Կառավարության ու Կենտրոնական բանկի միջև կապը կորել է

Երբ Կենտրոնական բանկը բարձրացնում էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որպեսզի մեղմեր գնաճը, կառավարությունը ձեռքերը ծալած նստած էր, փոխարենը՝ քայլեր անելու տնտեսական աճի վրա դրա հնարավոր հետևանքները թուլացնելու համար։ Արդյունքը եղավ այն, ինչ տեսնում ենք տնտեսության մեջ։

Տնտեսական գործընթացները գնալով սառեցին՝ հանգեցնելով տնտեսական աճի տեմպի թուլացման։

Այլ կերպ, բնականաբար, չէր կարող լինել, երբ տնտեսության մեջ մտնող փողի քանակը կրճատվում է։

Փողի թանկացումը ի վնաս տնտեսության է, որքան էլ այն նպաստում է գնաճի մեղմացմանը։

Այս պարզ ճշմարտությունն այդպես էլ կառավարությունում կարծես չհասկացան կամ չկարողացան ոչինչ անել՝ դրանից տնտեսությանը պաշտպանելու համար։

Վերջին մեկ տարվա ընթացքում Կենտրոնական բանկը բազմիցս գնացել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերանայման։ Այդ ընթացքում փողի գինը գրեթե 3 տոկոսով բարձրացել է, ինչը շատ լուրջ ահազանգ պետք է լիներ կառավարության համար։ Փողի այդպիսի թանկացումը չէր կարող չտուգանել տնտեսական աճը և խնդիրներ չստեղծել տնտեսության զարգացումների համար։ Դրա հետևանքով դանդաղել է կապիտալի մուտքը տնտեսության մեջ։ Խոսքը հատկապես բանկային կապիտալի մասին է։

Բանկային կապիտալը Հայաստանում թեև թանկ է, այնուհանդերձ իր ուրույն դերն ունի տնտեսության աշխուժացման գործում։ Վերջին շրջանում, սակայն, բանկային կապիտալի հոսքերը տնտեսության մեջ նվազել են։

Այս տարվա ընթացքում բանկերի վարկային պորտֆելը կրճատվել է 239 մլրդ դրամով։ Այսինքն՝ ո՛չ միայն աճ չի եղել, այլև հոսքերը նվազել են։

Բանկերի վարկային պորտֆելը հիմա ավելի փոքր է, քան անցած տարի էր։ Մեկ տարվա կտրվածքով այն հասցրել է կրճատվել շուրջ 162 մլրդ դրամով։ Այլևս չկա նախկին վարկային ակտիվությունը։ Գումարների հոսքը նվազել է տնտեսության գրեթե բոլոր առանցքային ոլորտներում, բայց ամենից շատ տուժել է հատկապես արդյունաբերությունը։

Արդյունաբերության ոլորտում բանկերի վարկային ներարկումներն այս տարվա ընթացքում կրճատվել են ավելի քան 129 մլրդ դրամով։ Անցած տարվա վերջին այն գերազանցում էր 655 մլրդ դրամը, հիմա 526 միլիարդ է։

10 ամսում արդյունաբերությանը տրամադրված բանկերի վարկային պորտֆելը նվազել է 19-20 տոկոսով։

Շուրջ 104 միլիարդով կամ ավելի քան 11 տոկոսով նվազել են սպառողական վարկերը, 51 միլիարդով՝ առևտրային վարկերը։

Սրանք վարկային այն շուկաներն են, որոնք նախկինում ակտիվ, երբեմն՝ նույնիսկ գերակտիվ էին։ Սակայն այս տարի այդ ակտիվությունից այլևս ոչինչ չի մնացել։ Վարկային կապիտալի հոսքերը դրանցում նվազել են՝ ազդելով նաև տնտեսության ակտիվության վրա։ Մի կողմից՝ Կենտրոնական բանկի իրականացրած դրամավարկային կոշտ քաղաքականությունը, մյուս կողմից՝ տնտեսության մեջ ու տնտեսությունից դուրս ի հայտ եկած բազմաթիվ ռիսկերը՝ բանկային համակարգին ավելի զգուշավոր են դարձրել։ Նվազել է նաև վարկային միջոցները կլանելու տնտեսության ու տնային տնտեսությունների կարողությունները։

Սրանք գործոններ են, որոնք չէին կարող շրջանցել տնտեսությանը։ Կառավարության խնդիրն էր՝ մտածել տնտեսության վրա դրանց հետևանքները թուլացնելու մասին։ Եթե ոչ ուղղակիորեն, ապա գոնե այլ միջոցներով. ասենք՝ կապիտալ ծախսերի ակտիվացման, պետության մասնակցությամբ ներդրումային ծրագրերի իրականացման կամ այլ տարբերակներով։ Բայց դա էլ չի արվել։ Նույնիսկ պետական բյուջեի միջոցներով նախատեսված կապիտալ ծախսերը չեն հաջողել ժամանակին և ամբողջությամբ կատարել։ Ինչպես նախկինում, այս տարի ևս դրանք թերակատարվել են։ Այն էլ՝ ոչ պակաս բարձր տեմպերով։

Երեք եռամսյակների տվյալներով՝ կապիտալ ծախսերի թերակատարումն անցնում է 30 տոկոսից՝ պետական բյուջեի ճշգրտված պլանի համեմատ։

Բնականաբար, ներդրումային ծրագրերի մասին չարժե խոսել, որովհետև այդպիսի ծրագրերը, եթե անգամ կան, շատ քիչ են։ Մեր տնտեսության մեջ այս պահին եղած ներդրումային հետաքրքրությունները ցածր են։ Դրանք մեծամասամբ ավարտվում են ներդրումների վերաբերյալ հայտարարություններով, ինչը հասկանալի է՝ առկա բարձր ռիսկերի ու անորոշությունների պայմաններում։

Սա ևս խնդիր է, որը գտնվում է կառավարության գործունեության տիրույթում և մեծապես ազդում է տնտեսության ու տնտեսական գործընթացների վրա։ Բայց լուծումներ առայժմ չկան։

Քիչ է, փողի թանկացման ու վարկային ռիսկի մեծացման հետևանքով սեղմվում են տնտեսության մեջ մտնող կապիտալի հոսքերը, մի կողմից էլ կառավարությունն է անհամաչափ գործողություններով նպաստում շրջանառու կապիտալի կրճատմանը։

Հարկերի գանձման տեսքով փողը հանում է տնտեսությունից, քնեցնում բանկային ու գանձապետական հաշիվների վրա, ինչ է թե՝ դրանից տոկոսային եկամուտներ է ստանում։ Ոչինչ, որ տնտեսությունն այդ ընթացքում հասցնում է շատ ավելի մեծ կորուստներ կրել, քան այն եկամուտներն են, որոնք գոյանում են բյուջեի միջոցներն ավանդ դնելու միջոցով։

Այդ գումարները ժամանակին տնտեսություն վերադարձնելու, տնտեսական ծրագրեր ֆինանսավորելու ու իրականացնելու արդյունքներն անհամեմատ ավելին կարող էին լինել։ Բայց կառավարությունը շարունակում է գնալ եղած ռեսուրսները տնօրինելու ու կառավարելու ամենաանարդյունավետ ճանապարհով, որովհետև չի կարողանում նույնիսկ նախանշված տնտեսական ծրագրերը ժամանակին իրականացնել։

Այս ամենն ի վնաս տնտեսության է։ Դրա հետևանք է նաև, որ տնտեսությունը գնալով կորցնում է աճի տեմպը։

Երրորդ ամիսն անընդմեջ ունենք տնտեսական ակտիվության աճի տեմպի նվազում։

Սա լրջորեն պիտի մտահոգեր կառավարությանը և ստիպեր ավելի համահունչ աշխատել Կենտրոնական բանկի հետ։ Բայց տպավորություն է, որ կառավարության ու Կենտրոնական բանկի միջև կապը կորել է, չեն կարողանում սինխրոն աշխատել, որպեսզի ո՛չ գնաճը տուժի, և ո՛չ էլ տնտեսությունը։

Կենտրոնական բանկը ձեռքի տակ եղած գործիքներով փորձում է ինչ-որ կերպ մեղմել գնաճը և պահպանել գների կայունությունը, ինչն իր նպատակադրումն է ու հիմնական պարտավորություններից մեկը, իսկ կառավարությունը, որը պատասխանատու է տնտեսության համար, կողքից հետևում է։ Մի բան էլ ինքն է աջակցում տնտեսական ակտիվության զսպմանը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս