Բաժիններ՝

Գանձագողության չպակասող դեպքերը լուրջ վտանգ են ներկայացնում հուշարձանների համար. հնագետ

Սեպտեմբերի 23-ին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել է Տավուշ՝ ծանոթանալու Տավուշի բերդի պեղումների արդյունքներին և քննարկելու  հետագա անելիքները։ Մասնագիտական քննարկման արդյունքում որոշում է կայացվել, որ ձմռանն ընդառաջ անհրաժեշտ է պեղված հատվածները ժամանակավորապես ամրակայել և ծածկել հողով՝ հետագա փլուզումների վտանգը կանխելու համար, իսկ հաջորդ տարվանից պետությունը միջոցներ կհատկացնի շարունակելու պեղումների աշխատանքները՝ զուգահեռաբար կազմելով նաև բերդի ամրակայման, մասնակի վերականգնման և տարածքի բարեկարգման նախագծանախահաշվային փաստաթղթերը։

Պեղումների արդյունքում հայտնաբերված հնագիտական գտածոները ուսումնասիրությունից և վերականգնումից հետո կհանձնվեն Բերդի երկրագիտական թանգարանին՝ ցուցադրությունը համալրելու նպատակով։

Կատարված աշխատանքի, հնագիտության, գիտության ոլորտում աշխատավարձերի բարձրացման, գանձագողության և այլ հարցերի շուրջ զրուցել ենք արշավախմբի ղեկավար, Հայաստանի ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագետ Տիգրան Ալեքսանյանի հետ:

Չգիտես ինչու, հայ երիտասարդների մեծ մասն ընտրում է այնպիսի մասնագիտություններ, որոնք, այսպես ասած՝ «փողաբեր» են: Փողը կարծես թե Ձեզ չի գերել, և ընտրել եք հնագիտությունը: Ինչո՞վ գրավեց Ձեր ուշադրությունն այս մասնագիտությունը:

– Այո, մասնագիտության ընտրության հարցում ներկայիս երիտասարդության նախասիրությունների ցանկը մեծ չէ և հիմնականում պայմանավորված է բարձր վարձատրությամբ: Բայց մասնագիտության ընտրությունը փորձվում է ժամանակով: Հետաքրքրությունը մեր պատմության և հուշարձանների հանդեպ ինձ մոտ դրսևորվել է վաղ տարիքից: Գիտեի, որ պիտի դառնամ պատմաբան: Հնագետի մասնագիտություն ընտրելը մի փոքր անսպասելի էր, և անգամ հնագետի որակավորում ստանալուց հետո համոզված չէի, որ կզբաղվեմ հնագիտությամբ: Բայց հնագիտական պեղումներն ունեն վարակիչ ազդեցություն, և առաջին դաշտային հետազոտություններից հետո աստիճանաբար համոզվում էի, որ հետագա տարիներին ևս զբաղվելու եմ հնագիտությամբ:

Հայաստանում հնագիտությունն ընդհանուր առմամբ ի՞նչ վիճակում է:

– Հնագիտությունը հասարակական գիտությունների շարքում առաջատարներից է: Ընդհանրապես, Հայաստանում տարվող հնագիտական աշխատանքները կարելի է բաժանել երեք հիմնական տեսակի՝ նախապես ծրագրված հնագիտական ուսումնասիրություններ, հողային, շինարարական աշխատանքների ընթացքում պատահական հայտնաբերված հնագիտական հուշարձանների ուսումնասիրություն, պատմական հուշարձանների վերականգնման և բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսվող պեղումներ:

Վերջին տարիներին բավական մեծ հաջողություններ են գրանցվում գրեթե բոլոր ժամանակաշրջանների հնագիտական ուսումնասիրության ուղղությամբ: Իհարկե, համավարակով ու նաև 44-օրյա պատերազմով պայմանավորված՝ մի փոքր դադար եղավ, հատկապես արտասահմանյան գործընկերների հետ համատեղ տարվող արշավախմբերի պարագայում, սակայն, կարծես թե կամաց-կամաց նորից վերականգնվում են հետազոտությունների նախորդ ծավալները:

2022 թվականի հունվարի 1-ից գիտության ոլորտում տեղի կունենա աշխատավարձի բարձրացում. սա որքանո՞վ դեր կխաղա թե՛ նոր ուսումնասիրությունների, թե՛ գիտության նկատմամբ հետաքրքրության առաջացման առումով:

– Եթե, իրոք, այնքան բարձրանա, որքան նշվում է պաշտոնական հաղորդագրություններում, իմ կարծիքով, կլինի դրական տեղաշարժ: Մեր երկրում գիտությամբ զբաղվում են միայն նվիրյալները, որոնց հետազոտությունների արժեքը պայմանավորված չէ աշխատավարձի չափով, սակայն շատ ցանկալի է, որ հետազոտողը մեր երկրում իր աշխատանքով կարողանա ապահով ապրել:

Հայաստանում հազարամյակների պատմություն ունեցող նյութերի ռեստավրացիան միշտ խնդիր է եղել: Չկան համապատասխան պայմաններ: Ավելին, գտածոներն էլ մեծ մասամբ ուղարկվում են արտերկիր՝ հետազոտության համար: Դեռևս 2019թ. ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կամերալ մշակման և վերականգնման լաբորատորիայի շենքային վատ պայմանների հարցը բարձրաձայնվեց: Լուծումներ գտնվե՞լ են:

– Որքանով ես եմ տեղյակ՝ վերջնական լուծում չգտնվեց, համենայն դեպս վերականգնողներն աշխատում են նույն շենքում, նույն պայմաններում: Բայց ի պատիվ մեր վերականգնողների՝ նշեմ, որ անգամ այդ դեպքում նրանք շատ որակյալ աշխատանք են իրականացնում: Հնագիտական նյութերը վերականգնվում են Հայաստանում, իսկ արտասահման փորձաքննության են ուղարկվում մարդկանց, բույսերի կամ կենդանիների պեղածո նյութերը՝ միայն ռադիոածխածնային, գենետիկական և իզոտոպային փորձաքննության համար:

 – 2020թ. հուլիսյան դեպքերից հետո սկսված ու 44-օրյա պատերազմի պատճառով ընդհատված Տավուշ ամրոցի պեղումների արշավախմբի ղեկավարն եք: Վերջին անգամ ե՞րբ էին պեղումներ իրականացվել այդ տարածքում, և հիմա ինչպիսի՞ պեղումներ են կատարվել:

– Տավուշ ամրոցի անդրանիկ պեղումներն իրականացվել են 1986-1988թթ. (ղեկ.՝ Հ. Եսայան): Հետո դրանք ընդհատվեցին Արցախյան շարժման և դրան հաջորդած պատերազմի հետևանքով: Նորօրյա ուսումնասիրությունները սկսվել են 2020թ., հուլիսյան մարտերից հետո: Հիմնական նպատակը տարածաշրջանում զբոսաշրջության զարգացումն է: Ամրոցի հնագիտական ուսումնասիրություններն արդեն երկու տարի շարունակվում են, որոնք նախորդի համեմատ ավելի լայնածավալ են: Այժմ վերականգնման և ուսումնասիրման փուլում են հայտնաբերված մեծաքանակ հնագիտական նյութերը: Ուրախությամբ ուզում եմ նշել, որ հաջորդ տարի պեղումներին զուգընթաց՝ կսկսվեն նաև ամրոցի ամրակայման և վերականգնման աշխատանքները:

Ընդհանրապես աշխարհի շատ երկրներում հնագիտությամբ հետաքրքրվող քաղաքացիներին թույլատրվում է մասնակցել պեղումներին: Նման պրակտիկա կիրառո՞ւմ եք:

– Իհա՛րկե: Աշխատանքների սկզբին մենք հայտարարում ենք դրանց մեկնարկի մասին, և ընթացքում լինում են նաև մասնակցել ցանկացողներ: Հաջորդ տարի մենք նախատեսում ենք իրականացվող պեղումների և դրանց արդյունքների հանրահռչակման ավելի շատ աշխատանքներ տանել հատկապես տվյալ շրջանի բնակչության շրջանում՝ կազմակերպելով ճանաչողական այցեր, դասընթացներ և այլն:

Ո՞ր դարաշրջանում կուզեիք հայտնվել:

– Ինձ գրավում են 9-13-րդ դարերը՝ Բագրատունյաց թագավորության, Անիի, մեր վանքերի և բերդ-ամրոցների կառուցման և ծաղկման ժամանակաշրջանը:

Հնագետ լինելու համար ի՞նչ է պետք, կամ մարդն ինչպիսի՞ն պետք է լինի՝ այս մասնագիտությունն ընտրելիս:

– Դժվար է միանշանակ պատասխանել՝ շատ հանգամանքներ կարելի է թվել: Բայց հնագետի մասնագիտությունն ընտրողը, բացի հետաքրքիր կողմերից, պետք է հաշվի առնի նաև ուղեկցող դժվարությունները:

Բոլոր հնագետներն ունեն «օրագիր»՝ արվածն անպայման արձանագրելու, նշումներ կատարելու համար: Շատ հնագետների համար այն վերածվում է «կյանքի օրագրի»: Ձեր դեպքում ևս այդպե՞ս է:

– Իմ պարագայում՝ ոչ: Ես շատ հակիրճ եմ գրում, պեղումների ընթացքը և արդյունքները նկարագրում եմ համառոտ և ըստ էության: Այնպես որ՝ իմ հնագիտական օրագիրը միայն դաշտային գրառումներ են:

Մեր հասարակության մեջ, ցավոք, կան անձինք, ովքեր ոսկի և գանձեր գտնելու մոլուցքով տարված՝ վնաս են հասցնում հուշարձաններին: Արդյո՞ք այստեղ քաղաքացիների հետ բացատրական աշխատանքներ չտանելը չէ խնդիրը: Գուցե գիտնականները թերացե՞լ են այս առումով:

– Այո, գանձագողության չպակասող դեպքերը լուրջ վտանգ են ներկայացնում հուշարձանների համար: Ասել, որ այդ ուղղությամբ ոչինչ չի արվում՝ սխալ է: Տարբեր հուշարձաններում պեղումների ժամանակ մենք բացատրում ենք մեզ հետ աշխատող բանվորներին, որ գտածոները փողային մեծ արժեք չունեն, դրանք անգին են մեր պատմության ու մշակույթի տարբեր հարցերի լուսաբանման առումով միայն, և կարծում եմ, որ գոնե մեր արշավախմբերում աշխատող բանվորներն այդ հանգամանքները շատ լավ ընկալում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս