Հայաստանն արթնանում է պոպուլիզմի թմբիրից

Կիրակի օրը հանրապետության 36 համայնքներում կայացած Տեղական ինքնակառավարման մարմիններում (ՏԻՄ) ընտրություններում իշխանությունը պարտվել է դրանց մոտ կեսում՝ կամ ստանալով շատ քիչ ձայներ, կամ միայն այլ ուժերի հետ կոալիցիայով համայնքապետ ունենալու հնարավորություն։ Քիչ թվով համայնքներում է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» «ջախջախիչ» հաղթանակ է տարել, և դա մեծ մասամբ պայմանավորված է այդ բնակավայրերում լուրջ ընդդիմադիր թեկնածուների բացակայությամբ։ Պետք չէ բացառել, իհարկե, որ ամենատարբեր միջոցներով իշխանությունը կկարողանա, ի վերջո, համայնքների ղեկավարների պաշտոններ ստանալ ավելի մեծ թվով ՏԻՄ-երում, քան արձանագրել են ընտրության արդյունքները։ Բայց դա, մեծ հաշվով, երկրորդական, անգամ տեխնիկական հանգամանք է։

Դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքների գլոբալ նշանակությունն այն է, որ Հայաստանը սկսում է արթնանալ պոպուլիզմի թմբիրից և մերժել գործող իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանին։ Այդ գործընթացը խորհրդանշականորեն սկսվեց Սյունիքից, որոշակիորեն այլ դրսևորմամբ արտահայտվեց հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում, նույնը տեղի է ունենում նաև այլ խոշոր քաղաքներում՝ Վանաձորում, Ապարանում, Վեդիում, և այլն։

Իհարկե, բոլոր այս բնակավայրերում ոչ իշխանական թեկնածուների հաղթանակը պայմանավորված է նաև զուտ տեղական գործոններով, համայնքային կապերով, մասամբ՝ ոչ քաղաքական հանգամանքներով։ Բայց անկախ բոլոր այդ իրողություններից, ՏԻՄ ընտրությունների հանրագումարային արդյունքը խիստ քաղաքական է և վկայում է Նիկոլ Փաշինյանի՝ ընդամենը մի քանի ամիս առաջ 54 տոկոս ստացած իշխանության դիրքերի էական թուլացման մասին։

Դա, իհարկե, չի նշանակում, թե վաղը Նիկոլ Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների արդյունքների վշտից հրաժարական է տալու, ճիշտ հակառակը՝ այդ արդյունքները նրան դրդելու են ավելի ռեպրեսիվ քայլերի, ճնշումների ավելացման և այլն, բայց վերջին հաշվով, դա ևս ոչ թե ուժեղացնելու, այլ է՛լ ավելի է թուլացնելու իշխանության դիրքերը։

Բայց ՏԻՄ ընտրությունների այս արդյունքները, ունենալով նոմինալ, ստարտային քաղաքական նշանակություն, կարող են ուղղակի փոշիանալ, եթե չենթարկվեն քաղաքական կապիտալիզացիայի։

Ահա այդտեղ լուրջ անելիք ունեն՝ ինչպես ներկայիս անվանական ընդդիմադիր ուժերը, այնպես էլ՝ բոլոր նրանք, ովքեր այս կամ այն ձևաչափով ընդդիմադիր քաղաքական գործունեություն են ծավալում կամ ունեն նման հավակնություններ։ Առանց այդ կապիտալիզացիայի՝ ՏԻՄ ընտրությունների էլեկտորալ արդյունքները կարճ ժամանակում կարող են տարրալուծվել ու չունենալ այն քաղաքական էֆեկտը, որը հնարավոր է դրանց ճիշտ օգտագործման, իշխանությանը մերժած ընտրազանգվածների հետ գրագետ աշխատանքի դեպքում։

Այդ աշխատանքը պետք է ենթադրի՝ ինչպես կարճաժամկետ, ֆորսմաժորային գործընթացների հաշվառմամբ գործողություններ, այնպես էլ՝ երկարաժամկետ, մինչև հաջորդ համապետական ընտրությունները ներառող քայլեր։ Հասարակությունը, որը նաև ընդդիմադիր ուժերի կողմից հռչակվում էր Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման հիմնական մեղավոր, աստիճանաբար սկսում է ուղղել իր սխալը՝ ընդդիմությանը զրկելով նաև իր անգործությունը հանրությանը վերագրելու հնարավորությունից։

Գնդակը, ինչպես ասում են, քաղաքականությամբ զբաղվողների դաշտում է։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս