Գազի սակագնի բարձրացման վերաբերյալ հայտ չունենք. Աշոտ Ուլիխանյան
Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների և էլեկտրաէներգետիկայի համակարգում գործող ընկերությունների, այդ թվում՝ մատակարարի ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի ունեցավ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման վերաբերյալ աշխատանքային քննարկում:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ առաջարկվում է 4,7 դրամով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագները։
«Համաձայն «էներգետիկայի մասին» օրենքի՝ 2 տարբերակ կա՝ կա՛մ ընկերություններն են դիմում հայտով, որպեսզի սակագները վերանայվի, կա՛մ հանձնաժողովն իր սեփական նախաձեռնությամբ է սկսում։ Տվյալ դեպքում հանձնաժողովը սկսել է իր սեփական նախաձեռնությամբ։ Մենք լսելու ենք կարծիքներ, հարցեր, տալու ենք անհրաժեշտ պարզաբանումներ։ Մեր կատարած հաշվարկների համաձայն՝ անհրաժեշտություն է 4,7 դրամով միջին կշռվածությունը բարձրացնել»,- քննարկումից առաջ լրագրողներին փոխանցեց Ա. Ուլիխանյանը։
Միաժամանակ նա տեղեկացրեց, որ սոցիալապես անապահով խավի համար բարձրացում նախատեսված չէ։
Անդրադառնալով «Հրազդան ՋԷԿ»-ի 5-րդ կայանին, Աշոտ Ուլիխանյանն ասաց, որ որպեսզի այն ամբողջ թափով աշխատի, տարեկան շուրջ 3 մլրդ ԿՎտժամ էլեկտրաէներգիա առաքելու հնարավորություն ունի, ինչը ՀՀ ներքին շուկայում տեղավորել հնարավոր չէ։
Ինչ վերաբերում է գազի սակագներին, Աշոտ Ուլիխանյանն ասաց, որ այս պահին դեռևս հայտ չի ներկայացվել։
«Սպասենք՝ տեսենք, ընկերությունը հայտ կտա՞, թե՞ ոչ, այս պահին հայտ չունենք»,- հավելեց նա։