Հայաստանի օկուպացիայի առանձնահատկությունները

2020-2021թթ. Հայաստանի ռուսական օկուպացիան էապես տարբերվում է Ռուսաստանի հետխորհրդային ռազմական վերադարձից այլ երկրներ՝ Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա։ Այս «վերադարձերի» աշխարհաքաղաքական նշանակությունները եւ տարբերությունները այլ տեղ կքննարկենք, այժմ դիտարկենք մի շարք տեխնիկական գործոններ, որոնք, իհարկե, լրացնում են ընդհանուր աշխարհաքաղաքական կոնտեքստը։

Առաջին ամենաէական տարբերությունն այն է, որ Հայաստանի ռե-օկուպացիան իրականացվեց երրորդ կողմի՝ Ադրբեջան-Թուրքիայի հետ համատեղ։ Բացի նրանից, որ նման ռազմաքաղաքական իրողություններն արդեն իսկ մեծագույն խնդիրներ են հարուցում Հայաստանի համար, այն ունի կրիտիկական նշանակություն ապագայի համար։ Հայտնի է, որ սեփական բարդ խնդիրները լուծելու համար հաճախ Ռուսաստանը ետ է քաշվում իր կողմից օկուպացված տարածքներից, ինչպես դա եղավ 1918թ. կամ 1992թ.: Այլ օկուպացված երկրների դեպքում՝ Վրաստանի, Ուկրանինայի, Մոլդովայի, այն իր հետ բերելու է երկրների անկախության եւ տարածքային ամբողջականության վերականգնում, մինչդեռ Հայաստանի դեպքում այն կարող է հանգեցնել պետականության կործանման եւ բնակչության ֆիզիկական ոչնչացման իրական վտանգի, քանի որ Հայաստանը մնալու է թուրքական տանդեմի դեմ մեն-մենակ։ Ի դեպ, հիմա Ռուսաստանը կրկին գտնվում է գերընդլայնման (overexpansion) փուլի մեջ, ինչը մեծացնում է այնտեղ ֆորսմաժորային իրավիճակների հնարավորությունը։

Մյուս տարբերությունն այն է, որ եթե Ուկրաինայի կամ Վրաստանի դեպքում Ռուսաստանը գործ ուներ բանակից եւ անվտանգության կառույցներից զուրկ պետությունների հետ, ապա Հայաստանն ուներ ուժեղ բանակ եւ նրան հաղթելու համար կարիք եղավ նախապես ներդնել Նիկոլ Փաշինյանի գործակալական ռեժիմը, որը փլուզեց Հայաստանի զինված ուժերը եւ հնարավոր դարձրեց Հայաստանի օկուպացիան։

Երրորդ կարեւոր առանձնահատկությունը Հայաստանում opinion maker-ների՝ ընդդիմության, մամուլի, էքսպերտների, հասարակական կազմակերպությունների նկատմամբ Ռուսաստանի համարյա ամբողջական վերահսկողությունն է։ Եթե այլ երկրների դեպքում ռուսական օկուպացիայի արդյունքում հանրությունն ամբողջապես մոբիլիզացվեց, ստիպված եղավ վերարաժեւորել նախապատվությունները, ինչը, իհարկե, շատ արագ հանգեցրեց ռեժիմի փոփոխության (ճիշտ է՝ շատ դեպքերում ոչ պակաս պոպուլիստական), ապա Հայաստանի դեպքում հնարավոր եղավ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի վերարտադրությունը։ Ավելորդ չի նշել, որ եթե մյուս երկրներում գերիշխում է օկուպանտից ազատագրվելու հրամայականը՝ որպես ազգային վերածննդի նախապայման, ապա Հայաստանի հանրային միտքը այդ մանիպուլյացիաների շնորհիվ դեռեւս դեգերում է նախկիններին կուլակաթափելուց մինչեւ թուրքական ինվեստիցիաներով ծաղկելու անհեթեթությունների միջեւ։

Հայաստանում դեռևս չկա ձեւակերպված արժանապատվության եւ ազատագրման հրամայական, ինչը նշանակում է, որ այս գաղափարները չեն կարող դառնալ քաղաքական նպատակ։

Որպես չորրորդ առանձնահատկություն` նշենք այն, որ Նիկոլ Փաշինյանի գործակալան ռեժիմը երկիրը հանձնելու համար ոչնչացրեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ այդ պատճառով էլ թե 44-օրյա պատերազմի ժամանակ, թե այժմ սողացող օկուպացիայի ժամանակ արտաքին աշխարհի կողմից ոչ միայն գործողություններ, այլեւ բարի խոսք չի հնչում։ Ուկրաինան, Վրաստանը, անգամ Մոլդովան շարունակաբար Արեւմուտքի օրակարգում են, մինչդեռ Հայստանի մասին խոսք չկա։ Նման, մեկուսացումը, իհարկե, էապես բարդացնելու է Հայաստանի եւ Արցախի անկախության եւ տարածքային ամբողջականության վերականգնումը։

ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս