«Ցանկացած գովազդի արգելում մրցակցության սահմանափակման երևույթ է պարունակում». ՏՄՊՊՀ ներկայացուցիչ

ԱԺ-ում մեդիաոլորտի, բուքմեյքերական ընկերությունների, ռադիոհեռուստաընկերությունների ներկայացուցիչների, արտաքին գովազդ ներկայացնողների մասնակցությամբ քննարկվում է «Գովազդի մասին» օրենքը։

Օրենքի քննարկման ժամանակ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչ Հայկ Կարապետյանը ներկայացնելով օրենքի փոփոխության վերաբերյալ ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունները՝ տեղեկացրեց, որ հանձնաժողովը նախ դիտարկել է, թե ինչ ազդեցություն կունենա այդ փոփոխությունը շուկաներում։

«Կա երկու շուկա, առաջինն ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման ոլորտն է, երկրորդը՝ դրան հարակից գովազդային ծառայությունների մատուցման ոլորտը։  Ընդհանուր առմամբ հանձնաժողովն արձանագրել է, որ ցանկացած գովազդի արգելում մրցակցության սահմանափակման երևույթ է պարունակում, քանի որ շուկայում գոյություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները տարիներ շարունակ հնարավորություններ են ունեցել գովազդելու իրենց, ճանաչում ձեռք բերել։ Իսկ այն տնտեսվարողները, որոնք նոր պետք է մուտք գործեն շուկա, նրանք հետագայում այդ նույն հնարավորությունը չեն ունենա և կհայտնվեն մրցակցային անհավասար պայմաններում։ Հետևաբար, հանձնաժողովն արձանագրել է, որ օրենքի փոփոխությունը շուկայի վրա կունենա ազդեցություն՝ բացասական առումով»,- նշեց Հայկ Կարապետյանը։

Հայկ Կարապետյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը ներկայացրել է գովազդի շուկայի իր ուսումնասիրության արդյունքները, որոնք երկու տարի առաջվա տվյալներ են, ըստ որի՝ պարզ է դառնում, որ գովազդի շուկան ևս կտուժի։

«Շուկայի զգալի եկամուտն ապահովում էին  չորս ընկերություններ, որոնք գործունեություն են ծավալում շահումով խաղերի ոլորտում, և տվյալ ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունները արգելելու դեպքում, ինչպես հեռուստատեսության, ռադիոյի և արտաքին գովազդի առումով շուկան կտուժի։ Հանձնաժողովը ներկայացրել է նաև ընդհանուր թիվը՝ մոտ 1 մլրդ 680 մլն դրամի չափով՝ սա 2019 թվականի տվյալներով է»,- հավելեց ՏՄՊՊՀ ներկայացուցիչը։

Միաժամանակ նա նշեց, քանի որ «Գովազդի մասին» օրենքը տարածվում է  միայն Հայաստանի վրա, ուստի անհասկանալի է, թե այդ օրենքով առաջարկվող կարգավորումն արդյո՞ք իր ազդեցությունն ունենալու է Հայաստանից դուրս հեռարձակվող գովազդների վրա։

«Եթե նախագիծն ընդունվի, մենք կուզենք նաև այդ մեխանիզմները տեսնել, թե ինչպես է սահմանափակվելու դրսի ընկերությունների՝ ՀՀ տարածքից դուրս գտնվող կայքերից հեռարձակվող գովազդը։ Այս առումով կունենանք մրցակցային ոչ հավասար պայմաններ»,- եզրափակեց ՏՄՊՊ հանձնաժողովի ներկայացուցիչը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս