Թուրքական պարտադրանք 3+2-ին Փաշինյանը չի՛ կարող չմասնակցել. գործ ունենք նախապես գծված պրոյեկտի հետ. Ռուբեն Մելքոնյան

Մոսկվայում այսօր մեկնարկել է «3+3» հարթակի առաջին հանդիպումը: Մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի ներկայացուցիչները։ Մասնակից երկրները քննարկմանը ներկայացել են փոխարտգործնախարարների մակարդակով։

Հայաստանի՝ այս ձևաչափով մասնակցության մասին չորեքշաբթի օրը Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ Հայաստանը պատրաստ է մասնակցել դրան, եթե այն իր բովանդակությամբ չի խոչընդոտում Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին։

168 TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով այս ձևաչափին Հայաստանի մասնակցության մասին, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ընդգծեց՝ այս ֆորմատն ամբողջությամբ թուրքական է, որն առաջին անգամ նախաձեռնվել է 2008 թվականին ռուս-վրացական պատերազմից հետո, իսկ հիմա Վրաստանը հստակ հայտարարել է, որ չի մասնակցի՝ Ռուսաստանի հետ ունեցած խնդիրների պատճառով, որովհետև Վրաստանում գիտակցում են, որ այդտեղ քննարկվելու է Աբխազիայի և Օսիայի հարցը։

«Հիմա հարց՝ արդյո՞ք այս ձևաչափում չի քննարկվելու Արցախի կարգավիճակի հարցը. քննարկվելու է։ Փաշինյանի ասածները, թե պատրաստ են քննարկումների, եթե դրանք այլ ձևաչափերի չեն խանգարում, իրականության հետ կապ չունեն։ Այս ձևաչափի հանգուցային շեշտը հետևյալն է՝ առանց կոնֆլիկտների տարածաշրջան. իսկ այս տարածաշրջանում կոնֆլիկտներից մեկը Աբխազիայի և Օսիայի հարցն է, մյուսը՝ Արցախինը, և, փաստորեն, Վրաստանը դա գիտակցում է՝քննարկմանը չի մասնակցում, իսկ Հայաստանը մասնակցում է»,- ասաց Մելքոնյանը։

Նրա փոխանցմամբ՝ 3+2 ձևաչափի նպատակն է՝ տարածաշրջանային տերությունների միջոցով լուծել առկա խնդիրները, սակայն Հայաստանը որևէ բան չի կարող լուծել, որովհետև Հայաստանը սուբյեկտ չէ։

Մելքոնյանն այս ձևաչափը նմանեցրեց պարտադրված ամուսնության հետ, որտեղ հարսնացուի կամ փեսացուի կարծիքը որևէ մեկը չի հարցնում։

«Հայաստանի կարծիքը որևէ մեկը չի հարցնում, մեզ սրան մասնակցել պարտադրում է իրավիճակն ու մեր թուլությունը։ Կա նաև որոշակիորեն ռուս-թուրքական պարտադրանք, որովհետև Ռուսաստանի համար սա ձեռնտու է, որովհետև այստեղ կարող է քննարկվել երկաթուղու հարցը։ ՌԴ-ն պետք է սրան մասնակցություն ունենա նաև հավասարակշռություն պահպանելու համար»,- ասաց թուրքագետը։

Ըստ Մելքոնյանի՝ Նիկոլ Փաշինյանն այս ձևաչափին չի կարող համաձայնություն չտալ, որովհետև 3+2-ը ենթադրում է տարածաշրջանում ճանապարհների բացում, իսկ դա նշանակում է՝ Սյունիքով միջանցքի տրամադրում։

«Բանակցությունների ժամանակ, սովորաբար պետություններն ունենում են ինչ-որ բան՝ տալու և վերցնելու, Հայաստանն այդ բանակցությունների սեղանին որևէ բան չունի առաջարկելու և չունի ռեսուրս դրված պահանջները մերժելու։ Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ կարծես գործ ունենք մի՝ նախապես գծված պրոյեկտի հետ, որը իրականություն է դառնում, և որին հայկական պետությունը զոհաբերվում է շատ կոպիտ ձևով»,- ասաց Մելքոնյանը՝ շեշտելով՝ այս ֆորմատի հնարավոր տապալման միակ հույսն աշխարհաքաղաքական ցնցումներն են, իսկ Հայաստանի պարագայում՝ իշխանափոխությունը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս