Ո՞վ է խոչընդոտում լրագրողների աշխատանքը

Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ այս գիշեր՝ ժամը 2-ի սահմաններում, միջադեպ է գրանցվել Կոտայքի մարզի Կոտայք գյուղում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ անհայտ անձը նռնակ է նետել բնակիչներից մեկի տան ուղղությամբ: Տուժածներ չկան:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ տան բնակիչներից մեկը Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից է:

Տեղեկացրել էինք նաև, որ 168.am-ի նկարահանող խումբը դեպքի վայրում է, սակայն այս պահին չի կարողանում աշխատել, քանի որ նրանց թույլ չեն տալիս նկարահանում կատարել:

Տեղում մեր նկարահանող խմբին ասել էին, որ ոստիկանության լրատվական ծառայությունից թույլտվության դեպքում միայն կարող են մեր նկարահանող խմբին թույլ տալ աշխատել տեղում:

Ընդ որում, արգելվել է նկարահանում կատարել ոչ միայն տան բակում, այլև տան տարածքից դուրս, մինչդեռ մենք բազմիցս, ավելի ծանր հանցագործությունների ու աղմկահարույց դեպքերի պարագայում ենք տեսել տասնյակ լրատվամիջոցների աշխատանքն ուղիղ եթերում:

Մեր հարցին ի պատասխան՝ ինչո՞ւ է խոչընդոտվում լրագրողների աշխատանքը, ոստիկանությունից պատասխանեցին, որ քանի որ գործն արդեն Քննչական կոմիտեի (ՔԿ) վարույթում է, նրանք են հարցի հասցեատերը:

ՔԿ մամլո խոսնակ Վարդան Թադևոսյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին Կոտայքի մարզի քննչական վարչության աշխատակիցները դեպքի վայրում չեն:

«Մեկ ժամ առաջ նրանք ավարտել են քննչական գործողություններն ու հեռացել, հետևաբար՝ չեն կարող խոչընդոտել լրագրողների աշխատանքին»,- ասաց նա:

Ենթադրաբար մեր նկարահանող խմբի աշխատանքը խոչընդոտվում է Նիկոլ Փաշինյանի անվտանգության ծառայության կողմից՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ նռնակի պայթյունը որոտացել է այն տան բակում, ուր ապրում է նրա անվտանգության աշխատակիցներից մեկը:

Տեսանյութեր

Լրահոս