
Թուրքիայի նախկին վարչապետը Բաքվում հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների միջև կապերի ընդլայնմանը՝ «անկախ նրանից, թե ինչ դիրքորոշում ունի Իրանը»

Թուրքիայի նախկին վարչապետ, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախկին նախագահ, պատգամավոր Բինալի Յըլդըրըմը Բաքվի VIII-րդ գլոբալ համաժողովի՝ «Աշխարհը COVID-19-ից հետո» շրջանակում հայտարարել է, որ աշխատանքներ են տարվում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման ուղղությամբ, գրում է Trend-ը:
Յըլդըրըմի խոսքով, միջանցքի բացումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների միջև կապերի ընդլայնմանը՝ անկախ նրանից, թե Իրանը ինչ դիրքորոշում ունի, հավելում է apa.az-ը:
«Իրանը պատմական պետություն է, մենք Իրանի հետ ունենք խաղաղ հարաբերություններ, և այդպես կշարունակվի, և մենք կարծում ենք, որ այդ հարթակը կընդլայնվի Կովկասի երկրների հետ միասին, այդ թվում՝ մերձկասպյան տարածաշրջանի պետությունների հետ»,-ասել է Յըլդըրըմը։