Ի՞նչ է «Կովերու պարտեզ» կոչվող կալվածքը, և ինչո՞ւ է խնդրահարույց այս կալվածքի վարձակալության հանձնումը. պարզաբանում են Երուսաղեմից

Այս օրերին տարբեր լրատվական հարթակներում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության հանձնելու խնդրի մասին. Վերջինը Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց 17 միաբան հոգևորականների հայտարարությունն էր, որով միաբանները Հայոց պատրիարքից պահանջում են չեղարկել հիշյալ կալվածքը վարձակալության հանձնելու որոշումը՝ այն համարելով հակականոնական:

Ի դեպ, թեմային նոյեմբերի 11-ին անդրադարձ էր կատարվել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Գերագույն հոգևոր խորհրդի նիստում. ԳՀԽ-ն մտահոգություն էր հայտնել, որ այս «հարցի շուրջ մեծապես տարբերակված դիրքորոշումների հետևանքով խաթարվել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց զինվորյալ միաբանության ներքին համերաշխությունն ու միասնականությունը»։

Մայր Աթոռը ահազանգել էր նաև, որ առկա իրավիճակը հարվածում է նվիրապետական հինավուրց Աթոռի վարկին ու հեղինակությանը:

Ի՞նչ է «Կովերու պարտեզ» կոչվող կալվածքը, և ինչո՞ւ է խնդրահարույց այս կալվածքի վարձակալության հանձնումը:

Այսպիսով, խոսքը պատմական Սիոն լեռան վրա՝ Երուսաղեմի հայկական թաղամասի հարավարևմտյան անկյունում գտնվող մի հողակտորի մասին է, որը վերջերս Պատրիարքարանը վարձակալության է տվել Ավստրալիայից ժամանած հրեա գործարարի: Նկատենք՝ hողակտորը գտնվում է անմիջապես Պատրիարքարանի, Ժառանգավորաց Վարժարանի, միաբանական բնակարանների և Մատենադարանի հարևանությամբ:

Երուսաղեմի պատրիարքությանը մոտ կանգնած աղբյուրները 168.am-ին տեղեկացրին, որ պայմանագիրը ստորագրվել է առանց Սրբոց Յակովբեանց Միաբանական ժողովի հաստատման, և, որ այս տարածքի վարձակալությունը խնդրահարույց է նաև պաղեստինաիսրայելական խնդրի համատեքստում, քանի որ պաղեստինցիները նման գործարքները դիտարկում են՝ որպես Իսրայելի ներկայության ընդլայնում (մանավանդ որ, ներկայումս արդեն առկա է մի պայմանագիր, որով տվյալ հողակտորը 10 տարով վարձակալության է տրվել Երուսաղեմի հրեական քաղաքապետարանին):

«Գլխավոր բանսարկուն Պարետ վարդապետ Երեցյանն է, որին իր վարքագծի պատճառով 2005 թվականի հոկտեմբերին ծեծել էին Ժառանգավորացի աշակերտները։ Նրա պատճառով է նաև Պատրիարքի՝ Ամեն. Տ. Նուրհան Արք. Մանուկյանի հարաբերությունները վատացել՝ Մայր Աթոռի, Հորդանանի, Պաղեստինի, Երուսաղեմի հայ համայնքի և, որ ամենակարևորն է՝ Սրբոց Յակոբեանց միաբանության անդամների մեծամասնության հետ»,- պնդեց Երուսաղեմի պատրիարքարանի մեր աղբյուրը՝ վստահեցնելով, որ վարդապետ Երեցյանի ձեռամբ են իրականացվում այս մանվածապատ գործընթացները:

168.amը կհետևի իրադարձությունների ընթացքին և կտեղեկացնի, թե, ի վերջո, ինչպիսի հանգուցալուծում եղավ այս խնդրում:

Տեսանյութեր

Լրահոս