«Նշված բոլոր համայնքները հիմա էլ կապ ունեն, տրանսպորտ կա, շարժ կա․․․»․ Գնել Սանոսյանը՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին
«Մենք Սյունիքում բազմաթիվ ճանապարհներ ենք կառուցում հիմա և շարունակելու ենք կառուցել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ապա հավելեց, որ աշխատանքներն իրականացվում են՝ սկսած կարևոր ռազմավարական ճանապարհներից, Հյուսիս-Հարավի Սիսիան-Քաջարան և այլ հատվածներից մինչև դաշտամիջյան ճանապարհներ:
«Մենք միայն հաջորդ տարի մոտ 500 կիլոմետր դաշտամիջյան ճանապարհ ենք պլանավորում կամ նախագծել, կամ դրա մի մասը կառուցել։ Կան միջհամայնքային ճանապարհներ, հանրապետական նշանակության ճանապարհներ, այսինքն՝ բազմաթիվ ծրագրեր կան, որոնց մի մասը նախատեսված չէր, մի մասը նախատեսված էր, մի մասը հընթացս խնդիրներ են առաջանում․ այնպես որ՝ պրոցես է, անում ենք»,- ասաց նախարարը։
Անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին՝ Գնել Սանոսյանն ասաց՝ Որոտան, Բարձրավան, Շուռնուխ, բոլոր այդ համայնքների ուղղությամբ հենց այս պահին շինարարներն աշխատում են, ճանապարհները հնարավորինս բարեկարգում են։
Հարցին՝ ի՞նչն էր խանգարում այս գործընթացն ավելի վաղ սկսել, Սանոսյանը պատասխանեց․
«Բավական վաղուց սկսել ենք, անում ենք․․․ Նշված բոլոր համայնքները հիմա էլ կապ ունեն, տրանսպորտ կա, շարժ կա․․․»։
Հիշեցնենք, որ արդեն 2 օր է՝ Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհին սահմանային և մաքսային հսկողության կետեր է տեղադրել․․․