Ստոկհոլմում Ղարաբաղյան և հայաստանյան թեմատիկան՝ Բլինքենի ուշադրության կենտրոնում
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովը հերթական հնարավորությունն էր միջազգային դերակատարների համար՝ քննարկելու աշխարհաքաղաքական զարգացումները:
Ինչպես սեպտեմբերի վերջին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ-ի, այնպես էլ ԵԱՀԿ նախարարական համաժողովի կուլիսներում ամենաուշագրավ դիվանագիտական շփումներն են տեղի ունենում՝ պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակներում և տարածաշրջանում տիրող իրավիճակը առաջնահերթ քննարկումների շարքում է: Ուշադրության արժանի է նաև ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի աշխատանքը Ստոկհոլմում, ով իր հիմնական ելույթի ժամանակ խոսել է նաև Հարավային Կովկասում ընթացող զարգացումների մասին:
Նա ասել է․ «Կովկասում մենք ողջունում ենք ուղիղ երկխոսության վերսկսումը Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև։ Մենք հորդորում ենք նրանց առաջընթաց գրանցել մարդասիրական հարցերում, ներառյալ՝ ձերբակալված անձինք, ականազերծումը, անհետ կորած անձինք, մարդու իրավունքների խախտումների դեպքերի հետաքննությունը, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները՝ պատասխանատվության ենթարկելով իրագործողներին։ Հուսով եմ, որ բոլորով միասին կարող ենք աշխատել, ներառյալ՝ Ռուսաստանը, որ առաջընթաց գրանցենք»:
Պետքարտուղարը հորդորել է բոլոր կողմերին լուծել մնացած բոլոր չկարգավորված հարցերը, օրինակ՝ սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան, տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակել աշխատանքը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու խաղաղ լուծում գտնելու համար։
Բացի հիմնական քննարկումներից, համաժողովին մասնակցող դիվանագետները երկկողմ հանդիպումներ են ունեցել: Հայտնի դարձավ, որ Բլինքենը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և այլոց հետ: Լավրով-Բլինքեն-Կուլեբա հրապարակային ելույթներում, ինչպես նաև երկկողմ հանդիպումներում, գլխավորը ռուս-ուկրաինական սրացումն է, որով պայմանավորված եղան թե՛ փոխադարձ սպառնալիքներ, թե՛ մեղադրանքներ, թե՛ առաջարկ՝ ԱՄՆ-ի կողմից միջնորդել իրավիճակի դեէսկալացիայի համար: Սրան զուգահեռ՝ հետաքրքրական էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումների փաստը: ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգին, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ դիրքորոշմանը, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերին:
«Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման և Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ վերջերս իրականացված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։
Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են իրավիճակի դեէսկալացիային ուղղված քայլերի իրականացումը։
Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում կարևորվել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը։ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը: Կարևորվել է նաև ԱՄՆ-ի՝ որպես համանախագահ երկրի դերը»,- ասված է հաղորդագրությունում:
Ամերիկյան կողմի հաղորդագրության համաձայն՝ Բլինքեն-Լավրով հանդիպմանն ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների միջև ուղիղ երկխոսության վերականգնումը։ Այս մասին որևէ տեղեկատվություն ռուսական կողմի հաղորդագրությունում չկա, այնինչ նույն այդ հարթակում կայացած Լավրով-Բլինքեն հանդիպման ռուսական հաղորդագրությունում ներառված է այն, որ կողմերը քննարկել են երկու երկրների ջանքերի կոորդինացիան` միտված տարածաշրջանային հարթակներում, ներառյալ՝ Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացմանը։ Այս հարթակում նախատեսվում է նաև Միրզոյան-Բայրամով հանդիպում:
«168 Ժամ»-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ պատերազմից հետո ընթանում է տարածաշրջանից առանց այն էլ թույլ դիրքեր ունեցող Արևմուտքի՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, դուրսմղում, որոնք ավանդաբար զբաղվել են հակամարտությամբ: Նրա խոսքով, այն հանգամանքը, որ պաշտոնական հաղորդագրություններում այս կամ այն թեման չի ներառվում՝ հստակ քաղաքականություն է, այսինքն՝ այդ թեման ընդհանրապես չկա ռուս-ամերիկյան օրակարգում, այն, ըստ ռուսական պատկերացման, կա ռուս-թուրքական օրակարգում:
«Սրանում մեզ համար որևէ անակնկալ միտք չկա, Մոսկվան մշտապես ցանկացել է ԵԱՀԿ Մինսկի խմբում առանձին աշխատել կողմերի հետ, իսկ Անկարան ձգտել է մասնակից լինել կարգավորման գործընթացին, ու պատերազմը, որը կարողացավ կանգնեցնել Մոսկվան, խորացրեց և իրականություն դարձրեց տարածաշրջանային այս ձգտումները, որոնց Արևմուտքն իրականում դիմադրում է: Դա է պատճառը, որ ակտիվ աշխատում են ԱՄՆ-ը, Վրաստանը, ԵՄ-ն ու Ֆրանսիան: Հիշենք մինչպատերազմյան փուլը. ԵՄ-ն առանձին նախաձեռնություններով գրեթե հանդես չի եկել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, ներկայումս ԵՄ-ն բոլոր մակարդակներով աշխատում է՝ թե՛ դիվանագետներն են աշխատում, թե՛ բարձրաստիճան պաշտոնյաները, որպեսզի կարգավորման գործընթացն ինչ–որ կերպ վերադառնա մի փուլ, երբ Արևմուտքն իր հավասարակշռող դերը կստանձնի»,- ասաց Ստյուարտը:
Նրա խոսքով, տարածաշրջանի ուղղությամբ Բլինքենի աշխատանքը, որն արտացոլվեց այս օրերին Շվեդիայի մայրաքաղաքում ևս՝ այդ նպատակն ունի: Նրա որակմամբ, Արևմուտքը կորցրել է իր տարածաշրջանային գլխավոր գործիքներից մեկը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ու ամեն կերպ ցանկանում է ետ բերել կորցրած դիրքերը:
Իսկ վրացի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին մեզ հետ զրույցում ասաց, որ Միացյալ Նահանգները հստակորեն պատկերացնում է այն աշխարհաքաղաքական մարտահրավերները, որոնց առջև կանգնած է ռեգիոնը, և դա գլխավորապես ռեգիոնը արևմտյան ազդեցությունից դուրս բերելն է: Նրա խոսքով, ԱՄՆ-ը այդ ծրագրի բաղադրիչ է դիտարկում նաև տարածաշրջանի վեցակողմ պլատֆորմ ձևավորելու առաջարկը, որը Վրաստանը մերժեց:
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ը Վրաստանի, պրոյեկտների և նոր կոմբինացիաների միջոցով փորձում է փոքր-ինչ մեղմել այն իրավիճակը, որը պատերազմից հետո ստեղծվել է տարածաշրջանում: Գործնականում հայ-ադրբեջանական հարցերում արևմտյան թևը դեռ շատ թույլ արդյունքներ է կարողանում ապահովել, դեռ միայն մի քանի հանդիպում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո, հումանիտար թույլ քայլեր և սպասվելիք բարձրաստիճան հանդիպում Մոսկվայի թեժ քաղաքական աշխատանքի ֆոնին: Քայլ առ քայլ կհաջողվի վերականգնել բանակցային արևմտյան ձևաչափ, բայց դա բավարար քաղաքական բալանս չի ապահովի, քանի որ Մոսկվայի և Անկարայի ազդեցությունն էապես է աճել»,- ասաց նա: