Հոկտեմբերի 12-ի գիշերը, իր զոհվելուց մի քանի ժամ առաջ, զանգեց ու երկար խոսեց․․․

-Արմենը երազում էր դերասան ու երգիչ դառնալ: Շատ լավ Սայաթ-Նովա էր երգում: Երգելուց բացի, այլ սիրած զբաղմունք էլ ուներ. տարված էր տեխնիկայով: Մեզ համար տասը տարեկանում քաղցր բամբակի ինքնաշեն սարք էր պատրաստել: Ուղղաթիռ էր սարքել, և այն մի քանի րոպե կարողանում էր սավառնել։ Ատրճանակ էր պատրաստել, որը կրակում էր,- այսպես սկսվեց մեր զրույցը Արմեն Բեժանյանի քրոջ՝ Նարինե Բեժանյանի հետ:

Սակայն բոլորի համար անսպասելի, դպրոցն ավարտելուց հետո Արմենը որոշում է զինվորական դառնալ: Շամլուղցի պատանին վճռել էր. իր առաքելությունը հայրենիքի պաշտպանությունն է: Եվ ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտոհրաձգային բաժին: Ավարտելուց հետո՝ 2006 թ. ծառայության նշանակվեց զորամասերից մեկում:

-Դասակի, ապա վաշտի, գումարտակի հրամանատար էր, իսկ վեցամսյա վերապատրաստությունից հետո՝ 2018 թվականին, ընդունվեց ակադեմիա, մի տարի սովորելուց հետո Արմենիս նշանակեցին հրամանատար,- պատմում է հայրը՝ Լենդրուշ Բեժանյանը:

Փոխգնդապետ Բեժանյանը որտեղ էլ նշանակվել է ծառայության, գերազանց է կատարել առաջադրված ցանկացած խնդիր։

-Առաքինի մարդ ու հրամանատար,- ահա այսպես է փոխգնդապետին բնութագրում մարտական ընկերը՝ Գաբրիել Գաբրիելյանը:

Փոխգնդապետի կինը՝ Նորան, պատմում է, որ ամուսնանալու հաջորդ օրն իսկ մեկնել են Արցախ և այնտեղ հիմնել իրենց փոքր, բայց շատ երջանիկ ընտանիքը: Արցախ աշխարհում էլ ծնվել են հերոս զինվորականի երկու զավակները՝ Լինան ու Հայկը։

-Երբ տուն էր վերադառնում, մի կողմ էր թողնում սպայական խստությունն ու կարգապահությունը. տուն էր մտնում որպես սիրող ամուսին ու հիասքանչ հայր… Չնայած հոգնածությանը, խաղում էր երեխաների հետ մինչև ուշ գիշեր:

Արմենը ուղնուծուծով զինվորական էր: Թեկուզ ծնունդով լոռեցի էր, բայց Արցախ աշխարհն իր համար մի ուրիշ արժեք էր… Ծառայության 14 տարիների ընթացքում նա չխնայեց ոչինչ սիրելի Արցախի բարօրության համար,- ասում է կինը՝ Նորա Անտոնյանը:

Հողն ու ջուրը պահելու նվիրումով ու անսահման հայրենասիրությամբ էլ Արմեն Բեժանյանը մասնակցեց նաև 44-օրյա պատերազմին։ Հենց առաջին օրվանից ստանձնեց Մատաղիսի զորամասի հրամանատարի պաշտոնը և սկսեց իր հերոսական պայքարը։ Մարտական ընկերները պատմում են, որ Արմենը մարտի դաշտում ամենուր էր, զարմանքով են վերհիշում, թե ինչպես էր փոխգնդապետին հաջողվում լինել և՛ թիկունքում, և՛ գումարտակում, և՛ հրետանու կողքին։

-Մեկ էլ կտեսնեիր՝ հայտնվեց ու մարտական խնդիր դրեց. դու էս կանես, դու էն արա, ու գնաց առաջ… էդ տեսակ հրամանատար էր,- պատմում է մարտական ընկերը՝ Էդվարդ Եղիազարյանը:

-Նա մտածում էր առաջին հերթին զինվորի մասին,- ընկերոջ խոսքն է շարունակում մյուս մարտական ընկերը՝ Հրաչ Հարությունյանը:

Հայրենիքի պաշտպանության համար փոխգնդապետ Բեժանյանը մի քանի անգամ վտանգել է սեփական կյանքը, երկու անգամ վիրավորվել, սակայն, անտեսելով առողջական ծանր վիճակը, դարձյալ վերադարձել է առաջնագիծ՝ միակ նպատակով ու առաքելությամբ՝ ջախջախելու ոսոխին։

– Հոկտեմբերի 12-ի գիշերը, իր զոհվելուց մի քանի ժամ առաջ, զանգեց ու երկար խոսեց. բալիկներիս լավ նայիր, վիրուսային շրջան է, դպրոցից Լինան հանկարծ չբացակայի, Հայկին տեղավորի, ամեն ինչ լավ է լինելու, շուտով կհանդիպենք,- հիշում է Նորան:

Հանդիպումը, սակայն, այդպես էլ տեղի չունեցավ, փոխգնդապետ Արմեն Բեժանյանը զոհվեց հոկտեմբերի 13-ին՝ հատուկ առաջադրանք կատարելիս, կարևոր բարձունքի պաշտպանության ժամանակ…

Փոխգնդապետ Արմեն Բեժանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, սակայն, ինչպես մարտական ընկերներն են պնդում, որոնք անձամբ են ներկա եղել փոխգնդապետի սխրանքներին ու հերոսական կռվին, Արմենն իրենց համար Ազգային հերոս է…

ԶԱՐՈՒՀԻ ՌՇՏՈՒՆԻ

hayzinvor.am

Տեսանյութեր

Լրահոս