«Կարգին հաղորդում»-ն իշխանական թիմում էլ արդիական չէ, ցիտում են «Քոմեդի քլաբ»․ Վարդևանյանը Վարդանյանին հիշեցրեց դատավորների մասին Փաշինյանի մտքերը
Խորհրդարանը շարունակում է երեկ՝ հունվարի 17-ին մեկնարկած նիստի աշխատանքները: Աշխատանքները մեկնարկեցին «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման շարունակմամբ։
Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է Վճռաբեկ դատարանում գործող Քաղաքացիական և վարչական պալատի փոխարեն՝ ստեղծել երկու առանձին պալատներ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը մանրամասնել էր, որ նախատեսվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի վերացմամբ ստեղծել երկու ինքնուրույն, առանձին մասնագիտացումներ ունեցող քաղաքացիական և վարչական պալատներ: Նախատեսվում է նաև ներդնել դատավորների թեկնածուների և առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրման ճկուն մեխանիզմներ:
«Այս նախագիծը այն մասին է, որ կարող են լինել քրեական գործեր, քրեական հետապնդումներ ցանկացած անձի նկատմամբ, որն անմեղ է (որովհետև ցանկացած անձ անմեղ է՝ մինչև չկա հակառակի մասին վկայող դատավճիռ, որը մտել է օրինական ուժի մեջ), և, ենթադրենք, որ դատավորները որոշելու են, որ այդ մարդը նիստերի ընթացքում չի կարող ելույթ ունենալ, չի կարող քրեական գործերի նյութերին ծանոթանալ, չի կարող, օրինակ, նոր փաստաբան ներգրավվել։ Եվ սա կարող է լինել (այն ձևակերպումներով, որոնք կան) ամբողջ քրեական դատավարության և հետապնդման ընթացքում։
Եվրոպական փորձում նման մեխանիզմ չկա, չի էլ կարող լինել։ Եվրոպական փորձում կարող է լինել նշվածի բարեխիղճ իրացման մշակույթ, որտեղ դատարանները չեն լինում արմենդանիելյանական բնույթի»,- իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Ընդդիմադիր պատգամավորի այս արձանագրումները, չգիտես՝ ինչու, իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հիշեցրին «Քոմեդի քլաբը»։
«Ասում է՝ “Рафик ни в чем не виноват”»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը, ապա նկատեց՝ նախագիծը պետք է համարել արդեն ընդունված, որովհետև Քրեական դատավարության օրենսգիրքն արդեն իսկ ընդունված է, օրենքը, որ ուժի մեջ է մտնելու 2022 թ․ հուլիսի 1-ից, փաստաբանական համայնքը կարող էր վիճարկել ՍԴ-ում, սակայն չի վիճարկել։
«ՍԴ-ն ուսումնասիրել է այս նախագիծը, որպես այդպիսին, և այս հարցի վերաբերյալ որևիցե բացասական պատասխան, կամ հակասահմանադրականության հետ կապված աղերս չի գտել։ Մենք ի՞նչ ենք ասում, մենք ասում ենք՝ ժողովուրդ ջան, արդարադատության շահը պետք է ապահովվի․ դատավորը պետք է ունենա հնարավորություն՝ ապահովելով կողմերի միջև մրցակցությունը, բոլոր դատավարական սկզբունքները՝ իրականացնել արդարադատություն, բայց եթե կողմերից մեկը չարաշահում է, դատարանը պետք է ունենա հնարավորություն այդ չարաշահումները կանխելու»,- հավելեց Վլադիմիր Վարդանյանը, ապա հորդորեց հարգել դատական իշխանությունը և չհիշատակել դատավորների անուններ, քանի որ, ըստ նրա, այդպիսով քաղաքականացվում է արդարադատության իրականացումը։
Արամ Վարդևանյանին զարմացրեց այս հորդորը, և նա իշխանական պատգամավորին ուղղակի հակադարձեց հենց իրենց թիմի ղեկավարի հայտարարությունների մասին հիշեցումով․
«Վլադիմիր Վարդանյանն ասում է, որ պետք չէ արդարադատությունը, դատարանները քաղաքականացնել, ես այդ դեպքում, հենց սպասում եմ, որ վաղը պարոն Վարդանյանն իր ելույթի հնարավորությունից կօգտվի և ՀՀ պատմության մեջ դատավորների վերաբերյալ ամենախայտառակ, ամենամիջամտող, ամենանվաստացնող գնահատական տված պաշտոնյային հորդորելու է, որ նման բան երբեք չկրկնվի․ որ ՀՀ ամենաբարձր պաշտոն զբաղեցնող անձը դատավորների մասին չխոսի «վնգստացող դատավորներ» ձևակերպմամբ։
Եվ ես վստահ եմ, որ երբ Դուք նման գնահատական եք հայտնում, դա հո չի՞ վերաբերում զուտ ընդդիմությանը, այլ վերաբերում է ընդհանուր, պետական մոտեցմանը»։
Անդրադառնալով նախագծի մասին Վլադիմիր Վարդանյանի հիմնավորումներին՝ Արամ Վարդևանյանն արձանագրեց, որ ՍԴ-ն հարցը նայել է որոշակիության և համաչափության տեսանկյունից, բայց չի նայել արդար դատաքննության, մեղադրանքից պաշտպանվելու իրավունքների տեսանկյունից։
Մանրամասները՝ տեսանյութում