«Նոյեմբերի 9-ից մինչև ապրիլի վերջ բանակը մեծ տոկոսով զբաղված էր քաղաքականությամբ. բա դա հետևանք չէր ունենալո՞ւ». Նիկոլ Փաշինյան
Այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հետևյալ հարցն ուղղվեց. «Ինչո՞ւ այս մեկ տարվա ընթացքում չեն իրականացվել Վարդենիսից դեպի Գորիս և էլ ավելի հարավ նոր սահմանային հատվածների համապատասխան ինժեներական, ամրաշինական աշխատանքները, ինչո՞ւ այս մեկ տարվա ընթացքում նորմալ չեն ապահովվել այդ սահմանագիծը պահող զորքերի նյութատեխնիկական մատակարարումները: Ինչո՞ւ վերջին մեկ տարվա ընթացքում նախօրոք չէին սարքվել Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհները, ինչպես նաև չէին սարքվել Որոտան-Շուռնուխ և այլ կոմունիկացիաների առումով վտանգված բնակավայրերի հետ կապը ապահովող ճանապարհները»:
Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ եթե առաջնորդվենք այն կանխավարկածով, որ Հայաստանը դիտավորյալ Ղարաբաղը տալիս էր, և այլն, տրամաբանական կլիներ, որ այդ ամենը նախապես արված լիներ, և այդ հանձնելու բոլոր նախապատրաստական գործողությունները արված լինեին:
«Այսօր այդ բոլոր ուղղություններով և ընդհանրապես, Հայաստանում աննախադեպ ծավալների ճանապարհաշինական աշխատանքներ են տեղի ունենում: Հայաստանի ճանապարհաշինական՝ և՛ ռազմական նշանակության, և՛ քաղաքացիական նշանակության ամբողջ պոտենցիալը ներգրավված է դրա մեջ: Ինչո՞ւ Սոթք-Խոզնավար հատվածի ինժեներական աշխատանքները պատշաճ ձևով արված չեն: Ես նախընտրական շրջանում դրան անդրադարձել եմ: Ես չեմ ասի, որ միայն դա է պատճառը, բայց կարևոր պատճառներից մեկը դա է, երբ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ոմանք շարունակաբար փորձում էին, և ի վերջո հաջողվեց բանակին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ: Քաղաքական գործընթացներով զբաղվող բանակը և զինվորականությունը ինչո՞ւ պետք է իր գործով զբաղվեր: Բա մարդիկ, երբ բանակին հրավիրում էին, որ գան ոչ թե սահմանով զբաղվեն, այլ կառավարությունով զբաղվեն, բա այդ ժամանակ սահմանով ո՞վ էր զբաղվելու՝ իրենց կարծիքով: Ինչո՞ւ այսքան ժամանակ չի արվել այդ բանը:
Նոյեմբերի 9-ից հետո, նույնիսկ՝ առաջ, կոչեր էին անում, որ բանակը վերցնի իշխանությունը, էս անի, էն անի: Նոյեմբերի 9-ից մինչև ապրիլի վերջ բանակը մեծ տոկոսով զբաղված էր քաղաքականությամբ, որն ի վերջո պսակվեց ԳՇ խայտառակ հայտարարությամբ: Բա դա հետևանք չէ՞ր ունենալու անվտանգային: Կամ, որ դրանից առաջ զանգում ասում էին՝ այդտեղ պայմանավորված է, այդտեղ գործ չունեք, եկեք Երևան, բա այդ ամենը անվտանգային հետևանք չէ՞ր ունենալու:
Այո, վատ է, որ չի արված, բայց մյուս կողմից՝ երեկ, օրինակ՝ նաև Սյունիքի հարցերով զբաղվող աշխատանքային խումբը նոր տրանսպորտային միջոցներ է ձեռք բերել, որպեսզի Ճակատեն-Կապան տրանսպորտային հաղորդակցությունը ապահովվի՝ լրիվ անվճար: Ճակատենի հատվածում, Բարձրավան, Որոտան, Շուռնուխ, Քաշունի ճանապարհաշինական հսկայական աշխատանքներ են արվում: Այսօր լիարժեք բեռնափոխադրումներ Տաթև-Աղվանի ճանապարհով իրականացվում են, բայց զուգահեռ՝ նաև Տաթև-Լծեն բարձր որակի նոր ճանապարհ է կառուցվում: Նաև Վերին Խոտանան գյուղը շրջանցիկ ճանապարհ է կառուցում: Ամեն ինչ անում ենք, որ հաղթահարենք այս ճգնաժամը, բայց դա չի նշանակում, որ անընդհատ պետք է մարդկանց մեջ փորձ անեն խուճապային տրամադրություններ ստեղծել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: