«Այլընտրանք, քան տվյալ պետությունների հետ հաստատել բարիդրացիական հարաբերություններ, ուղղակի չկա». Էդուարդ Աղաջանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, թե Թուրքիայի հետ հարաբերությունների կոնտեքստում Հայաստանի դիրքորոշումը մշտապես եղել է այն, որ պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը՝ առանց որևէ նախապայմանի։
«Հայկական կողմը որևէ բանից չի հրաժարվում, խոսքը Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների սկիզբ դնելու մասին է։ Սա որևէ կերպ չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է իր առանցքային ու պետական շահերից։ Ընդհակառակը՝ համոզված ենք, որ ՀՀ պետական շահերից է բխում Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ տարբեր պատճառներով, որոնք կարող եմ թվել, բայց, ցավոք, ժամանակահատվածը չի բավարարի։ Թվելու նաև այն դրական կողմերը, որոնք Հայաստանը ձեռք կբերի այդ հարաբերությունների հաստատումից, ինչպես նաև Թուրքիան։ Ինչ վերաբերում է նախապայմաններին և առհասարակ հարաբերությունների սկիզբ դնելուն՝ առանց նախապայմանների, ապա Թուրքիան է միշտ վիժեցրել այդ գործընթացը և Արցախի հիմնախնդրով պայմանավորված՝ մշտապես նախապայման է դրել Հայաստանի առջև։ Հետևաբար, տրամաբանական է, որ Հայաստանն առաջ է քաշում այն թեզը, որ այդ հարաբերությունների սկիզբը պետք է լինի առանց նախապայմանների»,- ասաց Է. Աղաջանյանը։
Իշխանական պատգամավորը լրագրողների հարցին ի պատասխան՝ ասաց, որ դեռ չեն որոշել, թե Հայաստանից ով է լինելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում բանակցությունների հատուկ ներկայացուցիչը։
Ինչ վերաբերում է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի այն հայտարարությանը, թե ինչ բարիդրացիական հարաբերություններ են սպասում այն պետությունից, որն ուզում է հային մորթել, Էդուարդ Աղաջանյանը հակադարձեց, թե ցավն այն է, որ դաշնակցական իր գործընկերները քաղաքական գործընթացները նմանատիպ տրիվիալ և պրիմիտիվ ձևով են պատկերացնում։
«Սա, թերևս, Հայաստանի պատմության, նորագույն պատմության, դիսկուրսի տկարության լավագույն օրինակ է։ Հայաստանն ունի կոնկրետ աշխարհագրական դիրք, որոնցից չի կարող խուսափել, ինչպես նաև մեր հարևանները չեն կարող խուսափել մեր առկայությունից տվյալ տարածաշրջանում։ Այդ պատճառով այլընտրանք, քան տվյալ պետությունների հետ հաստատել բարիդրացիական հարաբերություններ, ուղղակի չկա»,- հավելեց պատգամավորը։
Ի դեպ, Էդուարդ Աղաջանյանը նաև հայտնեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների առնչությամբ քննարկումները, իր տեղեկություններով, որոշ ժամանակ է՝ տեղի էին ունենում։
«Այստեղ չպետք է դավադրություն փնտրել, սա գործընթաց է, որը սկսվել է ինչ-որ պահի, եղել է ընթացքում, և ինչ-որ պահի էլ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել։ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման գին ինքնին չի կարող լինել, հաշվի առնելով, որ Հայաստանը հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները չեն կարող լինել որևէ նախապայմանով»,- եզրափակեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորը։
Ի դեպ, հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 27-ին Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ անդրադառնալով տարածաշրջանային խաղաղության թեմային, շեշտել էր, որ Թուրքիայից որոշակի դրական ազդակներ կան․ «Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»:
Ինչին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքել էր՝ մասնավորապես նշելով. «Մենք կարող ենք աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, որի նոր կառավարությունը հայտարարել է այդ ուղղությամբ շարժվելու պատրաստակամության մասին»: