10 միլիոն դրամ տուգանք, բյուջեի մսխում, կլասիկ կոռուպցիա. Հասմիկ Ենգոյանը՝ պետգնումների մասին
Վերջին երեք տարվա ընթացքում պետական գնումների ոլորտում անհամեմատ մեծ ծավալների են հասնում մեկ անձից գնումները։ Այստեղ, թեև հիմնականում պետք է հայտարարվեն մրցույթներ՝ հնարավորություն տալով ցածր գին առաջարկող ընկերությունների պետության համար շահեկան գին առաջարկելով այս կամ այն ծառայությունը մատուցել, սակայն հակառակն է՝ մի քանի անգամ աճել են մեկ անձից գնումները, իսկ դա նշանակում է, որ պետությունը միջոցներ է մսխում՝ առնելով թանկ ծառայություններ հաճախ այնպիսի ընկերություններից, որոնք նոր-նոր են ստեղծվել ու դարձել պետության համար ֆավորիտներ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով մեկ անձից գնումների ծավալների ու պետբյուջեից մսխվող գումարների մասին, նման տեսակետ հայտնեց «Գնումների աջակցության» կենտրոնի ղեկավար, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դոցենտ Հասմիկ Ենգոյանը: Նա նաև շեշտեց՝ մեկ անձից գնումների, ինչպես նաև հայտարարվող գնումների մրցույթների դեպքում ստացվում է՝ այս իշխանությունն ունի իր ցանկալի ընկերությունները, որոնք իրականում ոչ թե էժան, այլ ընդհակառակը՝ ավելի թանկ գնով են մատուցում ծառայություններ։
«Մեկ անձից գնման դեպքում պետությունն էժան ապրանք սկզբունքորեն ձեռք չի բերում. փոխադարձ պայմանավորվածության հիման վրա պետությունը որոշում է, որ, օրինակ, 100 միլիոն դոլարով հենց այս ընկերությունից է գնելու ինչ-որ ծառայություն, մինչդեռ, եթե լիներ գնման մրցույթ, կարող էր տվյալ ծառայությունը պետությունը գնել 50 միլիոնով»,- ասաց մասնագետը՝ ընդգծելով՝Կառավարությունը մեկ անձից գնումներն իրականացնում է ոչ թե իրական, այլ արհեստական հրատապության հիմքով՝ փորձելով այդպես արդարացնել ապօրինությունը։
Դիտարկմանը՝ փաստորեն, նույն սկզբունքն է կիրառվել նաև այն դեպքում,երբ Հայաստանի ոստիկանությունը 3.5 միլիոն դոլարի մեկ անձից գնման պայմանագիր է կնքել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ, կամ, օրինակ, 843 հազար դոլարի պայմանագիր՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի կողմից իր կնոջը հավատարմագրային կառավարման հանձնված «Ճաննախագիծ» ՍՊԸ-ի հետ, Հասմիկ Ենգոյանը պատասխանեց.
«Այս դեպքերում պետք է խստիվ պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր ժամանակին միջոցներ չեն ձեռնարկել մրցութային հիմքերով գնումներ իրականացնելու համար։ Երբ արհեստականորեն ստեղծում են հրատապության պատրանք, սա հանդիսանում է կլասիկ կոռուպցիոն սխեմա»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ համակարգային կոռուպցիան այն է, երբ կոռուպցիոն օղակներում գոյություն ունեցող հասույթը որոշակի չափաբաժնով հասնում է ամենավերև, և ուրախ է արձանագրել, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, Հասմիկ Ենգոյանը հիշեցրեց՝ մեկ անձից գնում կատարելու թույլատրությունը՝ հրատապության հիքմով, տալիս է բացառապես Կառավարությունը և որոշում կայացնողը հենց Կառավարությունն է, ուստի ոչ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող, ոչ Բագրատ Բադալյանի կնոջը հավատարմագրային կառավարման հանձնված, և ոչ էլ Ալեն Սիմոնյանի եղբորը պատկանող ընկերությունների հետ մեկ անձից գնումներ հնարավոր չէր լինի իրականացնել, եթե դրանց թույլտվությունը չտար Կառավարությունը։
Ինչ վերաբերում է Բարձր տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած օրենսդրական այն նախագծին, որով առաջարկվում է առհասարակ փակել մեկ անձից գնումների մասին նախագծերը, Հասմիկ Ենգոյանը շեշտեց՝ որպես հիմնավորում՝ նախագծի հեղինակները նշել են այն, որ նպատակը պետական գաղտնիք պարունակող ինֆորմացիան փակելն է, սակայն այս հիմնավորումն ինքնին մանիպուլյացիա է, որովհետև առանց այն էլ բոլոր հարթակներում պետական գաղտնիք համարվող որևէ գնման մասին ինֆորմացիա մինչև հիմա էլ չենք կարող ստանալ, դրանք արդեն իսկ փակ են։
«Մեկ անձից գնումն առաջարկում են փակել, որպեսզի բացառվի հանրային հսկողությունն ու վերահսկողությունն այդ գնումների վերաբերյալ»,- ասաց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ անցած մեկ օրենսդրական նախաձեռնության, որը վերաբերում է «Գնումների մասին» օրենքին ու կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, Ենգոյանը նշեց՝ արված փոփոխությունները տապալում են պետական գնումների համակարգը, այսուհետև արտադատական կարգով որևէ ընկերություն չի կարող վիճարկել որևէ տենդեր, այդ գործառույթը տրվել է բացառապես դատարաններին, պետական տուրքը 20 հազար դրամից դարձրել են 10 միլիոն դրամ, իսկ ընկերություններին սև ցուցակում այսուհետ կգցի ոչ թե անկախ մարմինը, այլ պատվիրատուն՝ ասենք, այս կամ այն նախարարությունը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում