«Ինչպես ՌԴ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի համար կարևոր է՝ ինչպիսի կողմնորոշում կընդունի Թուրքիան». Գագիկ Մինասյան

«Դեռ անցած տարվա վերջին ՌԴ-ն ներկայացրեց երեք սկզբունքային խնդիրներ, որոնց հետ կապված վերջին օրերին տեղի ունեցան քննարկումներ, և ակնհայտ դարձավ, որ հակասությունները ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի չափազանց խորն են»,- անդրադառնալով աշխարհաքաղաքական գործընթացներին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:

Ըստ նրա՝ հիմնարար խնդիրների շուրջ տարբեր մոտեցումները առաջիկայում ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև գտնվող երկրներում կհանգեցնեն բարդ գործընթացների: Հենց այս զարգացումների համատեքստում էլ քաղաքական գործիչը դիտարկեց նաև Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացները, մասնավորաբար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, մեկնարկած հայ-թուրքական հաշտեցման գործընթացը:

Գագիկ Մինասյանը նկատեց, որ տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումների մակարդակը հաճախ համեմատում են Կարիբյան ճգնաժամի հետ, որը շուրջ 60 տարի առաջ աշխարհը կանգնեցրեց 3-րդ համաշխարհային պատերազմի վտանգի առջև, և հաղթահարվեց ճկուն քաղաքականության արդյունքում, ինչում շատերը կարևոր  դեր են տալիս նաև Անաստաս Միկոյանին:

«Սա առնվազն սառը պատերազմ է, սանկցիաներ են, հարաբերությունների կտրուկ վատթարացում. խոսվում է այն մասին, որ ԱՄՆ-ը սանկցիաներ կկիրառի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, իսկ ՌԴ-ից ասում են՝ դա նշանակում է դիվանագիտական հարաբերությունների խզում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- ասաց Գագիկ Մինասյանը:

Բանախոսը հիշեցրեց, որ Թուրքիան ռազմական հզորությամբ համարվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրներից երկրորդը, ու հենց սրանով պայմանավորված է քաղաքական գործիչը կարծում, որ Հայաստանը չպետք է շտապի հայ-թուրքական  բանակցությունների հարցում ևս:

«Մենք պետք է սթափ նայենք իրականությանը և անենք հետևություններ, որոնք կարող են մեզ զերծ պահել անդառնալի զարգացումներից,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամը և հավելեց,- Թուրքիայի համար վճռորոշ ժամանակներ են գալիս, որովհետև այս հակամարտության ընթացքում ինչպես ՌԴ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի համար կարևոր է՝ ինչպիսի կողմնորոշում կընդունի Թուրքիան»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս