Այգեկ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է համայնքի ղեկավարի կողմից պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի Այգեկ համայնքի ղեկավարը, 1999 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, տեղյակ լինելով համայնքի մի շարք բնակիչների կողմից իրենց սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասում ինքնակամ ջերմոցներ և բնակելի տներ կառուցելու մասին, դիտավորությամբ որևէ միջոց չի ձեռնարկել՝ տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումները վերացնելու ուղղությամբ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Այգեկ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով (4 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: