«Պայքարելու ենք, համոզված եմ՝ գալու է ժամանակ, որ Ադրբեջանի կողմից օկուպացրած հողերը հետ ենք բերելու». Ույծ գյուղի վարչական ղեկավար
Արցախի 44-օրյա պատերազմից առաջ Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Ույծ գյուղն Ադրբեջանի հետ սահմանից տասնյակ կիլոմետրերով հեռու էր։ 2020 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ և Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հորդորով Սյունիքում հայկական զորքը 100-150 կմ հետ քաշվեց և բարենպաստ դիրքերը զիջեց թշնամուն՝ Ույծը և բազմաթիվ գյուղեր հայտնվեցին թշնամու թիրախում։
168.am-ի հետ զրույցում Ույծ գյուղի վարչական ղեկավար Արտակ Ավետյանն ասաց, որ Սյունիքում ստեղծված իրավիճակը բնակիչների համար մեծ խնդիրներ է ստեղծել՝ ոչ միայն անվտանգային, այլև ազատ տեղաշարժի հետ կապված, քանի որ թշնամին մաքսակետեր է տեղադրել Կապան-Ճակատեն և Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածներում։
«Ճիշտ է, այդ մաքսակետերը տեղադրելուց հետո ինքս Գորիս չեմ գնացել, բայց եթե դրանք մեր տարածքում են ու մեր ճանապարհների վրա են, նշանակում է՝ բոլորի համար էլ խնդիրներ է ստեղծվում։ Բոլորս դեմ ենք, որ մեր հողում, տարածքում որևէ մեկը ոտնձգություն կատարի, սա մեր սուվերեն տարածքն է, ի՞նչ գործ ունի թշնամու մաքսակետը»,- նշեց Արտակ Ավետյանը։
Միաժամանակ նա տեղեկացրեց, որ նոյեմբերի 16-ին, երբ թշնամին ռազմական ագրեսիայի էր դիմել Սյունիքի մարզում, կրակոցների ձայները գյուղում պարզ լսվել են։
«44-օրյա պատերազմից առաջ մեր գյուղը տասնյակ կիլոմետրերով հեռու էր, պատերազմից հետո սահմանը փոխվեց, մեր գյուղն էլ դարձավ սահմանամերձ, թե ինչո՞ւ՝ չգիտենք։ Ես իմ ամբողջ գիտակցական կյանքում գիտեմ, որ այդ տարածքները հայկական են, մեր պապերն էլ են այդպես իմացել, հիմա ինչպե՞ս դարձան ադրբեջանական։ Դրանք մեր պապական հողերն են, հայկական հողեր են»,- հավելեց Արտակ Ավետյանը։
Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Ույծի վարչական ղեկավարը մեկ ճանապարհ է տեսնում՝ ազգի համախմբվելը։
«Մենք ազգովի պետք է համախմբվենք, ադրբեջանցուն մեկ անգամ իր իսկական տեղը ցույց տանք, որ հասկանա՝ իր հաղթանակած կարգավիճակը ժամանակավոր է։ Մենք պայքարելու ենք, համոզված եմ՝ գալու է ժամանակ, որ Ադրբեջանի կողմից օկուպացրած հողերը հետ ենք բերելու»,- եզրափակեց Արտակ Ավետյանը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ հարց էր հնչել Սյունիքում սահմանային իրավիճակի, ինչպես նաև ՀՀ սուվերեն տարածքում թշնամու հայտնվելու վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Սյունիքում հայկական զորքերը հետ են քաշվել իր անմիջական հրամանով։
«Ես երբևէ հրաժարվե՞լ եմ, որ ես այդ որոշման պատասխանատուն եմ: Երբևէ նման բան եղե՞լ է: Գրավո՞ր է եղել, թե՞ բանավոր է եղել, նախարարը գրավո՞ր է տվել, թե՞ բանավոր՝ իրենց ընթացակարգերով են տալիս հրամանները: Քննարկում եղե՞լ է՝ այո, եղել է: ԱԽ նիստ չի եղել, բայց ԱԽ բոլոր անդամները, Սյունիքի մարզպետը, ԱԳ նախարարը, որ ասում էր՝ մենք տեղյակ չենք, նախարարի տեղակալը, որովհետև հետո ինքը գործուղման էր, մասնակցել են այդ քննարկմանը»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Արտակ Ավետյանի լուսանկարը՝ Hetq.am-ի