Իրանի նախագահը «եղբայրական» եզրույթը, կարծեք, չի կիրառել, մինչդեռ Բաքվի բռնապետն Իրանն անվանել է եղբայրական պետություն. Իրանագետ

Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի շրջանակներում Աշգաբադում կայացել է Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր նաև Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման և Բաքու-Թեհրան համաձայնագրի մասին: Հիշեցնենք՝ վերջինով նախատեսվում է Թուրքմենստանից Իրանի տարածքով դեպի Ադրբեջան 1,5-2 մլրդ խմ գազ մատակարարել։

Իրանագետ Վարդան Ոսկանյանը, անդրադառնալով իրանաադրբեջանական հարաբերությունների հերթական դրվագին և հատկապես նախագահների հանդիպմանը, 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց. «Իրանցիները հստակորեն արձանագրել են այն հանգամանքը, որ, ըստ էության, Ադրբեջանի տարածքում օտարերկրյա ուժեր կան, որոնք փորձում են խոչընդոտել երկու երկրների հարաբերությունները:

Կա մի ուշագրավ հանգամանք՝ Իրանի նախագահը «եղբայրական» եզրույթը, կարծեք թե, չի կիրառել (համենայն դեպս, դատելով հրապարակված նյութերից՝ չկա նման բան), մինչդեռ Բաքվի բռնապետն Իրանն անվանել է եղբայրական պետություն: Սա ցուցիչ է նրա, որ Ադրբեջանում լուրջ վախեր և անհանգստություններ կան՝ իրանական ակտիվության հետ կապված»:

Իրանագետը հավելեց նաև, որ թեև իրանաադրբեջանական խնդիրները շարունակում են մնալ չլուծված, սակայն հաշվի առնելով Իրանի միջազգային դրությունը՝ հատկապես ամերիկյան պատժամիջոցների առկայությունը, իրանցիները փորձում են գործել սեփական ռեսուրսների խելամիտ բաշխման եղանակով, և «որտեղ հնարավոր է լարվածությունից խուսափել, բայց ոչ ի հաշիվ իրանական շահերի, դա անում են»:

«Իրանի ներսում շատ լավ հասկանում են, որ, ըստ էության, ի դեմս Ադրբեջանի՝ գործ ունեն թշնամական պետության հետ, և իրենց գործողություններն իրականացնելու են ինչպեսև միշտ՝ մտրակի և քաղցրաբլիթի քաղաքականության շրջանակներում: Անհրաժեշտության դեպքում, մենք տեսանք՝ Իրանը, բացի բանակցային ճանապարհով խնդիրները կարգավորելը, կիրառեց նաև ուժի գործադրության սպառնալիք,- նշեց Վարդան Ոսկանյանը: Նա տարածաշրջանային նոր ու փոփոխվող վերաձևումների համատեքստում կարևորեց նաև Իրանի հետ Հայաստանի կողմից տարվող աշխատանքների անհրաժեշտությունը,- Մենք պարբերաբար կրկնում ենք, որ աշխատանքներ պետք է տարվեն, իսկ թե որքանով են այդ աշխատանքները տարվում, շատ դժվար է ասել. դատելով առկա տեղեկատվությունից՝ առանձնապես մեծ քայլեր այս ուղղությամբ չեն տարվում»:

Հարցին՝ արդյոք հայ-իրանական հարաբերություններում վերջին տարիներին առկա «անցանկալի» դրվագները՝ ինչպես, օրինակ, վարչապետի կողմից հայ-իրանական սահմանի մասին երկիմաստ հայտարարությունները, չե՞ն ստվերել հայ-իրանական հարաբերությունները, արդյո՞ք տարածաշրջանում մենք շարունակում ենք Իրանի համար մնալ հուսալի գործընկեր, նա պատասխանեց.

«Իրանցիները Հայաստանի հետ հարաբերությունները կառուցելիս հաշվի են առնում, որ Հայաստանում պարբերաբար իշխանությունները կարող են փոխվել, բայց հայ ժողովրդի, հայկական պետականության հետ բարեկամական հարաբերությունների պահպանումն Իրանի կենսական շահերի տիրույթում է:

Անշուշտ, այդ հայտարարությունները, տարբեր խնդիրներին տարերային մոտեցումները բացասական հետևանքներ թողել են հարաբերությունների վրա, բայց իրանցիները, անկախ ամեն ինչից, փորձելու են մեզ հետ հարաբերությունները կառուցել և խորացնել՝ հաշվի առնելով հանգամանքը, որ մեր ժողովուրդն Իրանի համար բարեկամական ժողովուրդ է, և հետևաբար, անկախ ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունից՝ իրանցիները շարունակելու են փորձել զարգացնել հարաբերությունները մեր պետության հետ»:

Տեսանյութեր

Լրահոս