Երեկ խոսել եմ հայ գործընկերոջս հետ, ում մոտ նոր առաջարկներ են հայտնվել, դրանք փոխանցել ենք Բաքու. Լավրով

«Սոչիում պայմանավորվածություն կար և մամուլի հետ զրույցում հրապարակային հույս էր հնչեցվել, որ սահմանի դելիմիտացիայի, դեմարկացիայի հանձնաժողովը կստեղծվի մինչև 2021 թվականի ավարտ, սակայն կյանքը ավելի բարդ է»,- այս մասին այսօր ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Հարցին՝ վերջերս հայ-ադրբեջանական սահմանին կրկին մարտեր տեղի ունեցան, արդյո՞ք դա կապ ունի Հայաստանի աջակցությամբ Ռուսաստանի հետ Ղազախստանում ՀԱՊԿ առաքելության հետ, հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի շատ նյարդային արձագանքը Ղազախստանի իշխանությունների ՀԱՊԿ օգնությունը խնդրելու հարցի վերաբերյալ, Լավրովն արձագանքեց, ասելով՝ անկեղծ ասած, Բաքվում, ինչպես նաև Անկարայում նյարդային արձագանք չի տեսել պաշտոնական դեմքերի կողմից:

«Անկարայում, մեղմ ասած, անհասկանալի հայտարարություն եղավ Էրդողանի խորհրդականներից մեկի կողմից, ում ազգանունը մոռացել եմ, որը դատապարտեց Ղազախստանի գործողությունները ՀԱՊԿ հրավիրելու հարցում, և մենք հարցում ենք ուղարկել թուրք գործընկերներին պարզաբանում ստանալու ակնկալիքով, թե սա ինչ է նշանակում»,- ասաց Լավրովը՝ շարունակելով, թե պաշտոնական դեմքերը որևէ բացասական մեկնաբանություն չեն արել։

ՌԴ ԱԳ նախարարն ընդգծեց, որ ՌԴ-ն հանդես է գալիս օր առաջ սահմանի դելիմիտացիայի աշխատանքներին անցնելու օգտին Հայաստանի և Ադրբեջանի միջև: Նա հստակեցրեց, որ այս հարցը չի վերաբերում Ղարաբաղյան տարածաշրջանին և Ղարաբաղյան կարգավորմանը, սա զուտ երկկողմ հարց է, որ արդեն մեկ տարի է՝ առաջարկում են ստեղծել դելիմիտացիայի-դեմարկացիայի հանձնաժողով: «Առաջարկել ենք մեզ, որպես այդ հանձնաժողովի խորհրդատուներ, հաշվի առնելով, որ ռուսական գլխավոր շտաբը և այլ կառույցներ ունեն քարտեզներ, որոնք արտացոլում ենք ԽՍՀՄ ձևավորման տարբեր փուլեր և ադմինիստրատիվ սահմանների փոփոխությունները միութենական հանրապետությունների միջև: Հենց երեկ շփվել եմ իմ հայաստանցի գործընկերոջ հետ հենց այս թեմայի շուրջ, կան կողմերի համապատասխան առաջարկները, քանի որ հանձնաժողով ստեղծելու համար հարկավոր է պայմանավորվել պայմանների շուրջ, այդ պայմանները հիմա քննարկվում են, կան տարաձայնություններ, մեր դիրքորոշումը պարզ է, պետք է նստել և արդեն ձևավորված հանձնաժողովում լուծել բոլոր այն հարցերը, որոնք այսօր դեռ չհամաձայնեցված են»,- պարզաբանեց Լավրովը:

Ի պատասխան մեկ այլ հարցի էլ՝ նա նաև հիշեցրեց, որ Սոչիում պայմանավորվածություն կար, և մամուլի հետ զրույցում հրապարակային հույս էր հնչեցվել, որ հանձնաժողովը կստեղծվի մինչև 2021 թվականի ավարտ, սակայն կյանքն ավելի բարդ է:

«Երեկ, կրկնեմ, շփվել եմ հայ գործընկերոջս հետ, ում մոտ նոր առաջարկներ են հայտնվել, մենք դա փոխանցել ենք Բաքու և փորձելու ենք այնպես անել, որ հանձնաժողովն աշխատի հնարավորինս շուտ»,- ասաց նա:

Ի դեպ, տեղեկացնենք, որ ո՛չ ՀՀ ԱԳՆ-ն, ո՛չ ՌԴ ԱԳՆ-ն Միրզոյան-Լավրով հեռախոսազրույցի մասին տեղեկատվություն չեն տարածել:

 

Տեսանյութեր

Լրահոս