««Ձմեռային Նիկոլը» հակասում է «ամառային Նիկոլին», որն իր հերթին՝ հակասում է «գարնանային Նիկոլին»». ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը չի լսել Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ընթերցել է ասուլիսի սղագրված հատվածները:

«Փաշինյանի ձայնն ինձ վրա շատ բացասական է ազդում,- 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց ադրբեջանագետը, ապա անդրադառնալով ասուլիսի բովանդակությանը՝ հավելեց,- Այն, ինչ ասում է, իրարամերժ անհեթեթություն է։ Այսինքն՝ «ձմեռային Նիկոլը» հակասում է «ամառային Նիկոլին», որն իր հերթին՝ հակասում է «գարնանային Նիկոլին», և այդ երեք Նիկոլները հակասում են մինչհեղափոխական Նիկոլին, որը հակասում է հետհեղափոխական Նիկոլին: Այսինքն՝ մենք ունենք մի քանի Նիկոլներ, որոնք իրար մերժում են»:

Այս համատեքստում Արմինե Ադիբեկյանը հիշեցրեց հակասության ամենացայտուն օրինակներից մեկը՝ Ադրբեջանի նախագահի հետ ուղիղ կապի մասին Փաշինյանի հայտարարությունը, նկատելով՝ եթե նա պնդում էր, թե այդ կապն անխափան աշխատում էր, ապա կարելի է եզրակացնել, որ նոյեմբերի 9-ին հաջորդած հակահայկական միջադեպերը և զոհերը տեղի են ունեցել նաև Փաշինյանի իմացությամբ և թույլտվությամբ:

«Հակառակ դեպքում՝ Փաշինյանն ուներ ուղիղ հեռախոսակապ, որով կարող էր Ալիևից տեղեկանալ, թե ինչով է պայմանավորված նման ագրեսիան, և պահանջեր  դադարեցնել այն: Դա տեղի չի ունեցել»,- ասաց նա:

Մեր դիտարկումներին, թե Փաշինյանը, այդուհանդերձ, հայտարարեց, որ՝ «եթե Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչող լինեինք՝ պատերազմ չէր սկսվի», թեև իշխանական պատգամավորները ելույթներով քննադատում էին ՀԱՊԿ դիրքորոշումը, ապա պնդեց, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկվում, և, որ Հայաստանը չի՛ գործելու հարկադրանքի ներքո, ադրբեջանագետն արձագանքեց.

«Մենք հիմա վերադառնում ենք սկզբին, որ կա մի քանի Նիկոլ, և միշտ իրարամերժ հայտարարություններ են արվում: Եվ հետո՝ Նիկոլը երեք տարիների ընթացքում արել է իր կողմից ասվածի ճիշտ հակառակը: Այսինքն՝ եթե նա ասում է, որ «մտադրված չէ», ուրեմն նա «մտադրված է», պարզապես փորձում է մոլորեցնել հասարակությանը»:

Ադրբեջանագետի կարծիքով՝ Փաշինյանն այս ասուլիսով փորձում էր արդարանալ, հետ վերադարձնել իրեն կուրորեն հավատացող զանգվածին, սակայն այդ փորձը ձախողվեց:

«Իր հիմնական մեսիջն այն է, որ՝ ես մեղավոր չեմ: Բոլորը մեղավոր են՝ ադրբեջանցիները, պատգամավորները, ռուսները, ժողովուրդը, ընդդիմությունը, անգամ Հիսուս Քրիստոսը, սակայն նա անմեղ է, և այդ անմեղ հրեշտակին բոլորը փորձում են վիրավորել: Ու հատկապես նա շատ ծանր է տարել, որ իրեն քննադատել են դրոշի համար քաղաքացուն աշխատանքից հեռացնելու ժամանակ, իսկ որ նրա համախոհները դրոշի վրա նստած բլոտ էին խաղում, դա նրան չի վիրավորել:

Մենք կարող ենք ֆիքսել, որ անոնսի տակ գրառումները սկսեցին ջնջվել, նրա էջում արգելափակված է հիմնական ակտիվ մասսան, հենց լայվի տակ քոմենթները անջատված էին. մեկնաբանելու հնարավորություն չկար: Այսինքն՝ գիտեին, որ մեկնաբանություններում սկսվելու է քննադատությունների շարքը, իսկ նրանց  ֆեյքերի ռեսուրսն այնքան քիչ էր, որ հնարավոր է՝ չկարողանային գոնե քանակով ծածկել քննատությունները: Սա ռեյտինգը պոպուլիզմով վերականգնելու անհաջող փորձ էր»,- եզրափակեց Արմինե Ադիբեկյանը:

Տեսանյութեր

Լրահոս