Քայլ Երևանի՞, թե՞ Արևմուտքի դեմ․ ինչու և ով տապալեց Ստոկհոլմում նախատեսվող Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Ադրբեջանը տապալել է Ստոկհոլմում սպասվող Միրզոյան-Բայրամով հանդիպումը, որը պետք է տեղի ունենար, այսպես ասած, եվրոպական՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ Օրերս Եվրախորհրդարանում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցով ԵԱՀԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Լյուկ Պիեռ Դևինը տեղեկացրել էր, որ Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական 28-րդ  համաժողովի շրջանակներում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում։ Նա եվրոպացի պատգամավորների հետ թեմատիկ քննարկման ընթացքում խոսել էր ռեգիոնում հետպատերազմյան իրավիճակի շուրջ, ասել, թե ինչ ջանքեր է ներդնում Եվրահանձնաժողովի նախագահ Շառլ Միշելը կողմերի միջև։

«Իրադրությունը տարածաշրջանում դարձյալ լարված է: 44-օրյա արյունալի պատերազմից մեկ տարի հետո նոյեմբերի կեսին բախումներ եղան արդեն ոչ թե Ղարաբաղի տարածքում, այլ միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ինչն անհանգստացնող է: ԵՄ-ն արձագանքեց այդ լարվածությանը: Եվրահանձնաժողովի նախագահ Միշելը զանգահարեց երկու կողմերին՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, կոչ անելով վերջ տալ լարվածությանը, պահպանել հրադադարը: Նոյեմբերի 20-ից հետո կրակոցներ չեն եղել, զոհեր չկան, բայց լարվածությունը չի թուլացել:

Նոյեմբերի 19-ին եվրահանձնաժողովի նախագահը նորից է հեռախոսազրույց ունեցել երկու հանրապետությունների ղեկավարների հետ և առաջարկել է խնդիրը քննարկել դեկտեմբերի 15-ին:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են կապը պաշտպանության նախարարների մակարդակով՝ կանխելու վերջին դեպքերի կրկնությունը»,- ասել էր Դևինը, հավելելով, որ նախարարական երկու հանդիպումներից հետո հաջորդը կկայանա Ստոկհոլմում։ Եվ ահա Ստոկհոլմում եվրոպական նախաձեռնությունը տապալվեց։

ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն Armenpress-ի հետ զրույցում ասել է, որ ԵԱՀԿ 28–րդ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել։

«Ընդգծեմ, որ հայկական կողմը երբեք չի խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում հանդիպումներից»,- ասել է Հունանյանը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդուգն կերպով մեկնաբանել է նախարարական հանդիպման չեղարկման փաստը, նշելով, որ պատճառը ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների այցն էր Արցախ, որով իբրև թե հայկական կողմը խաթարում է խաղաղ գործընթացը։

Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն ՍԻմոնյանի կարգադրությամբ՝ պատգամավորների պատվիրակություն է գործուղվում Ստեփանակերտ, որտեղ անցկացվում են համատեղ խորհրդարանական լսումներ։ Սակայն ադրբեջանական կողմի այս պատճառաբանությունն արհեստական  է թվում, քանի որ սեպտեմբերի սկզբին ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման հոբելյանական 30-ամյակին Արցախում էին  ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ղեկավարությամբ, որից հետո սեպտեմբերի վերջին Նյու Յորքում կայացավ Միրզոյան-Բայրամով հետպատերազմյան առաջին հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո։

Ուշագրավն այն է, որ ՀՀ իշխանությունները, բարձրաստիճան պաշտոնյաներն իսկապես խուսափում են այցերից Արցախ։ Հայկական քաղաքական դաշտում անընդհատ օրակարգ է վերադառնում Նիկոլ Փաշինյանի Արցախ այցերի բացակայության թեման։ 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանը չի կատարել որևէ այց Արցախ, և որևէ հիմնավոր պատասխան չի հնչել այս թեմայի շուրջ մշտական բնույթ կրող հարցերին։

ՀՀ Կառավարության անդամները, իշխանական շրջանակներն իսկապես չեն այցելում Արցախ։ Թերևս, բացառությունների շարքում էր ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը, ում տարեսկզբի այցը Արցախ Ադրբեջանը վերածեց սկանդալի, և մայիս ամսին Արա Այվազյանն իր հրաժարականի համաձայն՝ լքեց պաշտոնը։

Արցախ այցելած երկրորդ  պաշտոնյան ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն էր, ով նոյեմբերի սկզբին այցելեց Արցախ, որից հետո հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների ֆոնին վերջինս հեռացվեց պաշտոնից։ Ստացվում է, որ Ադրբեջանը տապալում է ԵԱՀԿ ՄԽ գործընթացը, որի օրակարգում հումանիտար խնդիրներն են ու ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման թեման, միտումնավոր արհեստածին պատճառներից ելնելով, քանի որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, չգիտես ինչու, ենթարկվելով Ադրբեջանի պահանջներին, չեն այցելում Արցախ։

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ճիշտ է այն, որ ՀՀ-ից Արցախ չեն այցելում, ինչի մասին ավելի վաղ մեզ հետ զրույցում նա խոսել էր։ Ըստ նրա, դիվանագիտական տեսանկյունից դա բացատրելի է, հաշվի առնելով, թե ինչ ավարտ է ունեցել պատերազմը, և ինչ բնույթի փաստաթուղթ է ստորագրվել, ինչ քայլերի հետևանքով է դա հնարավոր դարձել։

Տարասովի խոսքով, հարցն այլ է, Ադրբեջանին, իհարկե, պետք չէ լիովին փակել ԵԱՀԿ Մինսկի խմբի էջը, սակայն Ադրբեջանը հստակորեն նշել է, որ այդ ձևաչափում քննարկվելիք հարցեր չունի, ուստի, ամենայն հավանականությամբ, խնդիրը ձևաչափի մեջ է և ոչ թե՝ նրա, թե ինչ է տեղի ունեցել դրանից մեկ կամ երկու ժամ առաջ։

«Բայց կարծում եմ՝ Բրյուսելում նախատեսվող բարձրաստիճան հանդիպումը կկայանա, Մոսկվան ևս դրան անդրադարձել է, ողջունում է այն, սակայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությունը և աշխարհաքաղաքական խնդիրները չեն վերանում։

Կա լուրջ տարաձայնություն այն ձևաչափերի միջև, որոնց շրջանակում պետք է քննարկվեն հարցեր։ Բնականաբար, Երևանին ձեռնտու է ԵԱՀԿ Մինսկի խումբը, Երևանի բոլոր հայտարարություններում, այդ թվում՝ նոյեմբերի 26-ին Սոչիում, առկա էր ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին հիշատակումներ,  իսկ Բաքվին՝ երևի թե ոչ, որը ժամանակ առ ժամանակ կհամաձայնի հանդիպումների, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ աշխատանքի թեման լիովին մոռացված է»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս