Շահումով խաղերի, բուքմեյքերական ընկերությունների գովազդը սահմանափակող նախագծի քննարկումը հետաձգվեց
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր ի թիվս այլ հարցերի՝ պետք է քննարկման դրվեր «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի լրամշակված տարբերակը՝ խորհրդարանի ընդլայնված նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկելուց առաջ, սակայն հարցի քննարկումը հետաձգվեց մինչև երկու ամիս ժամկետով:
Հանձնաժողովի նիստը նախագահող, ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը տեղեկացրեց, որ թե՛ մինչև առաջին ընթերցումը, թե՛ երկրորդ ընթերցումը գնահատման ոլորտում գործող ընկերությունների հետ մի քանի անգամ հարցը քննարկել են:
«Հիմնական հարցերի շուրջ համաձայնություն ունենք, բայց քանի որ հրատապության խնդիրն այդպես լուրջ չի դրված, իրենց հետ համաձայնել ենք, որ հարցը մի քիչ էլ հետաձգենք՝ մինչև կոնսենսուսի չեկած հարցերի վերաբերյալ փորձենք ընդհանուր հայտարարի գալ»,- հավելեց Բաբկեն Թունյանը:
Երկու ամսով հետաձգվեց նաև «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը վերաբերում է շահումով խաղերի և բուքմեյքերական ընկերությունների գովազդի սահմանափակմանը:
Բ. Թունյանը պարզաբանեց, որ երեկ ՔՊ պատգամավորների նախաձեռնությամբ թեմայով քննարկում է տեղի ունեցել, լսել են մեդիաոլորտի և գովազդային շուկայում գործող ընկերությունների ներկայացուցիչների կարծիքները, նաև՝ ՏՄՊՊՀ դիտողությունները և որոշել՝ մինչև հանձնաժողովի նիստում եզրակացություն տալը, որոշ բարելավումներ անել նախագծում:
Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանն էլ հայտնեց. «Քննարկման արդյունքներով որոշակի հանգամանքներ ամբողջացնելու տեսանկյունից՝ հատկապես կիրառման պահը երբ կլինի և որպեսզի հնարավոր լինի ավելի մեղմ անցում ունենալ, լրացուցիչ քննարկումների անհրաժեշտության է հանգեցրել, և համակարծիք ենք մոտեցմանը, որ որոշակի ժամանակ շարունակենք այդ քննարկումները, որպեսզի այդ սահմանափակումները հնարավորինս առանց դժվարությունների հնարավոր լինի հաղթահարել»:
Հիշեցնենք՝ ԱԺ-ում մեդիաոլորտի, բուքմեյքերական ընկերությունների, ռադիոհեռուստաընկերությունների, գովազդի ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ երեկ ևս քննարկվում էր «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների հարցը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչ Հայկ Կարապետյանը ներկայացնելով օրենքի փոփոխության վերաբերյալ ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունները՝ տեղեկացրել էր, որ հանձնաժողովը նախ դիտարկել է, թե ինչ ազդեցություն կունենա այդ փոփոխությունը շուկաներում։
«Կա երկու շուկա, առաջինն ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման ոլորտն է, երկրորդը՝ դրան հարակից գովազդային ծառայությունների մատուցման ոլորտը։ Ընդհանուր առմամբ հանձնաժողովն արձանագրել է, որ ցանկացած գովազդի արգելում մրցակցության սահմանափակման երևույթ է պարունակում, քանի որ շուկայում գոյություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները տարիներ շարունակ հնարավորություններ են ունեցել գովազդելու իրենց, ճանաչում ձեռք բերել։ Իսկ այն տնտեսվարողները, որոնք նոր պետք է մուտք գործեն շուկա, նրանք հետագայում այդ նույն հնարավորությունը չեն ունենա և կհայտնվեն մրցակցային անհավասար պայմաններում։ Հետևաբար, հանձնաժողովն արձանագրել է, որ օրենքի փոփոխությունը շուկայի վրա կունենա ազդեցություն՝ բացասական առումով,- նշել էր նա՝ ներկայացնելով նաև գովազդի շուկայի իր ուսումնասիրության արդյունքները, որոնք թեև երկու տարի առաջվա տվյալներ են, սակայն, ըստ որոնց՝ պարզ է դառնում, որ գովազդի շուկան ևս կտուժի:
Մեդիաոլորտի ներկայացուցիչներն էլ իրենց հերթին վստահեցրել էին «Գովազդի մասին» օրենքով ոչ միայն կարգավորում չի լինելու, այլ պատկերը լինելու է քաոտիկ, իսկ ազդեցությունը՝ վնասակար:
Հիշեցնենք նաև՝ նախագիծը շրջանառության մեջ էր դրվել դեռ նախորդ գումարման խորհրդարանում. Նախատեսվում է ինտերնետ շահումով խաղերի եւ տոտալիզատորի գովազդների պարագայում կիրառել նույն սահմանափակումները, որոնք օգտագործվում են շահումով խաղերի ու խաղատների գովազդների դեպքում: ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանի խոսքով՝ նախագծի ընդունումը կունենա դրական սոցիալական ազդեցություն եւ հասարակությանը զերծ կպահի մոլեխաղերով հրապուրվելու վտանգից: