Առաջին տեղում Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին» գիրքն է
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հոկտեմբերի վաճառքների։
Առաջին տեղում Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին» գիրքն է, որը համաշխարհային բեսթսելերների շարքում է: Վաճառվել է ավելի քան 6 միլիոն օրինակ, թարգմանվել՝ ավելի քան 42 լեզվով: Գիրքը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ուզում են փոխել իրենց մտածելակերպը, չեն վախենում դժվարություններից և փորձում են կյանքում առաջ գնալ ու հասնել հաջողությունների:
Երկրորդ հորիզոնականում է Գարեգին Նժդեհի «Չխրատվող ժողովուրդը»: Խորհրդածությունների և հոդվածների այս գրքում Նժդեհը դիմում է հայ երիտասարդությանը՝ մղելով ինքնաճանաչողության: Նա անդրադառնում է մեր բնավորությանը, պատմական առաքելությանը, տարածաշրջանում մեր հնարավորություններին: Խոսելով ապագայի պատերազմներից՝ Նժդեհը խրախուսում է Հայաստանում ռազմարդյունաբերության հիմնումը: Նա գերակա է համարում մեր ժողովրդի հավաքական պայքարը, որովհետև այդպես «ավելի ուժեղ ենք, քան ժամանակավոր դժբախտությունը»:
Երրորդ տեղում է Նիլ Ֆերգյուսոնի «Հրապարակն ու Աշտարակը»։ 21-րդ դարը հայտարարվել է Ցանցերի դար։ Այս գրքում Նիլ Ֆերգյուսոնը փաստարկում է, որ ցանցերը միշտ են եղել մեզ հետ՝ ուղեղի կառուցվածքից մինչեւ կերակրաշղթա, տոհմածառից մինչեւ մասոններ։ Բարձր աշտարակներում տեղավորված հիերարխիաները պատմության ընթացքում հաստատում էին իրենց իշխանությունը, սակայն իրական իշխանությունը հաճախ ներքեւում տարածվող քաղաքի հրապարակում էր։
Սեմյուել Հանթինգթոնի «Քաղաքակրթությունների բախումը և աշխարհակարգի վերափոխումը» չորրորդ տեղում է։ Հանթինգթոնը պնդում է, որ միջազգային հարաբերություններում պետությունների և գաղափարախոսությունների միջև պայքարը փոխարինվել է մի քանի խոշոր քաղաքակրթությունների միջև հակամարտությամբ: Հեղինակը բացատրում է, որ քաղաքակրթությունների բախումը լրջագույն մարտահրավեր է համաշխարհային խաղաղությանը, հետևաբար դրա այլընտրանքն ու պատերազմի դեմ ամենահուսալի պաշտպանը քաղաքակրթահեն միջազգային կարգերն են:
Մարկ Մենսոնի «Գայթակղելու նուրբ արվեստը» հինգերորդ տեղում է։ «Թքած ունենալու նուրբ արվեստը» եւ «Թքել ենք բոլորս» բեսթսելերների հեղինակ Մարկ Մենսոնը ներկայացնում է սիրային հարաբերություններին նվիրված շատ գործնական ուղեցույց։ Մարկի խորհուրդներն այս թեմայով բազմաթիվ այլ գրքերից ու մեթոդներից առանձնանում են իրատեսական հիմնավորումներով։ Մի՛ խաբեք ինքներդ Ձեզ եւ դիմացինին, ասում է հեղինակը, սովորեք շփվել մարդկանց հետ, Ձեզ մի՛ երեւակայեք։ Ինքնակատարելագործվե՛ք։ Մարդուն դուր է գալիս դիմացինի անկեղծությունը, անշահախնդրությունը, անկախությունն ու խոցելիությունը։ Այո՛, կանանց դուր են գալիս խոցելի տղամարդիկ։ Ոչ թե որպես հնարք, այլ որպես կենսակերպ ու մտածողություն։ Ձեզ մերժե՞լ են։ Նորմալ է։ Հաղթելու եւ սիրելի էակի սիրտը գրավելու համար պետք է մի կողմ թողնել վախերը։
Կանադացի գրող Ռոբին Շարմայի «Առաջնորդ՝ առանց պաշտոնի» միջազգային բեսթսելերը վեցերորդ տեղում է: Շարման մոտիվացիայի, առաջնորդության և ինքնազարգացման ամենահայտնի մասնագետներից է: Այս գիրքը հրատարակվել է աշխարհի տարբեր լեզուներով, վաճառվել միլիոնավոր օրինակներ: Եթե ինչ-որ մեկն ուզում է հաջողության հասնել, ապա պետք է կարդա այս գիրքը. այն յուրաքանչյուրին կսովորեցնի ճիշտ գործել, օրը նպատակային դարձնել…
Ռոբին Շարմայի «Ով լաց կլինի, երբ դու մահանաս» գիրքը յոթերորդ տեղում է: Ռոբին Շարման իր հերթական բեսթսելերում՝ «Ով լաց կլինի, երբ դու մահանաս» գրքում, շատ պարզ ու հասկանալի լեզվով ընթերցողին փորձում է հաղորդակից դարձնել կյանքի բազում խորիմաստ մտքերի. բացահայտեք ձեր կոչումը, սեփական աշխարհայացք ձևավորեք, կառավարեք ձեր ժամանակը, փնտրեք ձեր աշխատանքի գերագույն իմաստը, նպատակներ դնելու հարցում ծանրակշիռ եղեք, դարձեք ձեր կյանքի գործադիր տնօրենը… Կյանքի նպատակը նպատակային կյանքն է…
Ութերորդ հորիզոնականում է Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը: Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։
Իններորդ տեղում է Ջոն Ստրելեքիի «Սրճարան աշխարհի եզրին» համաշխարհային բեսթսելերը: Գրքում հերոսը սեփական կյանքի քաոսից փախչելով հայտնվում է աշխարհից հեռու մի սրճարանում, որտեղ մենյուի հարցերի և մատուցողների հետ զրույցների միջոցով վերագտնում է իր կյանքի իմաստը։ Գիրքը կօգնի յուրաքանչյուրին գտնել իր գոյության նպատակը, փոխել սեփական կյանքը և յուրաքանչյուրին կտա մոտիվացիայի ահռելի չափաբաժին 2021-ը որպես նոր մարդ դիմավորելու համար:
Ռաֆայել Համբարձումյանի «Գարեգին Նժդեհ. կենսատարեգրություն, մտամասունքներ» գիրքը տասներորդ տեղում է։ Գարեգին Նժդեհի վարքի առանցքային դրվագները, ասույթների ընտրանին և տպագիր ու անտիպ գրքերի ու հոդվածների ցանկերը աշխատությունը դարձնում են XX դ. հայոց ազատամարտի ռազմագաղափարական առաջնորդի մասին յուրատեսակ հանրագիտարան: Արձանագրելով, որ Գարեգին Նժդեհը 20-րդ դարի համաշխարհային ռազմաքաղաքական մտքի բացառիկ դեմքերից է, գիրքը ներկայացնում է նրա եզակի դերը նաև ռազմագիտության ու ռազմարվեստի համաշխարհային պատմության մեջ: