Քաղաքացիական պայմանագրի լուծարումը

Պետությունը, լայն իմաստով, հասարակական համերաշխության ինստիտուցիա է, և նաև, իսկ գուցե առաջին հերթին՝ այդ համերաշխության մակարդակից ու որակից է կախված երկրի լինելիությունը։ Անգամ պետության մասին ամենատարբեր տեսական սահմաններում այն ներկայացվում է՝ որպես քաղաքացիների միջև յուրատեսակ պայմանագիր, այսինքն՝ բոլոր դեպքերում պետությունը համերաշխության ակտ է։

Ողբեգական ճակատագրությամբ «Քաղաքացիական պայմանագիր» անվանումն ինչ-որ տեղից փոխառած կուսակցությամբ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ սկզբում թվացյալ հանրային համերաշխությամբ, բայց իրականում հասարակության պառակտման ու գերբևեռացման միջոցով։

Նրա իշխանության արդեն գրեթե չորս տարիները հանրային համերաշխության կազմաքանդման ու ոչնչացման ժամանակներ են, լայն իմաստով՝ նրա իշխանությունը գոյատևում է հասարակությանը նախկինների-ներկաների, հների-նորերի, սևերի-սպիտակների տարանջատելու շնորհիվ։

Իրավիճակի նրբությունն ու տրագիզմն այն է, սակայն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գոյատևում է պետության  ու պետականության հաշվին։ Որովհետև եթե համարում ենք, որ հանրային համերաշխությունն է պետության գոյության ու զարգացման գրավականը, ապա դրա քայքայման միջոցով գոյատևող ցանկացած սուբստանցիա, տվյալ դեպքում՝ գործող իշխանությունը, հակապետական է ու հակաազգային։

Որևէ իշխանության գործունեության ինտեգրալ գնահատականը նաև հանրային համերաշխության ամրապնդումն է, կամ հակառակը՝ ջլատումը, ինչպես Նիկոլ Փաշինյանի իշխանության պարագային։ Ահա այդ ցուցանիշով Նիկոլ Փաշինյանը գրանցել է հերթական հակառեկորդը՝ հասարակության պառակտումը հասցնելով անկարելիության աստիճանի ու դրանով նաև թուլացնելով պետության հիմքերն ու դիմադրողականությունը։

Եվ եթե պետությունների մեծ մասում, նույնիսկ բազմաթիվ թերություններով, իշխանության ու պետության շահերը, այդուհանդերձ, նույնական են, ապա Հայաստանում դրանք հակոտնյա են՝ Նիկոլ Փաշինյանը ղեկավարում է ոչ թե ի պետս, այլ ի հեճուկս Հայաստանի։ Հանրային կարևոր ինստիտուտների չկայացվածության ու անկատարության, էլիտաների օտարվածության ու մարգինալացման պատճառով հասարակական համերաշխություն չի ձևավորվում նաև իշխանության, նրա արժեքային ու քաղաքակրթական որակի կամ դրա բացակայության հարցի շուրջ։

Մակերեսային հարթությունում իշխանությունը դա կարող է գնահատել՝ որպես հաղթանակ, որպես անգամ իշխանության երկարաձգման աղբյուր, բայց դա կապ ունի միայն իշխանության, և ոչ երբեք՝ պետության ամրապնդման ու հեռանկարի հետ։ Նիկոլ Փաշինյանին, իհարկե, դա քիչ է հուզում, որովհետև նրա մտահոգությունը ոչ թե պետությունն է, այլ իշխանությունը։

Նա հաճույքով շարունակում է զբաղեցնել այն պետության ղեկավարի պաշտոնը, որի հասարակությունն այդպես էլ չի կողմնորոշվում ու չի կարողանում գտնել հարցի պատասխանը՝ արդյոք իշխանությունը երկրին այսքան աղետներ է պատճառել ապաշնորհությա՞ն, թե՞ դավաճանության պատճառով։ Այս պահին հռետորական հարց, որը ևս մեկ աստիճանով խարխլում է առանց այդ էլ գոյություն չունեցող հանրային համերաշխությունը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս