Նիկոլ Փաշինյան․ հակակրթության կենդանի մոնումենտը

Կրթության որակի ու հանրային, պետական կյանքի վրա դրա բացասական ազդեցության մասին խոսում են իշխանություններն ու ընդդիմությունները, ուսյալներն ու անկիրթները, բոլորը՝ մի խոսքով։

Քաղաքականությամբ զբաղվողները խոսում են ոչ միայն կրթության կարևորության մասին, այլև շեշտում են կրթական ոլորտի ֆինանսավորման ավելացման անհրաժեշտությունը, իշխանությունը, կառավարությունն անգամ ինչ-որ գումարներ է ավելացնում, գովազդում այդ քաղաքականությունը։ Իրականում, սակայն, այդ խոսքուզրույցը խիստ մակերեսային կապ ունի կրթության ոլորտում իրական գործողությունների և կրթության՝ որպես հանրային կարևորագույն ինստիտուցիայի կայացման հետ։

Ու այդ հարցում ֆինանսները, փողը՝ ունենալով կարևոր նշանակություն, այդուհանդերձ, ամենակարևոր խթանը կամ գործոնը չեն։
Խնդիրն այն է, որ Հայաստանում կրթության իրական արժևորման ու կրթական, և որպես դրա հետևանք՝ նաև քաղաքակրթական մակարդակի բարձրացման շահառուներ կա՛մ գրեթե չկան, կա՛մ եթե կան էլ, հաստատ այն շրջանակներում չեն, որոնք ֆորմալ առումով խոսում են կրթության մասին ու զբաղվում են այդ ոլորտի ծրագրերով։

Ավելի պարզ արած՝ կրթության ոլորտի զարգացման նոմինալ պատասխանատվություն ունեցող իշխանությունն իրականում ոչ միայն շահագրգիռ չէ դրանում, այլև ճիշտ հակառակը՝ անկրթության պահպանման ու է՛լ ավելի խորացման շահառուն է։

Կրթված, ուսյալ ու որպես արդյունք՝ նաև արժեքային այլ նշաձող ունեցող որևէ հասարակություն մեկ օր ավելի չի հանդուրժի Նիկոլ Փաշինյանին ու նրա ղեկավարած իշխանությունը, քանի որ վերջինիս գոյությունն ինքնին ուղղակի վիրավորանք է մտքին ու ինտելեկտին, կրթությանը՝ ընդհանուր առմամբ։

Նիկոլ Փաշինյանի իշխանության սոցիալական հենարանը հատկապես ու առավելապես անկիրթ հասարակությունն է, հետևաբար՝ չկա որևէ տրամաբանական պատճառ, որը նրան կստիպի շահագիգիռ լինել կրթության որակի ու բովանդակության փոփոխության հարցում։

Նիկոլ Փաշինյանը սեփական թշնամին չէ, ոչ էլ կամիկաձե, որ շահ տեսնի հանրության կրթական ցենզի բարձրացման հարցում։

Հակառակը՝ դա ուղղակի վտանգ է նրա իշխանության համար։ Հետևաբար՝ հայտարարելով կրթական այս կամ այն բարեփոխման մասին, ատեստավորելով այսքան հարյուր կամ հազար ուսուցչի, ավելացնելով գիտության ֆինանսավորումն այսքան տոկոսով, իշխանությունն ընդամենը քարոզչական խնդիր է լուծում, գուցե նաև ավելացնում է սեփական էլեկտորատի թիվը՝ կրթության ու գիտության ոլորտում ներգրավվածների աշխատավարձերը մի քանի հազար դրամ բարձրացնելով։

Բայց դա, կրկին, որևէ աղերս չունի կրթության բովանդակային փոփոխության ու կրթության գլոբալ դերի ու կշռի բարձրացման հետ։

Հասարակության կրթական ու քաղաքակրթական որակի բարձրացումն ուղղակի հակամետ է Նիկոլ Փաշինյանի իշխանության բնույթին ու վտանգ՝ դրա շարունակականության համար։

Բացի այդ, կա ևս մեկ խորքային ու ավելի անլուծելի խնդիր։ Կրթությունը միայն կրթական ծրագրերն ու պատրաստված ուսուցիչները չեն։

Կրթությունը, կրթության նկատմամբ մոտիվացիան կրում է նաև միջավայրի ազդեցությունը, երիտասարդները մղվում են դեպի կրթություն կամ հակառակը՝ հետևելով նաև էլիտաների ներկայացուցիչներին, այդ թվում՝ պետական պաշտոնյաներին։

Իսկ այսօրվա քաղաքական էլիտան կյանք մտնող երիտասարդին ուղերձ է հղում, որ հաջողության համար կրթությունը ոչ միայն պարտադիր չէ, այլև պարտադիր է ուղեղի հարթությունն ու սեփական կարծիքի բացակայությունը։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հակակրթության կենդանի մոնումենտ է, որը չի կարող որևէ մոտիվացիոն ազդեցություն ունենալ ու նպաստել հանրության կրթական ցենզի բարձրացմանը։

Հետևաբար, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոնը, հասարակության առնվազն մի մասի նշաձողը չի բարձրանալու իշխանական Perfect.tv-ների մակարդակից։

Եվ լայն իմաստով, Նիկոլ Փաշինյանը ոչ թե Հայաստանի վարչապետն է, այլ հենց Perfect.tv-ի ու նմանատիպ ցածրարժեքության ռեժիսորը։ Դրա համար, ի տարբերություն վարչապետի պաշտոնի, բարձրագույն կրթությունը պարտադիր չէ։

Ռոբերտ Տեր-Սարգսյան

Տեսանյութեր

Լրահոս