Գերմանիայում գյուղատնտեսության նախարար է նշանակվել ծագումով թուրք Ջեմ Օզդեմիրը
Անգելա Մերկելի 16 տարի տևած կառավարումը մոտենում է ավարտին։ Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում Մերկելին փոխարինում է Բունդեսթագի սեպտեմբերյան ընտրություններում հաղթած սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Օլաֆ Շոլցը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սոցիալ-դեմոկրատները կանցլերի պաշտոնից բացի նոր կառավարությունում 7 նախարար կունենան, այդ թվում՝ ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների ղեկավարների պաշտոնները։ Կանաչներին որ կառավարության կազմում հինգ նախարարական պորտֆել է հատկացվել։
Գերմանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Գերմանիայի գյուղատնտեսության նոր նախարար է նշանակվելու խորհրդարանի (Բունդեսթագի) պատգամավոր, «Կանաչների» կուսակցության ներկայացուցիչ, ծագումով թուրք Ջեմ Օզդեմիրը։
Իսկ արտգործնախարարի պաշտոնը կստանձնի կանաչների առաջնորդ Աննալենա Բերբոկը՝ դառնալով գերմանական դիվանագիտության առաջին կին ղեկավարը։
Նշենք, որ Ջեմ Օզդեմիրը Բունդեսթագում քվեարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի օգտին: Նա ծնվել է Գերմանիայում՝ թուրք-չերքեզական ընտանիքում։ Ընտանիքը Գերմանիա է գաղթել Թուրքիայից: Օզդեմիրն ինքն իրեն համարում է աշխարհիկ մուսուլման:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Օզդեմիրին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել էր Մխիթար Գոշի մեդալով: