Ի՞նչ ստորագրեցին Իրանն ու Ադրբեջանը Աշգաբադում, և ի՞նչ է դա նշանակում Հայաստանի համար

Նոյեմբերի 28-ին Աշգաբադում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի ընթացքում Իրանը, Ադրբեջանն ու Թուրքմենստանը՝ Կասպից ծովի երեք երկրները, կնքեցին գազի տարանցման աննախադեպ խոշոր եռակողմ համաձայնագիր, իսկ իրենց իսկ մեկնաբանությամբ՝ դարակազմիկ և պատմական համաձայնագիր։

Հաղորդվում է նաև, որ Թեհրանն ու Բաքուն առաջիկա շաբաթներին կարող են համաձայնագիր ստորագրել Կասպից ծովում նավթագազային հանքավայրերի համատեղ շահագործման մասին:

Թուրքմենստան-Իրան-Ադրբեջան գազի փոխանակման համաձայնագիր

Աշգաբադում ստորագրված եռակողմ համաձայնագրի համաձայն՝ ամեն տարի Թուրքմենստանից Ադրբեջան Իրանի տարածքով 1,5-2 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարվելու սվոփային տարբերակով՝ Իրանը Թուրքմենստանից տարեկան մինչև 2 միլիարդ խորանարդ մետր գազ է ստանալու, նույնչափ էլ փոխանցելու է Ադրբեջանին՝ Աստարայի սահմանին։

Նմանատիպ գործարքը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ու էներգետիկ տեսանկյունից ձեռնտու է երեք երկրներին. Իրանը մեծ գումարներ է պարտք Թուրքմենստանին իր հյուսիս մատակարարված գազի դիմաց, իսկ այս համաձայնագրով Թուրքմենստանը կվերսկսի Իրանի հյուսիս-արևելք մատակարարումները, փոխարենը՝ Թեհրանը վառելիք կմատակարարի Ադրբեջանին:

Լուծվում է իրանաթուրքմենական գազային հակամարտությունը

Հարկ է մի փոքր պարզաբանել, թե ինչում է կայանում իրանաթուրքմենական գազային հակամարտությունը: 2017 թվականի հունվարի 1-ից Թուրքմենստանը դադարեցրել է գազի մատակարարումը Իրան՝ ավելի վաղ մատակարարված գազի դիմաց իրանական ընկերության մեծ պարտքի պատճառով։ Երկարատև բանակցություններից հետո կողմերը չեկան վճարման խնդրի լուծմանը, և պետական Թուրքմենգազը ստիպված եղավ հայց ներկայացնել Միջազգային արբիտրաժային դատարան (ICA): 2020 թվականին ICA-ն իրանաթուրքմենական գազային վեճի վերաբերյալ վճիռ է հրապարակել հօգուտ Թուրքմենստանի։

Սակայն Իրանն այս տարիների ընթացքում հատկապես ձմռան ամիսներին մշտապես խնդիր է ունեցել իր արևելյան, հարավ-արևելյան և որոշ հյուսիսային հատվածներ էներգամատակարարման հետ կապված համապատասխան ենթակառուցվածքների բացակայության պատճառով, ուստի երկրի ներսում այս խնդրի լուծումը մշտապես դիտարկվել է թուրքմենական գազի ներկրումը: Քաղաքական որոշ շրջանակներ պնդում են, որ Թուրքմենստանի հետ գազի առևտրի ընդմիջումը մեծ վնաս է հասցրել Իրանին, և ընդգծում, որ գազի ներկրման հարցը չի հակասում երկրի էներգետիկ անկախության ընդհանուր քաղաքականությանը։ Ավելին, Իրանում կարծում էին, որ Թուրքմենստանից գազի ներկրման վերսկսումը կարող է մասամբ փոխհատուցել ձմռանը երկրում բնական գազի դեֆիցիտը, և այդ միջոցը, բացի ներքին կարիքների բավարարումից, կարևոր է նաև դիվանագիտական ​​տեսանկյունից։

Ի՞նչ խնդիրներ են լուծում Թուրքմենստանը, Իրանն ու Ադրբեջանն այս համաձայնագրով

Նախ եռակողմ համաձայնագիրը կարծես անժամկետ է, և ուժի մեջ կմտնի արդեն դեկտեմբերից։ Թուրքմենստանը գազի պաշարներով չորրորդն է աշխարհում, սակայն ունի մատակարարման ենթակառուցվածքային խնդիրներ, և այս համաձայնագիրը հնարավորություն է տալիս լուծել այդ խնդիրը՝ բնականաբար, նաև մեծ գումարներ աշխատելով:

Մի շարք կանխատեսումների համաձայն, թեև դեռ պաշտոնապես չի հաղորդվում, սակայն Ադրբեջանն իր ենթակառուցվածքներով կկարողանա ավելացնել մատակարարումները Եվրոպա և օգնել նրանց ոչ միայն կարճաժամկետ կարիքների համար, այլև ավելի երկարաժամկետ նպատակներով: Ավելին, այն դեպքում, երբ ողջ աշխարհը, հատկապես՝ Եվրոպան, ունի բնական գազի աննախադեպ պահանջարկ, սա բավականին բազմիմաստ ու բազմաթիվ էֆեկտներով համաձայնագիր է:

Իրանը լուծում է պարտքերի և արևելյան, հյուսիսային շրջաններ գազ մատակարարելու հարցը, մեծացնելով իր դերակատարությունը տարածաշրջանի համար՝ որպես տարանցիկ երկիր, իսկ Ադրբեջանը ստանում է հնարավորություն TANAP-ը շահագործել ավելի մեծ ծավալով, իսկ այս էներգետիկ պրոյեկտը Հարավային գազային միջանցքի կարևորագույն բաղադրիչն է: ՀԳՄ-ն, ի դեպ, ԵՄ նախաձեռնությունն է, որի նպատակն էր դիվերսիֆիկացնել դեպի Եվրոպա բնական գազի մատակարարումը ՝ նվազեցնելով կախվածությունը ռուսական գազից: Եվ փաստորեն, եռակողմ համաձայնագիրը կարող է դառնալ կարևոր հանգրվան այս նպատակի իրագործման ճանապարհին:

Եռակողմ համաձայնագիրը Թեհրան-Բաքու սրացումից հետո

Ուշագրավը հատկապես այն հանգամանքն է, որ այս ամենը տեղի է ունենում այն բանից հետո, երբ սեպտեմբեր ամսին իրանաադրբեջանական դիվանագիտական լարվածություն բռնկվեց Գորիս-Կապան մայրուղու Որոտանի հատվածում ադրբեջանցի ոստիկանների՝ իրանցի վարորդների դեմ գործողությունների հետևանքով: Բանը հասել էր նրան, որ երկու հարևան երկրները զորավարժություններով միմյանց ուժ էին ցուցադրում և փոխանակվում բավականին կոշտ դիվանագիտական հայտարարություններով: Սակայն այս լարվածությունից ուղիղ երկու ամիս անց Իրանն ու Ադրբեջանը նման համաձայնագիր են կնքում, սրան նախորդեցին ինտենսիվ դիվանագիտական շփումներն Իրանի և Ադրբեջանի միջև:

Հատկանշական է նաև, որ Աշգաբադում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հանդիպեց իր թուրքմեն պաշտոնակցի՝ նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ, նշելով, որ Թուրքիան ձգտում է զարգացնել հարաբերություններն ու մեծացնել առևտուրը Թուրքմենստանի հետ մինչև 5 միլիարդ դոլարի չափով: Մի շարք պնդումների համաձայն, այս համաձայնագրի ետևում, բնականաբար, կանգնած է Թուրքիան, ով ցանկանում է լիովին վերահսկել այս գոտու էներգետիկ շարժերը:

Կարելի է արձանագրել, որ Հայաստանի շուրջ թյուրքական ազդեցությունն օրեցօր ավելանում է, Թուրքիան մեծացնում է թե իր քաղաքական, էներգետիկ, ենթակառուցվածքային ազդեցությունը Հարավային Կովկասում և ավելի մեծ ռեգիոնում, Եվրոպայում, զուգահեռաբար թուլացնելով ռուսական ազդեցությունը և անընդհատ մաշեցնելով, քայքայելով ՀՀ բանակցային դիրքերը: Ավելին, այս համաձայնագիրը կապում են նաև, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հետ:

Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին մեզ հետ զրույցում ասաց, որ գործարքն էական հանգրվան է տարածաշրջանի երկրների համար, քանի որ այն նախ էներգետիկ խնդիրները լուծելու, գումար աշխատելու և այդ ամենի միջոցով քաղաքական բոլոր խնդիրները հարթելու անհրաժեշտություն է թելադրելու:

Ըստ նրա, պատահական չի, որ դա հենց այս փուլում է կնքվում, երբ եղավ սուր հակամարտություն Թեհրանի և Բաքվի միջև: Այնուամենայնիվ, վերլուծաբանի խոսքով, Բաքուն, որն այս փուլում լուծված է համարում իր հակամարտությունը, անցում է կատարել ենթակառուցվածքային երկարաժամկետ ու ռազմավարական խնդիրների լուծմանը Թուրքիայի հովանու ներքո:

Նադեին-Ռաևսկու պնդմամբ, այս ամենն արվում է Թուրքիայի հովանու ներքո:

«Սա ունի և քաղաքական, և տնտեսական մեծ բաղադրիչ, և ամենակարևորը՝ աշխարհաքաղաքական: Ես շատ եմ խոսել այն մասին, որ թյուրքական ընդլայնման քաղաքականությունը ամեն ոլորտում վնասելու է ՌԴ շահերին: Բնականաբար, դա վնասելու է նաև Հայաստանին, որը վստահելի հարևան չունի, և որի շուրջ այս օղակն ամրապնդվում է: Ինչպես տեսնում ենք, գործընթացները շատ արագ են տրանսֆորմացվում, և ևս երկու ամիս գուցե այլ իրավիճակի ականատեսը դառնանք: Սակայն նման արագ իրադարձությունների պարագայում գերակտիվ և գերճկուն դիվանագիտություն է հարկավոր, որը նման ջախջախիչ պատերազմից հետո չափազանց բարդ է: Սա, բնականաբար, Հայաստանի օգտին չէ, քանի որ պատերազմը Ադրբեջանին հնարավորություն տվեց մեծացնել իր դերակատարությունը մի շարք ուղղություններով, իսկ Հայաստանը փոքր, ռեսուրս չունեցող երկիր է, որը հետպատերազմյան իրավիճակը չի հաղթահարում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Թուրքմենստանում նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի նախագահությամբ նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 15-րդ գագաթնաժողովը։ Գագաթնաժողովին մասնակցել են Ադրբեջանի, Իրանի, Ղրղըզստանի, Պակիստանի, Տաջիկստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի նախագահները և Ղազախստանի փոխվարչապետը, ինչպես նաև ՏՀԿ գլխավոր քարտուղար Խուսրավ Նոզիրին։

Տեսանյութեր

Լրահոս