
Հայաստանի իշխանություններն ինչո՞ւ չեն համագործակցում սփյուռքի կարող հայ դիվանագետների հետ. Վահե Մահշիկյան

«Եթե հայկական կողմը շատ լավ աշխատի Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, ապա հնարավոր կլինի սերտ կապեր հաստատել, տարբեր պայմանավորվածություններ ունենալ ու կյանքի կոչել»,- կարծում է Հայ-արաբական միջազգային իրավական խորհրդի գլխավոր քարտուղար Վահե Մահշիկյանը:
Նրա խոսքով՝ ԱՄԷ-ի և Թուրքիայի հարաբերությունները լավ չեն, ոխերիմ թշնամիներ են, բայց երբեմն շահերից ելնելով են հանդիպում:
«Չկա մշտական թշնամություն, միշտ շահերն են գերակշռողը հարաբերություններում: Մեզ ևս կօգնեն ու շատ, եթե պետական կամք գտնվի: Ես արդեն հող էի նախապատրաստել՝ արաբներին մեր կողմը քաշելու համար, ցավոք, հայությունը տարբեր մտածմունքներով է տարված, շվարած են: Պարզվեց, որ մեր երկիրը նեղ օրերի համար բարեկամ չունի, ինչը նշանակում է, որ սխալ ուղիով են գնացել: Մենք միասնական աշխատել չգիտենք, միշտ առանձին ենք գործում, չկա համագործակցություն սփյուռքահայերի հետ, այնինչ միայն սփյուռքահայերն են, որ կարող են այս հարցով միջնորդել ու օգտակար լինել»,- նշեց Վահե Մահշիկյանը:
Հայ-արաբական միջազգային իրավական խորհրդի գլխավոր քարտուղարն ընդգծեց՝ ստեղծված իրավիճակում ՀՀ արտաքին գործերի նախարարը սփյուռքի կողմից ընդունված անձ պետք է լինի, ով հարցը կկարողանա լուծել բարեկամ տարբեր՝ հատկապես արաբական պետությունների հետ:
«Դրա համար կառաջարկեի, որ դիմեին սփյուռքի կազմակերպված ուժերին, որ հայության միասնությունը վերականգնվի ու անցնեն գործի: Սփյուռքը մեծ ուժ է: Բոլոր պետություններն Ադրբեջանի կողքին են կանգնած, որովհետև հրեաների ծրագրերի հետ են համընկնում նրանց ծրագերը: Գոնե ՀՀ արտաքին գործերի նախարարությունը սփյուռքը թող տնօրինի, որ աշխարհի հետ բարեկամական գործնական կապերն ամրապնդի, շոշափելի քայլեր անի, քանի որ այլ կերպ իրավիճակի փոփոխությունը չեմ պատկերացնում: Ֆրանսիայի հայ համայնքն ունի ճկուն դիվանագետներ: Հայաստանի իշխանություններն ինչո՞ւ չեն համագործակցում սփյուռքի կարող հայ դիվանագետների հետ: Մի շարք դեսպաններ ևս կարող են սփյուռքից լինել: Կարևորը երկրի գերագույն շահն ապահովելն է: Մենք ազգ ենք, հայրենիք ենք, կազմակերպված ժողովուրդ ենք: ԱՄՆ-ում ՀՀ-ի ներկայիս դեսպանը, կարելի է ասել՝ խզել է հարաբերությունները հայ գաղութի հետ, որտեղ մոտ 2 միլիոն հայ կա: Եթե այսպես շարունակվի՝ Հայաստանն ո՞ւր է հասնելու»,- նշեց Վահե Մահշիկյանը:
Հավելենք, որ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) թագաժառանգ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանն առաջիկայում այցելելու է Թուրքիա: Նախատեսված է հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ էրդողանի հետ: Սպասվում է, որ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները կքննարկեն տնտեսական համագործակցության և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերը:
Տնտեսական համագործակցության տեսանկյունից նշվել է, որ ԱՄԷ թագաժառանգը պատրաստվում է 10 մլրդ դոլարի ներդրումներ կատարել Թուրքիայում: Երկկողմ տնտեսական համագործակցության օրակարգում ներառված է լինելու ԱՄԷ-Թուրքիա նոր տրանսպորտային ուղու գործարկման հարցը:
Ըստ այդմ՝ ԱՄԷ-ն ցանկանում է Սուեզի ջրանցքով Շարժայից դեպի թուրքական Մերսին նավահանգիստ ուղին փոխարինել ԱՄԷ-Իրան-Թուրքիա ճանապարհով: Պատճառն այն է, որ Սուեզի ջրանցքով դեպի Թուրքիա երթուղին տևում է 20 օր, իսկ Իրանով՝ 6-8 օր: Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ ԱՄԷ-ի հետ այդ հարցով համաձայնության են եկել: Մեկ այլ կարևոր հարց էլ վերաբերում է երկկողմ հարաբերությունների լարվածության նվազեցմանը: Հիշեցնենք, որ այս երկրների միջև հարաբերությունները լարվել էին Եգիպտոսում ռազմական հեղաշրջման փորձին ԱՄԷ-ի ցուցաբերած աջակցությունից հետո: Լարվածությունն էլ ավելի էր խորացել 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո, քանի որ Թուրքիան ԱՄԷ-ին մեղադրում էր հեղաշրջման փորձի կազմակերպման գործում մասնակցություն ունենալու մեջ: