«Ադրբեջանը կարող է ասել, որ եթե սահմանազատում, սահմանագծում չարվի, մենք կգանք և ուժային եղանակով կվերցնենք՝ հենվելով ՀՀ վարչապետի խոսքերի վրա»․ քաղաքագետ
Սոչիում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին-Ալիև բանակցություններն ավարտվեցին եռակողմ հայտարարության ընդունմամբ, որով ամրագրվում է.
Երեք երկրների ղեկավարները՝
– Քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման իրագործման, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին հայտարարության կատարման ընթացքը:
– Վերահաստատել 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների հետագա, հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման։ Պայմանավորվել ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների շուտափույթ լուծմանը։
– Նշել են Ռուսական խաղաղապահ առաքելության կարևոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում։
– Պայմանավորվել են ադրբեջանահայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման վրա Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։
– Բարձր են գնահատել 2021թ. հունվարի 11-ի հայտարարության համաձայն ստեղծված՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։
– Ընդգծել են տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու համար կոնկրետ ծրագրերի հնարավորինս արագ մեկնարկի անհրաժեշտությունը։
Հայաստանյան վերլուծական, քաղաքական ու հասարակական տարբեր շրջանակներ, սակայն, այս հայտարարությունը համարում են հայկական շահերը շրջանցող հերթական հերթապահ արձանագրումը՝ նկատելով, որ այդ տեքստում որևէ խոսք չկա հայ ռազմագերիների, Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի և ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերման մասին:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով, այդուհանդերձ, գերիների մասին կետ չէր կարող ներառվել հայտարարության մեջ:
«Գերիների հարցը պետք է լուծվի ոչ թե հայտարարությամբ, այլ բանակցությունների միջոցով, և որքանով գիտենք՝ այդ կետի իրականացման պատասխանատվությունը Ռուսաստանի վրա է, և ինչ-որ քայլեր իրենք անում են: Հայտարարության մեջ այդ կետի հայտնվելը անտրամաբանական կլիներ նաև այդ պատճառներով»,- ասաց քաղաքագետը, ապա անդրադառնալով այս հարցում հայկական կողմի բանակցային քայլերին՝ արձանագրեց, որ խնդրով բանակցող պատասխանատու որևէ պաշտոնյայի, մարմնի անուն ցայսօր հայտնի չէ:
Իսկ ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ կետի բացակայությունը, ըստ նրա, պետք է դիտարկել նաև վարչապետ Փաշինյանի հայտարարությունների համատեքստում:
«Եթե գործող վարչապետն ասում է՝ կան տարածքներ, որոնք քարտեզով պատկանում են Ադրբեջանին, բայց մեր տիրապետության տակ են, ապա ցանկացած պահի Ադրբեջանը կարող է այդ հայտարարությունը ցույց տալ և ասել, որ մեր տարածքները ձեր տիրապետության տակ են, և եթե սահմանազատում, սահմանագծում չարվի, մենք կգանք և ուժային եղանակով կվերցնենք՝ հենվելով ՀՀ վարչապետի խոսքերի վրա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ստեփան Դանիելյանը:
Ի պատասխան հարցին, թե ի՞նչ պետք է ակնկալել Բրյուսելյան հանդիպումից. արդյո՞ք այդ հանդիպումը ևս նման արձանագրումների հարթակ կդառնա՝ նա արձանագրեց, որ Եվրամիությունը հայ-ադրբեջանական կոնֆլիկտում միջնորդ չի հանդիսանում, չունի որևէ մանդատ ու լծակներ.
«Կարծում եմ՝ մանդատը, որ ունի ԵՄ-ն, մշակութային կոթողների, գերիների և նմանատիպ հումանիտար այլ հարցերն են»:
Քաղաքագետի համոզմամբ՝ եռակողմ հանդիպմանը հաջորդած մի շարք տարածաշրջանային պայմանավորվածություններ ու փոխայցեր կրկին առնչվում են հանդիպմանը և այդ հանդիպման արդյունքներին:
Այս շրջանակներում նա դիտարկեց նաև Բաքու-Թեհրան համաձայնագիրը, որով նախատեսվում է Թուրքմենստանից Իրանի տարածքով դեպի Ադրբեջան 1,5-2 մլրդ խմ գազ մատակարարել։
Ստեփան Դանիելյանն այս գործընթացներում կարևորեց իրանական արձագանքը՝ նկատելով. «Իրանի արձագանքը երկու տիպի է: Առաջինը՝ պարբերաբար կրկնում են, որ տարածքային փոփոխություններ թույլ չեն տա: Տարածքային փոփոխություններ կարելի է նաև ընկալել՝ որպես Հայաստանով անցնող կոմունիկացիաների սուվերենության հարց։ Այսինքն՝ իրենք դեմ են, որպեսզի ճանապարհների վրա այդ սուվերենությունը փոխվի:
Նաև ողջունում են այդ համաձայնությունը, որպեսզի բոլոր ճանապարհները և բոլոր կոմունիկացիաները բացվեն, և պատահական չէր, որ դրանից հետո թուրքմենական գազի համաձայնությունը ձեռք բերվեց: Ըստ երևույթին, այդ թուրքմենական գազը Իրանի տարածքով, Ադրբեջանով գնալու է դեպի Եվրոպա, և հաշվի առնելով Եվրոպայում գազի խնդիրը, կարող ենք պատասխանել նաև, թե ինչու է ԵՄ-ն շահագրգռված կոմունիկացիաների բացմամբ»: