Նախագահ Սարգսյանին փոխկապակցված ընկերությունը 7,5 մլն եվրոյով գույք է գնել Փարիզի Ելիսեյան դաշտերի մոտ․ նա չի հայտարարագրել տնօրենի պաշտոնը. Hetq.am
Hetq.am-ը ծավալուն հետաքննություն է հրապարակել այն մասին, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 9 տարի, այդ թվում՝ նախագահ եղած ժամանակ, տնօրենի պաշտոն է զբաղեցրել ֆրանսիական «VH Estate» ընկերությունում, որը 2010 թ. 7.510.000 եվրոյով 2 միավոր անշարժ գույք է ձեռք բերել Փարիզի հարուստ թաղամասերից մեկում՝ 8-րդ շրջանում, Ելիսեյան դաշտերի հարևանությամբ:
2010 թ. Արմեն Սարգսյանի քույրը՝ բժիշկ Կարինե Սարգսյանը, և վերջինիս դուստրը՝ Տաթեւիկ Սարգսյանը, Փարիզում «VH Estate» անունով ընկերություն են հիմնել: Սա իր տեսակով քաղաքացիական ընկերություն է՝ «société civile», ինչը նշանակում է, որ այն կոմերցիոն գործունեություն չի ծավալում: Ֆրանսիայում անշարժ գույք տիրապետելու եւ կառավարելու համար, որպես կանոն, կիրառվում են «société civile immobilière» տիպի ընկերություններ: Սարգսյանների «VH Estate»-ի գործունեության տեսակ է նշված Ֆրանսիայում եւ արտասահմանում անշարժ գույքի ձեռքբերումն ու կառավարումը, սպասարկումը, վարձակալության տրամադրումը («société civile» տիպի ընկերություններին թույլատրվում է գույքը վարձակալության հանձնել ու եկամուտ ստանալ):
Հիմնադրման ժամանակ 1000 եվրո կանոնադրական կապիտալով ընկերության 99 տոկոսը գրանցվել է Կարինե Սարգսյանի անունով, իսկ 1 տոկոսը՝ Տաթեւիկի: Ընկերության մասնակից չհանդիսացող տնօրենը (gérant non associé) 2010-2019 թթ., ըստ փաստաթղթերի, եղել է Արմեն Սարգսյանը, որը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել է 2018-ի ապրիլին: Ա. Սարգսյանը երկու որդի ունի՝ Վարդանն ու Հայկը, որոնց անվան սկզբնատառերը, ինչպես տեսնում ենք, համընկնում են ընկերության անվանը:
«VH Estate»-ը 2 միավոր անշարժ գույք է ձեռք բերել Փարիզում 2010 թ. ամռանը: Ընկերությունը ոմն Լուկասից ընդհանուր 7.510.000 եվրոյով գույքը գնել է Ֆրանսիայի մայրաքաղաքի 8-րդ շրջանում, որն աշխարհին առավել հայտնի է Ելիսեյան դաշտերով (Շանզ Էլիզե պողոտա): Սարգսյանների գույքը Փարիզի Հաղթական կամարից 500 մ հեռավորության վրա է՝ Օշ պողոտա 2 հասցեում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։