Դպրոցներին ԿԳՄՍՆ-ն է «գցել»․ Քաղաքապետարանը կապ չունի
Օրեր առաջ 168.am-ը տեղեկություն ստացավ, որ այս ուսումնական տարվա սկզբին Երևան քաղաքի յուրաքանչյուր դպրոցի՝ նորմատիվորեն իրեն հասանելիք բյուջեից պահվել ու դպրոցներին չի տրվել բյուջեի 10%-ի չափով գումար, որը կազմում է մոտ 10-20 միլիոն դրամ:
Հիմնավորումը եղել է այն, որ պատերազմից հետո ֆինանսական դժվարություններ են առաջացել, սակայն դպրոցների տնօրեններին բանավոր խոստում է տրվել, որ ընթացիկ տարվա 4-րդ եռամսյակի ընթացքում այդ գումարները կփոխանցվեն դպրոցների հաշվեհամարներին:
Արդեն այս տարվա նոյեմբերին դպրոցները տեղեկացվել են, որ որևէ գումար չի վերադարձվելու:
Հարկ է նշել նաև, որ յուրաքանչյուր տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին դպրոցների բյուջեում համապատասխան փոփոխություններ են արվում՝ ելնելով աշակերտների թվի փոփոխությունից: Այսինքն՝ եթե աշակերտների թիվն ավելացել է, դպրոցը լրացուցիչ ֆինանսավորում է ստանում, ինչը նույնպես տեղի չի ունեցել:
Հասկանալու համար, թե ինչու են պահվել գումարները, և, որ ամենակարևորն է՝ ինչո՞ւ դրանք չեն վերադարձվելու, մենք գրավոր հարցում ուղարկեցինք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍՆ)՝ ցանկանալով ստանալ հետևյալ հարցերի պատասխանները՝
1. Ի՞նչ կարիքների համար է պահվել այդ գումարը:
2. Ինչո՞ւ մարզային դպրոցներից չի պահվել նշված գումարը:
3. Ինչո՞ւ մինչ այժմ, ինչպես խոստացվել է, չեն վերադարձվել այդ գումարները ու փաստորեն արդեն իսկ հայտարարվել է, որ չեն էլ վերադարձնելու: Ինչո՞ւ:
4. Ինչո՞ւ աշակերտների թվի ավելացմամբ պայմանավորված՝ դպրոցները լրացուցիչ ֆինանսավորում այս տարի չեն ստացել:
ԿԳՄՍՆ-ից ուշագրավ պատասխան ստացանք:
«Ի պատասխան ՀՀ ԿԳՄՍ նախարարին ուղղած Ձեր հարցման՝ Երևան քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման վերաբերյալ, առաջարկում ենք դիմել լիազոր մարմին՝ Երևանի քաղաքապետարան»,- կարճ ու կոնկրետ պատասխանել էին մեզ ԿԳՄՍ նախարարությունից՝ համենայն դեպս շրջանցելով երկրորդ հարցը մարզային դպրոցներից գումար չպահելու վերաբերյալ, որով էլ ողջ պատասխանատվությունը ըստ էության դրել էին Երևանի քաղաքապետարանի վրա:
168.am-ը, բնականաբար, նույն հարցերը, բացառությամբ մարզային դպրոցների ֆինանսավորման վերաբերյալ հարցի, ուղարկեց նաև Երևանի քաղաքապետարան:
Ի դեպ, մինչ խնդրի վերաբերյալ կստանայինք քաղաքապետարանի պատասխանը, տեղեկացանք, որ նախորդ տարում ևս պահվել են գումարներ նույն չափով:
Երևանի քաղաքապետարանից նախ մեզ ասել էին, որ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների /դպրոցների/ ֆինանսավորումը պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորություն է, և այն իրականացվում է ՀՀ պետական բյուջեից տրամադրվող միջոցների հաշվին՝ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի շրջանակներում՝ ՀՀ կառավարության 30.12.2020 թվականի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշմամբ՝ ըստ կրթական ծրագրերի համապատասխան միջոցառումների (տարրական ընդհանուր հանրակրթություն, հիմնական ընդհանուր հանրակրթություն, միջնակարգ ընդհանուր հանրակրթություն) գծով հաստատված չափաքանակներով:
Ապա նշել էին, որ 2021 թվականի համար ֆինանսավորման հաշվարկները կատարված են ՀՀ կառավարության նշված որոշմամբ հաստատված չափաքանակներին համապատասխան և դրանց ամբողջ ծավալով:
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական բյուջեով նախատեսված «Հանրակրթություն ծրագրի» (որն ընդգրկում է վերը նշված միջոցառումները) գծով բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը»,- նշված էր Երևանի քաղաքապետարանի՝ 168.am-ին ուղարկված պատասխանում:
Ըստ էության Քաղաքապետարանն այս պատասխանով ուղիղ և թափանցիկ ասում է ԿԳՄՍՆ-ին, որ քարն իրենց բոստանը չգցեն. այդ գումարների չվճարման պատասխանատուն ԿԳՄՍՆ-ն է: Այլ կերպ ասած՝ դպրոցներին ԿԳՄՍՆ-ն է «գցել»:
Գնդակը դպրոցների, իսկ ավելի ստույգ՝ դպրոցների տնօրենների և ուսուցիչների դաշտում է: Եթե նրանք հիմա էլ պահանջատեր չլինեն՝ տեսնելով, թե իշխանություններն ինչպես են մսխում պետական բյուջեն, ուրեմն այլևս չպետք է դժգոհեն:
Երբ յուրաքանչյուր ամիս ու ամեն հարմար առիթով պետական ծառայողները, հատկապես՝ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող անձինք միլիոնավոր դրամների պարգևավճարներ են ստանում հիմնականում ոչինչ չանելու համար, իսկ դպրոցներից «քերում են» նույնիսկ կենսական անհրաժեշտության գումարները, ու ուսուցիչն իր տաժանակիր ու կոպեկներով վարձատրվող աշխատանքի համար հնարավորություն չունի տարին գոնե մեկ անգամ 20-30․000 դրամի պարգևավճար ստանալ, ու դրա դիմաց ընդվզում չկա, ուրեմն ամեն բան ավելի քան արդար է:
Այս դեպքում աշխատանք կորցնելու մասին պատճառաբանություններն էլ արդարացում չեն. ի վերջո, 2018թ. նրանք աշակերտների հետ միասին փողոցներ էին փակում՝ չվախենալով նման հեռանկարից: