Զինվորի վիրահատությունը կիսատ են թողել ու նրան որովայնը բաց տեղափոխել Հադրութ՝ վիրահատությունը շարունակելու. Բժշկի հուշերը պատերազմից. «Փաստինֆո»
Մասնագիտությամբ զինվորական բժիշկ Արմենակ Սուքիասյանն արցախյան 44-օրյա պատերազմում առաջին անգամ, որպես զինվորական բժիշկ, կիրառեց հմտությունները։ Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը, լսելով պատերազմի լուրը, միացել էր սպիտակ բանակին եւ 44 օր շարունակ աշխատել 24 ժամ ռեժիմով։ Առաջին կանգառը Ջրականն էր, հետո Հադրութը, Ազոխն ու Ստեփանակերտը։
Բժիշկը «Փաստինֆո»-ին պատմել է, որ երկու օրվա ընթացքում մարտական գործողությունների ժամանակ բավականին զոհեր ու վիրավորներ կային, իսկ երրորդ օրը նույնիսկ կիսատ թողեցին վիրահատությունը ու վիրահատվողի հետ միասին Ջրականից տեղափոխվեցին Հադրութի հիվանդանոց, որտեղ շարունակեցին վիրահատությունը։
«Եթե ասեմ, որ ամեն ինչ իդեալական էր՝ թե կազմակերպչական, թե հագեցվածության առումով, անկեղծ չեմ լինի, բայց առաջին իսկ օրը հնարավորինս փորձեցինք ճիշտ կազմակերպել՝ տեխնիկական խնդիրները գնալով պակասում էին, սա մեր ժողովրդի համախմբվածության շնորհիվ էր»,- պատմել է Սուքիասյանը։
Փորձառու բժիշկի համար սովորական էր դարձել ծանր պայմաններում աշխատելը: Թշնամու անդադար հրթիռակոծության տակ չէր դադարում ծանր վիրավորների հոսքը, սակայն այն բժշկի համար, որի ժամկետային զինծառայող որդին պայքարում էր առաջնագծում, իսկ ինքը՝ մեկ քայլ հետ՝ թիկունքում, կրկնակի դժվար էր թաքցնել հուզումը։
«Ինքը հրահանգավորված էր իր հրամանատարության կողմից, պրոֆեսիոնալ էր իրեն դրսևորում, հնարավորինս փորձել ենք կապը չկորցնել, որովհետև դա ինձ համար կենսական նշանակություն ուներ այդ պահին»,- պատմել է բժիշկը։
Հադրութում մեկ շաբաթ աշխատելով ու սպասարկելով ծանր վիրավորներին, բժիշկները ստիպված էին տեղափոխվել Ազոխ՝ հիվանդանոցի վերածված դպրոց։ Մեկ շաբաթ էլ այնտեղ աշխատեցին, մինչև լսեցին լուրը, թե թշնամին օկուպացրել է Հադրութը ու տեղափոխվեցին Ստեփանակերտի հոսպիտալ։
Պատերազմի վերջին երկու շաբաթը բժիշկը որոշեց հնարավորինս մոտ գտնվել որդուն՝ երրորդ պաշտպանական շրջանում ու ուղևորվեց Մարտունու շրջանի զինվորական հոսպիտալ։
«Մենք ընթացքում էինք ծանոթանում, թե ինչ զինատեսակներով են ադրբեջանցիները պայքարում։ Մեզ համար եղել են նաև նորություններ»,- պատմել է Սուքիասյանը։
Բժիշկը հուզմունքով է հիշում պատերազմի դրվագները, որոնք անջնջելիորեն դաջվել են հիշողության մեջ։ Վիրավորների քանակը ու ծանրության աստիճանը սարսափելի էր։
Հոսպիտալ էին բերվում մեկը մեկից ծանր վիրավորներ, բայց բժիշկն առանձնացրել է երկու պատմություն։
«Վիրավոր զինվոր էինք վիրահատում ու ստացվեց, որ շտապ պետք է դուրս գայինք Ջաբրայիլից ու ուղևորվեինք դեպի հոսպիտալ։ Կիսատ թողեցինք վիրահատությունը։ Մենք քնած զինվորին՝ որովայնը բաց, տեղափոխեցինք ու Հադրութում շարունակեցինք։
Մյուս դեպքը հոգեբանական առումով է տպավորիչ։ Զինվոր էինք վիրահատում Հադրութում։ Երկու ձեռքը չկար, մի կերպ վերականգնեցինք կենսական կարևոր օրգանները, կայունացրեցինք վիճակը և նրան Ստեփանակերտ տարան։ Պատերազմից մեկ ամիս անց զանգեց իր բժիշկը և հեռախոսը փոխանցեց, խոսեցի այդ նույն զինվորի հետ։ Մենք հույս չունեինք, որ զինվորը կենդանի կմնա։ Երկու ձեռքը կորցրած զինվորը նկարիչ-քանդակագործ էր ու նոր պրոթեզների շնորհիվ նա կրկին կարողանում է վրձին բռնել»,- հիշել է բժիշկը։