ, միգուցե, կա այսպիսի դիսկուրս՝ Սերգոն լավ չի ապրելու, քանի դեռ չի լուծվել Արցախի հարցը։

Օրինակ, ընդդիմության համար Թուրքիան և Ադրբեջանը սպառնալիք են, վտանգ, հնարավորություն չկա, որովհետև նրանց մտքում Հայաստան պետություն, հայ մարդ և այլն․․․ չկա այդպիսի բան այս տարածաշրջանում, նրանց համար մենք չպետք է լինենք, մենք այդպես ենք մտածում, համենայն դեպս։ Իշխանության համար՝ հնարավորություն է․ այնտեղից ներդրումներ կգան, ֆինանսներ կգան, փող կաշխատենք․ համոզել են մարդկանց, որ Թուրքիայի սահմանը բացվի, հարցը կարգավորենք,  լավ կապրենք և այլն, կգան տուրիստներ, կբուժվեն Գյումրիում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հիշեցնելով նաև, որ «ազդեցության գործակալ» լինելը Քրեական օրենքով նախատեսված արարք է՝ պետական դավաճանություն, և եթե կան հիմանավոր կասկածներ, որ ընդդիմության ներկայացուցիչները իրականացնում են օտարերկրյա պետության շահերին ուղղված գործունեություն, ապա բարդ չէ հանցագործության մասին  հաղորդումներ ներկայացնելը։

Անդրադառնալով հայ-թուրքական բանակցություններին՝ պատգամավորը նկատեց, որ ընդդիմության դերը նաև իշխանությանը ստիպելն է առավելագույն հանրային դարձնել իրենց գործունեությունը։ Ըստ նրա, սակայն, այս փորձերը հանդիպում են իշխանության էմոցիոնալ արձագանքին։

«Բայց երբ մենք ասում ենք՝ եկեք խոսենք, հրապարակային մարդկանց ասեք, մեզ ասում են՝ եկեք փակ հանդիպենք, բայց ինչի՞ փակ հանդիպենք։ Դուք կասեք՝ պետական գաղտնիք կա․ պետական գաղտնիք ումի՞ց։ Ստացվել է այնպես, որ հայկական կենսական շահի տիրույթում գտնվող հարցերի վերաբերյալ, մենք, որպես կանոն, որոշակի բացառություններով, տեղեկանում ենք Ադրբեջանից ու Թուրքիայից, տեղականում ենք օտար պետությունից՝ ոչ թե հայկական պետությունից։ Այսինքն՝ ես ունեմ հիմնավոր կասկած, որ գաղտնիքը ոչ թե վերաբերում է մեր թշնամի պետությանը, այլ մեր  ժողովրդից, միգուցե։ Հետևաբար, փակ հանդիպումների իմաստ  այստեղ ուղղակի չկա։ Մեր նպատակը, որպեսզի ժողովուրդը հասկանա՝ ամենակարևորն ինչ է տեղի ունեցել, հիմա ինչ է տեղի ունենում, և վաղը ինչ է տեղի ունենալու․ փակ հանդիպումն այդ հարցը չի լուծում, հակառակը՝ լրացնում է կոնսպիրոլոգիան»,- նշեց Արթուր Ղազինյանը։

Հայ-թուրքական հարաբերություններում հատուկ ներկայացուցչի նշանակման լեգիտիմության մասին Արթուր Ղազինյանը մի քանի դիտարկում արեց՝ մասնավորապես շեշտելով, որ նշանակման մասին հայտարարելը մի բան է, իրական մանդատ շնորհելը՝ մեկ այլ բան․ «Երբ ինչ-որ մեկին շնորհում ես մանդատ, դրա իրավասությունն ունի ՀՀ վարչապետը․ որոշում է ստորագրում՝ նշանակելով այսինչ անձնավորությանը,  այսինչ թեմայով,  այսինչ լիազորություններով,  այսինչ ժամանակահատվածում իրականացնել այսինչ գործունեությունը՝ ներկայացնելով ՀՀ-ն։

Սա լեգալ, լեգիտիմ մանդատ է, որը Ձեզ տալիս է հնարովորություն՝ ներկայանալ Ձեր վիզավի՝ Թուրքիայի կողմից նշանակված, ընդ որում, նախագահի կողմից հրամանագրով նշանակված փորձառու դիվանագետին  և ասել, որ՝ ես էս մարդն եմ, սա էլ իմ մանդատն է, իմ որոշումն է, իմ լիազորություններն են, իսկ կարմիր գծերի մասին ես կխոսեմ իմ երկրում։

Երբ Ձեզ ասում ենք՝ մանդատ չունեք, նեղանում եք, ասում ենք՝ լիազորություն չունեք, նեղանում եք։ Երբ ասում եք՝ ընդդիմությունը փորձում է վարկաբեկել բանագնացին․  բացարձակ՝ բանագնացն ինքն է իրեն վարկաբեկում՝ վարքագծով, ոչ հավասարակշիռ վերաբերմունքով և այլն։ Եթե մեր բանագնացն ունի այդպիսի խնդիր, ապա նա չպետք է գտնվի խորհրդարանում, որովհետև այլապես մշտապես գտնվելու է ընդդիմության թիրախում․ դա ձևն է այդպես։ Դուք էլ որ լինեիք ընդդիմություն, դուք էլ էիք փորձելու կորզել առավելագույնը մեզանից՝ որպես իշխանություն, թե մենք ինչ ենք բանակցում։

Պարոն Ռուբինյան, դուք իրականում ունեք լեգիտիմության լուրջ խնդիր․ մանդատի բացակայության խնդիր է սա, հետևաբար, ինչ-որ մի պահի նաև չզարմանաք, որ կարող է հենց այս ամբիոնից հայտարարվել, որ ես չեմ լիազորել Ռուբեն Ռուբինյանին (իրադարձությունների ոչ բարենպաստ զարգացման պարագայում), և ասել, որ միակ մեղավորը ես եմ, միակ պատասխանատուն ես եմ․․․ և վերջում պարզվի, որ Ռուբինյանը գործել է ինքնագործունեությամբ, որովհետև լիազորություններ չունի իր վրա ֆիքսած»։

Տեսանյութեր

Լրահոս