Մեքենաների վրա հարյուր հազարավոր դոլարներ են ծախսում, թող թեստերի գումարն էլ տան. Արամ Վարդևանյան

«Նման ուղիղ դիրքորոշում նույնիսկ Առողջապահության նախարարությունը չի հայտնել: Իսկ ի՞նչ է, պատվաստման գործընթացը կարող է իրականացվել բացառապես հրամանի մակարդակո՞ւմ: Այստեղ խնդիրը երկու բաղադրիչ ունի՝ նախ հրամանով չէր կարող նման կարգավորում սահմանվել, որովհետև գոյություն ունի իրավական պետության սկզբունք, ոչ նման հարցերը կարգավորվում են օրենքով: Ի դեպ, զարմանալի է, այս իշխանությունները, սնդիկից սկսած մինչև համայնքների խոշորացում, բերում են, 24 ժամում ընդունում օրենք, սրա վերաբերյալ օրենք չէին կարողանում բերել ու անցկացնե՞լ»,- Սահմանադրական դատարանի (ՍԴ) նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ-ում դիմող կողմի՝ Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Առողջապահության նախարարության (ԱՆ) ներկայացուցչի այն դիրքորոշմանը, որ եթե ՍԴ-ն այս հրամանը ճանաչի հակասահմանադրական, դա կազդի պատվաստումների արդյունավետության վրա:

Ըստ նրա՝ 2-րդ բաղադրիչն այն էր, որ թեստավորման ծախսը պետք է կրի պետությունը, ինչպես եղել է եվրոպական բազմաթիվ երկրներում:

«Նաև ՍԴ-ում քննությունը ցույց տվեց, որ իրականում թեստավորման պահանջը զուտ նրա համար էր, որ մարդկանց գրպանին խփեն, որ նրանք ստիպված գնան, պատվաստվեն: Սա հենց ինքնին պատվաստման քարոզի տեսանկյունից շատ վատ բան է: Զոռով ու ստիպելով երբ փորձում ես մի բան անել, դրանով ոչ մի դրական էֆեկտ չես ստանալու: Չէ՞ որ որոշ ժամանակ անց ռեվակցինացիայի հարց է առաջանում: Այդ ժամանա՞կ էլ պետք է ստիպենք մարդկանց»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Վերջինս նշում է՝ չի կարելի մարդկանց հետ այսպես աշխատել, չի կարելի ասել՝ գիտե՞ք ինչ, եթե այս հրամանի հետ մի բան լինի, այս պրոցեսը կտապալվի:

«Իրականում հարցը կարելի էր շատ ավելի ճիշտ կազմակերպել ու կոմունիկացնել: Ես, ի դեպ, Սկանդինավյան երկրների փորձը երբ ուսումնասիրում էի, նրանք շատ հետաքրքիր մոդել էին ընտրել: Պատվաստման հետ կապված և կորոնավիրուսի դեմ քարոզը իրականացնում էին ոչ թե քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները, այլ մասնագետները: Իսկ Հայաստանում քաղաքական գործիչներից մեկն ասում է՝ ում շունն է կորոնավիրուսը, մյուսը թե՝ ոչ էական վիրուս է, դրա վրա պետք է ծիծաղել: Հենց իրենք են անլրջացրել պայքարը»,- ասաց ՍԴ-ում դիմող կողմի ներկայացուցիչը: Խոսելով կասեցման գործընթացի ու դրա նշանակության վերաբերյալ՝ Արամ Վարդևանյանն ասաց՝ դա կարող էր հանգեցնել նրան, որ մարդկանցից ստիպողաբար թեստի գումար վերցնելը կարող էր վերանայվել:

«Ի դեպ, մի հետաքրքիր բան էլ: ՍԴ-ում երեկ սկսվեց, այսօր շարունակվեց ու մինչև դեկտեմբերի 16-ը հետաձգվեց այս գործով քննությունը: Կառավարությունն ու առողջապահության նախարարը բոլոր հնարավորություններն ունեն հենց այս պահին նախատեսել այն կարգավորումը, որ թեստավորման ծախսերը կկատարի պետությունը: Թող ոչ մեկը չբերի այնպիսի արգումենտ, թե իբրև դրա միջոցները չկան: Մարդկանց պետք չէ միամիտի տեղ դնել: Հարյուր-հազարավոր դոլարների մեքենաների վրա ծախս են նախատեսում, հարյուր-հազարավոր դոլարներ պարգևավճարների վրա են ծախսվում: Էդ միջոցները կան, կան նաև բոլոր գործիքները՝ ազդելու այն մարդկանց վրա, պատժելու նրանց, ովքեր 2000 դրամանոց թեստերը վաճառում են 6-15000 դրամով»,- ասաց Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ կասեցման որոշում կարող էր կայացնել նաև ՍԴ-ն:

Ըստ նրա՝ պատվաստման արդյունավետ ցուցանիշներ գրանցելու համար պետք է Նիկոլ Փաշինյանն ու առողջապահության նախարարը քիչ խոսեն, որովհետև երբ, օրինակ, Նիկոլ Փաշինյանը խոսում է դրա մասին, բոլորը հիշում են նրա հայտնի արտահայտությունները, նույնը՝ նաև առողջապահության նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս