Արթիկցի երբեմնի հանրապետականները դարձել են թունդ նիկոլական, ՔՊ-ական
Վերջին Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները ձախողելուց հետ իշխանությունները պատրաստվում են ընտրությունների հաջորդ փուլին։
Այս անգամ ընտրությունները չձախողելու համար Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմակիցները վերադառնում են հնին, այսինքն՝ նախկիններին, որոնց ընտրություններում ներգրավում են՝ կամ որպես թեկնածու, կամ որպես թեկնածուի շտաբի կառավարիչ, նույնն է թե՝ ձայներ ապահովող։
Այս առումով Արթիկը ոչ միայն բացառություն չէ, այլ նաև տարբերվում է նրանով, որ այս դեպքում ոչ միայն թեկնածուն՝ Անան Ոսկանյանն է նախկին, այլ նաև Ոսկանյանին սատարող ամբողջ թիմը։ Ոսկանյանը Արթիկին հայտնի է միայն նրանով, որ եղել է գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկը, սակայն գեներալի մերձավոր շրջապատում խոսում են, որ մինչև «աքաղաղի կանչը» 3 անգամ ուրացել է գեներալին։
Մեզ հասած տեղեկություններով՝ Ոսկանյանը նույնիսկ ներգրավված է եղել գեներալ Մանվել Գրիգորյանի հայտնի մեքենաների քրեական գործում։
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո՝ 2018թ․ հունիսի 21-ին, Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկեց Անան Ոսկանյանի Պեմզաշենի տունը՝ նրա անունը կապելով այն յուրացումների հետ, որոնց հիման վրա կալանավորեցին գեներալ Մանվել Գրիգորյանին: ԱԱԾ-ն երկրապահի Անան Ոսկանյանի գույքն էր զննում՝ գազալցակայանը, թանկարժեք մեքենան, Երևանի բնակարանը և այլ շարժական ու անշարժ գույքեր։ Փաշինյանամերձ լրատվամիջոցներից մեկը նույնիսկ գրել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում խուզարկել է Մանվել Գրիգորյանի սանիկի՝ Անան Ոսկանյանի տունը: «Ըստ տեղեկությունների՝ Անան Ոսկանյանի անունը կապվում է այն յուրացումների հետ, որոնց հիման վրա կալանավորեցին Մանվել Գրիգորյանին»,- գրել էր իշխանամերձ լրատվամիջոցը:
Այդ օրերին ԶԼՄ-ներից մեկ էլ Անան Ոսկանյանի մասին գրել էր. «Հետաքրքիր է՝ այս մարդն ինչպե՞ս է մտնելու ՔՊ ճամբարը՝ դառնալով մի քաղաքական ուժի թեկնածու, որը Մանվել Գրիգորյանին՝ իր քավորին, գեներալից վերածեց շարքային՝ տուշոնկա գողացողի։ Մանվել Գրիգորյանին զրկեցին նաև «Արթիկի պատվավոր քաղաքացի» կոչումից»։
Ի դեպ, Արթիկի քաղաքապետի թեկնածուի հարցում ՔՊ-ականների ջուրը մի առվով չի հոսում։ Արթիկի ՔՊ-ականները, որպես քաղաքապետի թեկնածու, ցանկացել են տեսնել նախկին քաղաքապետ Արսեն Աբրահամյանին, որն այս պահին մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն է ու նախկին կարկառուն ՀՀԿ-ական։
Ոսկանյանին սատարող նախկիններից այս անգամ կառանձնացնենք մեկին՝ Մուշեղ Պետոյանին, ով իր կարճ քաղաքական կենսագրության ընթացքում հասցրել է մի քանի անգամ դժվարության մեջ գտնվող թիմը լքել և միանալ օրվա իշխանությանը, սկզբից հանդիսանալով ԱԺ պատգամավոր՝ դժվարին պահին լքեց «Բարգավաճ Հայաստանը» և միացավ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ), հետո՝ 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո, լքեց ՀՀԿ-ն, իսկ այսօր արդեն Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ընտրական ցուցակին Արթիկ քաղաքում ձայներ ապահովելու պատասխանատվություն է ստանձնել ՔՊ-ի վերնախավի մոտ, իսկ թե ինչի՞ դիմաց՝ կերևա ընտրություններից հետո։
Հավելենք, որ վերոնշյալ անձնավորությունը ամիսներ առաջ տեղի ունեցած՝ հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի շտաբի պետերից մեկն էր, իր սովորության համաձայն՝ հանգրավանել էր ուժեղ թիմում, սակայն ինչ-որ մի բան սխալ էր հաշվարկել։
Արթիկում, սակայն, իշխանությունը այսքանով չի բավարարվել և իր հիմնական թեկնածուի կողքին իրեն սպասարկող կուսակցություններով առաջադրել է ևս մի քանի նախկին ՀՀԿ-ական թեկնածուներ, որոնք անհրաժեշտության դեպքում ավագանու առաջին նիստի ժամանակ կքվեարկեն Անան Ոսկանյանի համար։
Հիշեցնենք, որ Արթիկում առաջադրվել են թվով 7 քաղաքական ուժեր։
Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն՝ ի դեմս Անան Ոսկանյանի, Սամվել Բաբայանի «Ազատական կուսակցությունը»՝ ի դեմս փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանի, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը՝ ի դեմս Հակոբ Մաթիլյանի, Արման Բաբաջանյանի կուսակցությունը՝ ի դեմս ՀՀԿ-ական նախկին քաղաքապետ, իսկ ներկայումս մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանի, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ ի դեմս Արթուր Աստոյանի, Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը՝ ի դեմս ՔՊ-ական նախկին փոխմարզպետ Դավիթ Սեխլեյանի, և վերջապես «Արդարություն» և «Քաղաքացու որոշում» կուսակցությունների դաշինքը՝ ի դեմս գործող քաղաքապետ՝ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդի նախկին անդամ, վերջին համապետական ընտրություններում Փաշինյանի ՔՊ-ի ձայներն ապահոված Մխիթար Վարագյանի։