«Անհրաժեշտ է, որ ՀՀ-ն ունենա Փախստականների հարցերով հանձնակատար, ով կկարգավորի հայ փախստականների իրավաքաղաքական խնդիրները»

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում օկուպացվեց նաև Հադրութը։ Տեղի բնակիչներն անցած ամիս բողոքի ակցիա արեցին Հանրապետության հրապարակի մոտ, ապա շարժվեցին դեպի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն՝ ներկայացնելով ոչ միայն հադրութցիների, այլև բռնի տեղահանված և օկուպացված մյուս շրջաններում ապրող մեր հայրենակիցների պահանջը, որն է՝ իրենց տալ փախստականի կարգավիճակ, ինչպես նաև Արցախում որպես խաղաղապահ տեսնել, օրինակ, ֆրանսիացիների։

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի ներկայացուցիչներն էլ ՀՀ վարչապետին նամակ են գրել՝ նշելով, որ փախստականների և ներքին տեղահանված անձանց իրավաքաղաքական հարցերը Հայաստանում մտցված են փակուղի և կարևորել են հանդիպումն ու խնդրի լուծումը գտնելը:

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետին ուղղված նամակում նշել են, որ փորձագիտական հետազոտությունները և աշխատանքը բերել են այն վերջնական համոզման, որ փախստականների և ներքին տեղահանված անձանց իրավաքաղաքական հարցերը Հայաստանում մտցված են փակուղի, և առաջարկել են լուծման տարբերակներ:

«Նշել ենք, որ առաջին հերթին անհրաժեշտ է, որ ՀՀ-ն ունենա Փախստականների հարցերով հանձնակատար, ով կկարգավորի հայ փախստականների իրավաքաղաքական խնդիրները, նաև Արցախյան կարգավորմանը միտված միջազգային իրավական տիրույթում: Փախստականների հարցերով հանձնակատարն իր վրա կվերցնի Սփյուռքում ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների, Արցախյան երրորդ պատերազմից հետո արդեն նաև Արցախի Հանրապետությունից փախստականների հետ կապերի հաստատումը և նրանց ներգրավումը տարբեր ծրագրերի մեջ` համագործակցելով ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի հետ: Փախստականների հարցերով հանձնակատարը սերտ կհամագործակցի՝ ինչպես Սփյուռքի հանձնակատարի, այնպես էլ՝ ՀՀ և ԱՀ ԱԳՆ-ի հետ: Եվ երկրորդ՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ստեղծել «Փախստականների, բռնագաղթվածների և տեղահանված անձանց հարցերի» օղակ»,- մեզ հետ զրույցում ասաց Մարիամ Ավագյանը:

Նա հայտնեց, որ ՀՀ Տարածքային կառավարության և ենթակառուցվածքների նախարարությունից սույն թվականի դեկտեմբերի 9-ին պատասխանել են իրենց նամակին՝ հայտնելով, որ նոյեմբերին վարչապետին ուղղված նամակը քննարկվել է ՀՀ արտաքին գործերի, ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարությունների, ինչպես նաև ՀՀ Տարածքային կառավարության և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության հետ:

Պատասխան նամակում նշված է եղել, որ ԼՂ հակամարտության հետևանքով՝ ինչպես Արցախյան առաջին պատերազմի ընթացքում Ադրբեջանի ԽՍՀ-ից փախստականների և ներքին տեղահանվածների, այնպես էլ՝ վերջին 44-օրյա պատերազմի հետևանքով Հայաստանում ապաստանած և տեղահանված անձանց խնդիրները մշտապես պետության ուշադրության կենտրոնում են:

Ինչ վերաբերում է միջազգային հանրության իրազեկմանը, ապա ՀՀ ԱԳ նախարարը, տեղակալները և ԱԳՆ իրավասու պաշտոնյաները միջազգային գործընկերների հետ շփումների ընթացքում մշտապես բարձրաձայնում են ԼՂ հակամարտության հետևանքով փախստականների և տեղահանված անձանց խնդիրների մասին՝ ընդգծելով Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով իրենց տները և ունեցվածքը կորցրած մեր հայրենակիցների առջև ծառացած խնդիրների հասցեագրման, այդ թվում՝ նաև իրենց նախկին բնակության վայրեր արժանապատիվ վերադարձի համար անհրաժեշտ պայմանների ստեղծման հարցում միջազգային ջանքերի համադրման անհրաժեշտությունը:

Մարիամ Ավագյանը տեղեկացրեց, որ իրենց հարցերի պատասխանները չեն ստացել, գոհացուցիչ չէ, ուստի առաջիկայում կառավարությանը կուղղեն հերթական նամակը:

Տեսանյութեր

Լրահոս