Ադրբեջանական «SOCAR»-ը Գորիս-Կապան ավտոճանապարհին բենզալցակայան է տեղադրել
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում տալով «SOCAR»-ի ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովին, տեղեկություն են տարածել, որ ադրբեջանական «SOCAR»-ը Գորիս-Կապան ավտոճանապարհին բենզալցակայան է տեղադրել՝ ինքնասպասարկման մոդելով։
Վաճառվելու է «Պրեմիում ԱԻ 95» և «ԱԻ-92» տեսակի բենզին և դիզելային վառելիք։
168.am-ի տեղեկություններով, ադրբեջանական կայքերի տեղեկությունները ճիշտ են: Մեզ մեր աղբյուրները փոխանցեցին, որ ավելի վաղ էր պարզ, որ Որոտանի մոտ ոստիկանական հենակետ տեղակայած ադրբեջանցիները պատրաստվում են վառելիքի լցակայան կառուցել Գորիս-Կապան ճանապարհին:
Նշենք, որ դեռ սեպտեմբերին 168.am-ը գրել էր, որ Ադրբեջանը նպատակ ունի «հեռացնել» իրանական վառելիքաքսուքային նյութերը Ղարաբաղի տարածքից:
Մասնավորապես, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն ադրբեջանական «ՍԲՍ» հեռոսւտաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ իրանական վառելիքատար մեքենաները հայկական համարներ են տեղադրում՝ կարծելով, թե ադրբեջանական կողմը գլխի չի ընկնի, այնուհետ շարունակել, որ չպետք է սահմանափակվել միայն իրանական մեքենաները կանգնեցնելով և ստուգելով:
«Քանի որ այդտեղ հայերն ապրում են, անգամ, եթե զբաղվում են «սեպարատիզմով», բայց նրանք կարիք ունեն վառելիքաքսուքային նյութերի, ինչպես նաև՝ ռուս խաղաղապահները, ուստի, կարծում եմ, Ադրբեջանը պետք է մեխանիզմ մտածի՝ «հեռացնել» իրանական վառելիքաքսուքային նյութերը Ղարաբաղի տարածքից: Մենք ինքներս միանգամայն կարող ենք նմանօրինակ նյութեր տրամադրել ռուս խաղաղապահների միջոցով և առաջարկել այնպիսի մրցունակ գներ, որի դեպքում խաղաղապահներն իրենց համար փոքր օգուտով կկարողանան վերավաճառել Ղարաբաղի հայերին: Արդյունքում՝ մենք այդ շուկայից Իրանին դուրս կմղենք, վերջիվերջո, դա մեր տարածքն է, և այդտեղ պետք է իրացվի ադրբեջանական արտադրանքը: Մյուս կողմից, դրանով և՛ ռուս խաղաղապահների, և՛ Ղարաբաղի հայերի կախվածությունը կուժեղացնենք մեր մատակարարումներից»,- շեշտել էր Մուսաբեկովը: