«Բենզալցակայանը սկսել են տեղադրել այն ժամանակ, երբ ճանապարհն արդեն փակել էին, այդ ճանապարհից մենք հիմա չենք օգտվում». Որոտանի գյուղապետ
Երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանական «SOCAR»-ը Գորիս-Կապան ավտոճանապարհին ինքնասպասարկվող բենզալցակայան է տեղադրել։
Թշնամին բենզալցակայան է դրել նոյեմբերի 10-ին այդ նույն ճանապարհահատվածին մաքսակետ տեղադրելուց հետո։
168.am-ի հետ զրույցում Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանն ասաց, որ ինչ թշնամին այդ ճանապարհին մաքսակետ է դրել, իրենք այդ ճանապարհից չեն օգտվում՝ օգտվում են այլընտրանքային ճանապարհից։
«Այդ բենզալցակայանը սկսել են տեղադրել այն ժամանակ, երբ ճանապարհն արդեն փակել էին, ու մենք չէինք օգտվում, հիմա ամեն ինչ իրենց հսկողության տակ են վերցրել։ Մենք կոնկրետ այս պահին չգիտենք էլ՝ ինչեր են անում այդ ճանապարհին, քանի որ մեր առջև ճանապարհը փակ է»,- նշեց Սուրեն Օհանջանյանը։
Նրա խոսքով՝ այս պահին գյուղում իրավիճակը նորմալ է, բայց այնպես չէ, որ ամեն ինչ իդեալական է։
Այլ հարցերի Սուրեն Օհանջանյանը չկարողացավ պատասխանել, քանի որ նոր է վիրահատվել։
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 10-ին Հանրայինի եթերում նախ հայտարարեց, որ ադրբեջանական կողմը մաքսակետ է տեղադրելու Որոտանի հատվածում, իսկ հաջորդ օրը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե ՀՀ քաղաքացիներն ուզում են օգտվել այդ ճանապարհից, ապա իր տրամաբանությունը հուշում է, որ ադրբեջանական կողմին որոշակի գումար պետք է վճարեն։