Պարտք են վերցնում՝ պարտքերը փակելու համար. ինչքան գումար պիտի վճարենք հաջորդ տարի պարտքերի դիմաց
Կառավարությունը պատրաստվում է հաջորդ տարի պետական պարտքը ավելացնել ևս 1 մլրդ դոլարով։ Գրեթե այնքան, որքան նախատեսվում է հատկացնել պարտքերը սպասարկելու համար։ Խոսքն ինչպես մայր գումարները վերադարձնելու, այնպես էլ՝ տոկոսները վճարելու մասին է։
Պարտք ենք վերցնելու՝ պարտքերը մարելու համար։
Մեր պարտքն այնքան է մեծացել, որ գրեթե կորել է դրա տնտեսական նշանակությունը. ինչքան գալիս է, այնքան էլ գնում է։ Համարյա մեկին-մեկ։
Կառավարության պարտքերը սպասարկելու համար հաջորդ տարի անհրաժեշտ կլինի ավելի քան 518 մլրդ դրամ։
«2022 թվականին կառավարության պարտքի մարման և սպասարկման համար կպահանջվի 518,2 մլրդ դրամ, որից 303,6 մլրդ դրամը կկազմեն պարտքի գծով մարումները, իսկ 214,6 մլրդ դրամը՝ տոկոսավճարները»,- արձանագրել է կառավարությունը՝ հաջորդ տարվա պետական բյուջեի ուղերձում:
Այլ կերպ, 435-440 միլիոն դոլար գնալու է պարտքի տոկոսավճարների կատարմանը։
Եվս 600 միլիոն, նույնիսկ ավել, ուղղվելու է մարմանը։ Այսինքն՝ մայր գումարների վերադարձմանը։
Սա լուրջ ծանրություն է մեր երկրի համար։ Հատկապես որ, պետական պարտքի սպասարկման բեռը նստած է հիմնականում բյուջեի վրա։
Մեր պարտքերի գրեթե 95 տոկոսը կառավարության պարտավորություններն են։
Կենտրոնական բանկի բաժինն ընդամենը 5 տոկոսն է։ Դրա հետ բյուջեն գործ չունի։ ԿԲ-ն այն սպասարկում է սեփական եկամուտների հաշվին։
Խոսքը շուրջ 500 մլն դոլար պարտքի մասին է։ Մնացածը կառավարության պարտավորություններն են։ Ու քանի որ կառավարությունը չի կարող միանգամից այդքան փող հատկացնել պարտքերի սպասարկման համար, նոր պարտքեր ենք վերցնում՝ բյուջեի ֆինանսական բեռը թեթևացնելու համար։ Որքան էլ թվում է, թե դա խնդրի խելամիտ լուծում է, այնուհանդերձ հետագայում ավելի է ծանրացնում պետական պարտքի սպասարկումը։ Այսպես շարունակելու դեպքում, գնալով ստիպված ենք լինելու ավելի մեծ ծավալի պարտքեր վերցնել՝ եղածները սպասարկելու համար։
Քանի դեռ վերցրած միջոցների օգտագործման արդյունավետությունը ցածր է, այդ գումարները ոչ միշտ են ծառայում հավելյալ արդյունք ստեղծելուն և ներքին միջոցների հաշվին պարտքերի սպասարկմանը, ունենալու ենք այս իրավիճակը։ Պարտքեր ենք վերցնելու՝ պարտքերը մարելու համար։
Բայց դա, իհարկե, չի կարող անվերջ շարունակվել։ Գալու է մի պահ, որ մեզ այլևս պարտք տվող չի լինելու։
Այսօր արդեն պետական պարտքն ահռելի չափերի է հասել։ Սեպտեմբերին այն անցավ 9 մլրդ դոլարի սահմանագիծը։ Մինչև տարեվերջ էլ դեռ կշարունակի ավելանալ։ Ակնկալվում է, որ կհասնի 9,2 միլիարդի։
Ընդամենը 12,5-13 մլրդ դոլար ՀՆԱ ունեցող երկրի համար սա փոքր գումար չէ։
Որքան էլ այս պահին պարտքերը սպասարկելու հետ կապված խնդիրներ արտաքուստ չունենք, այնուհանդերձ դա նաև նոր պարտքեր վերցնելու և եղածները փակելու արդյունք է։
Մեր պարտքի ռիսկայնությունը վերջին 2 տարիներին, Նիկոլ Փաշինյանի կառավարության ջանքերով, էապես ավելացել է։ Ներգրավվել են մեծ ծավալի նոր պարտքեր։
Անցած տարի պարտքը համալրվեց 647 մլն դոլարով։ Աճը կազմեց գրեթե 9 տոկոս։
Այս տարվա 9 ամսում էլ ավելացել է 1 մլրդ 70 մլն դոլարով։ Աճն անցնում է 13 տոկոսից։
Գործ ունենք պարտքի ագրեսիվ աճի հետ։ Այն շատ ավելի բարձր է, քան տնտեսության մեջ ստեղծվող հավելյալ արդյունքը։ Մի բան, ինչը տանում է պարտքի բեռի վատացման։ Ոչ մի նշանակություն չունի, թե Հայաստանի պարտքունակության վերաբերյալ ինչ կասեն միջազգային կազմակերպությունները։
«Մուդիսից» ու «Ֆիթչից» պրծանք, հիմա էլ կառավարությունը սկսել է Standarts & Poors վարկանիշային կազմակերպության տված վարկանիշը գովերգել։
Վարկանիշները գուցե ինչ-որ նշանակություն ունեն արտաքին ֆինանսական խաղացողների մտադրությունների վրա, բայց պարտքեր վերցնել՝ եղած պարտքերը սպասարկելու համար, ամենևին էլ հպարտանալու բան չէ։ Առավել ևս, որ այդ նույն վարկանշային գործակալությունների տված գնահատականները շատ դեպքերում խիստ սուբյեկտիվ են, նաև քաղաքականացված։
Վերջին տարիներին անընդհատ խոսվում է Հայաստանի վարկանիշի բարելավման մասին, ինչի թիվ մեկ արդյունքը պիտի լիներ ներդրումները։ Բայց ունենում ենք ներդրումների նվազում և ներդրողների հեռացում։
Ներդրումները քիչ են, իսկ տնտեսության զարգացման տեմպերն այնպիսին չեն, որ հնարավորություն տան ներքին ռեսուրսների հաշվին բավարարել երկրի ֆինանսական պահանջարկը։ Ստիպված գնում, նոր պարտքեր ենք վերցնում։ Սակայն դրանք էլ չենք կարողանում նորմալ օգտագործել։
Ինչի՞ նման է, երբ կառավարությունը եվրոբոնդեր է թողարկել, պարտքեր է վերցրել, այն էլ՝ թանկ պարտքեր, բերել գումարները դրել է ինչ-որ հաշվի վրա, ինչ է թե տոկոսային եկամուտներ է ստանում։ Այն դեպքում, երբ այդ գումարները կարող էր ներարկել տնտեսության մեջ, տնտեսական ծրագրեր իրականացնել ու շատ ավելի մեծ արդյունք ստանալ, քան այն չնչին տոկոսներն են, որոնք ստացվում են դրսից բերած պարտքերը՝ մեր Կենտրոնական բանկում ավանդ դնելու արդյունքում։
Պարտքն ավելացրել են, բայց փողը չեն կարողանում աշխատացնել կամ շատ վատ են աշխատացնում. ամենացածր արդյունավետությամբ, որը կարող էր լինել։
Պատճառն էլ այն է, որ մի կողմից՝ չկան ծրագրեր, մյուս կողմից՝ եղած ծրագրերն են դանդաղ տեղից շարժվում։
Գյուղամիջյան ճանապարհներն ասֆալտապատելուց այն կողմ այդպես էլ չանցան։
Լավ է, որ գոնե դա էլ կարողանում են անել։ Բայց պետք է հասկանալ, որ ամեն գյուղում տարեկան մի քանի հարյուր մետր ճանապարհ կառուցելով կամ ինչ-որ ենթակառուցվածք վերանորոգելով և մարդկանց աչքին գործ անելու տպավորություն թողնելով, անհնարին է մեծ արդյունք ակնկալել։ Այդպիսի ծրագրերի տնտեսական նշանակությունը՝ հավելյալ արդյունքի ստեղծման առումով, շատ փոքր է։
Պարտքով վերցրած գումարներն ինչ-որ հաշիվների վրա սառեցնելու փոխարեն, պետք է մտածել դրանք տնտեսության զարգացումներին ծառայեցնելու մասին։ Հատկապես որ, ֆինանսական միջոցների կարիք մեր երկրում միշտ էլ կա։ Պարզապես պետք է կարողանալ գտնել դրանց ծախսման ճիշտ ուղիները՝ հնարավորինս մեծ արդյունք ստանալու համար։ Այլապես տարեցտարի ավելացող պարտքերը սպասարկելու համար ստիպված ենք լինելու հետագայում ավելի մեծ պարտքեր ներգրավել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ