Բաժիններ՝

Զգացողություն է՝ կարծես Ազնավուրն ինձ որպես դեսպան է կարգել իր պոեզիան ներկայացնելու համար․ Արամ Հովհաննիսյան

Մեկ արտիստ ու Մեկ Ազնավուր․ Մոսկվայի տանը բեմադրված «Ազնավուրը Ազնավուրի մասին» մոնոներկայացման սցենարի, բեմադրության, նկարչական և երաժշտական ձևավորման հեղինակը դերասան, բեմադրիչ Արամ Հովհաննիսյանն է, միակ արտիստը՝ ևս։ Պրոդյուսերը՝ Մարիաննա Ֆրունջյանն է։

Բեմում պոետ Ազնավուրն է, որին դերասանը փորձել է առավել մոտենալ՝ ամիսներ շարունակ մանրակրկիտ ուսումնասիրելով աշխարհահռչակ շանսոնյեի կենսագրությունն ու ստեղծագործությունները։

«Դասականությունը մոդերն մոտեցմամբ է ներկայացվում ՝ ինչպես և թելադրում է ինքը՝ Ազնավուրն իր օրինակով։ Ամեն օր լսել եմ, ընթերցել՝ համոզվելու համար՝ ճի՞շտ է այն ճանապահը, որով բեմադրել եմ, որովհետև միլիոնավոր ձևով կարելի է բեմադրել Ազնավուր․ նա տալիս է այդ հնարավորությունը։

Այո, նա այդքան հզոր է. և ինչպես ինքն է ասում էդիտ Պիաֆի համար, թե «Ջիբրալթար ժայռի նման մեծ» սիրտ ունի, մենք էլ կարող ենք ասել, որ այդ փոքրամարմին տաղանդը, նվիրյալ հայը՝ Շարլ Ազնավուրը, Արարատ լեռան նման հզոր սիրտ, մտքեր ու գաղափարներ ուներ»,- 168.am –ի հետ զրույցում նշեց Արամ Հովհաննիսյանը։

Արտիստին ոգևորել է հանդիսատեսի արձագանքը․ նա ստանում է բազմաթիվ նամակներ, որոնք շնորհակալությամբ են նշում՝ «Ազնավուրը Ազնավուրի մասին» ներկայացմամբ իրենք նորովի բացահայտեցին Ազնավուրին ու առավել մոտեցան նրան։

«Ես երջանիկ եմ, որ ստացվեց։ Ի դեպ, ներկայացումը փառատոնային է և այնպես եմ բեմադրել, որ հնարավորություն է տալիս՝ հանդիսատեսը լինի ցանկացած ազգության՝ ինչպես և Շարլն էր համամարդկային։ Այն կարող է շրջել ու հյուրախաղերով ներկայանալ տարբեր երկրներում:

Այնպիսինն է իմ զգացողությունը, որ կարծես Ազնավուրը ինձ որպես արտակարգ և լիազոր դեսպան է կարգել, որպեսզի ես աշխարհով մեկ ներկայացնեմ իր կենսագրությունն ու պոեզիան»,- եզրափակեց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս