«Դիմել եմ ՔՊ-ին՝ անդամակցելու համար, կիսում եմ շատ թիմակիցների մոտեցումները, կարծիքները, արժեքները». Կարեն Անդրեասյան

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը դիմել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար։

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ դիմումը ներկայացրել է, սակայն դեռևս չեն պատասխանել։

«Ուզում եմ անդամակցել ՔՊ-ին, քանի որ կիսում եմ այնտեղ շատ թիմակիցների մոտեցումները, կարծիքները, արժեքները։ Կարծում եմ, եթե միացել եմ քաղաքական գործընթացին և աշխատանք եմ իրականացնում, ապա շատ ավելի արդյունավետ է, որ երբ դու ոչ թե կողքից ես, այլ թիմի մեջ ես և թիմի աջակցությունն ես ստանում ամբողջական և թիմի հետ ես պայքարում բոլոր ռեֆորմների ու քո արժեքների համար»,- նշեց նա։

Ըստ նախարարի, այլ հարց է, որ կուսակցականությունը բարդ գործընթաց է, և այնտեղ միշտ չէ, որ լինում են կոնսենսուսներ, համաձայնություններ։

«Ինքս փորձ չունեմ այդ դաշտում։ Ես իմ կյանքում երեք ամսով եմ եղել կուսակցական, շատ դառը փորձ էր, եկեք չհիշեմ, ես ՀՀԿ անդամ երբեք չեմ եղել։ Եղել եմ «Համախմբում» կուսակցությունում, որը շատ կարճ տևեց։ Սա իմ ընտրությունն է եղել, նաև անձնական մոտեցում է, եթե անել, ապա ամբողջը և ամեն ինչ և ամբողջությամբ ներքաշվել գործընթացի մեջ, կրել պատասխանատվություն»,- շեշտեց Կարեն Անդրեասյանը։

Տեսանյութեր

Լրահոս