Ժամանակակից սեր. ծանոթացանք մեր բակում, դարձանք ընտանիք մեկ տարի առաջ

168.am-ի՝ «Ժամանակակից սեր» շարքը շարունակում է ներկայացնել սիրո պատմություններ իր ընթերցողին: Մեր հերթական հերոսները մի քանի տարվա պատմություն չէ, որ ունեն միասին. սիրո այս պատմությունը սկիզբ է առել բակային խաղերից, որը, անցնելով պատանեկության ու երիտասարդության փուլերը, ընտանիք է ձևավորել՝ լի մանկության վառ հուշերով և ապագայի լուսավոր տեսլականով:

«Մենք ծանոթացանք և ընկերացանք մեր բակում, մանկության տարիներին, իսկ սիրահարվեցինք ու դարձանք մի ամբողջականություն 6 տարի առաջ։

Մի բակում ենք մեծացել, նույնիսկ ընտանեկան հին ալբոմներում ունենք միասին փոքր ժամանակվա լուսանկարներ։ Երբ արդեն սկսեցինք հաճախել տարբեր դպրոցներ, համալսարաններ և ձևավորել տարբեր ընկերական շրջապատեր, մեր ճանապարհները բաժանվեցին։ Բախտի բերմամբ, թե պատահմամբ, 6 տարի առաջ հանդիպեցինք ու սկսեցինք նորից շփվել՝ լրացնելով միմյանց։

Կարդացեք նաև

Հիշում եմ՝ մի քանի ամիս էր՝ շփվում էինք, երբ ինչ-որ հարցի շուրջ վիճեցինք (մենք ընդհանրապես չենք վիճում, ոչ էլ՝ իրարից նեղանում) ու մի քանի օր չխոսեցինք։ Ու հենց այդ մի քանի օրն էր, որ մեզ հասկացնել տվեց՝ ժամերն ու օրերը առանց մեկս մյուսի դատարկ են։

Մեր սիրո մասին խոսել, բնութագրել ու բացատրել այդ զգացմունքը չեմ կարողանա. սերն ու սիրված լինելը պետք է զգաս ու այն լիովին վերարտադրել բառերով, հավատացեք, անհնար է: Օր օրի զգում ենք՝ ինչքան ենք տարբեր իրավիճակներում մեկս մյուսին լրացնում ու հենց դա է պատճառը, որ մեկ տարի առաջ մեր կյանքի լուրջ որոշումներից մեկը կայացրինք ու դարձանք ընտանիք։

Իր կողքին ես զգում եմ, որ կյանքից կարող ենք միասին վերցնել ամենասիրունը և լինել ամենահաջողակը. մենք երջանիկ ենք միայն այն մտքից, որ ունենք միմյանց և մեկս մյուսի երջանկության պատճառն է»:

Շարքի հեղինակ՝ Անի Գաբուզյան

Տեսանյութեր

Լրահոս